ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 10:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 10 » Նոր խթան հակամարտության կարգավորման հարցում /Փարիզի հանդիպման հետ հույսեր են կապում/
15:21
Նոր խթան հակամարտության կարգավորման հարցում /Փարիզի հանդիպման հետ հույսեր են կապում/

Արդեն ավելի քան քսան տարի է անցել արցախյան հրադադարի ստորագրման պահից, սակայն Ադրբեջանն այդպես էլ չի հաշտվում իր պարտության հետ։ Շարունակվում են Հայաստանին եւ ԼՂ—ին ուղղված իշխանական օղակների սպառնալիքները եւ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի գործելակերպին արձագանքում է հիմնականում չեզոք կոչերով, խաղաղ երկխոսության հրավիրելով երկու կողմին էլ։
Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններ Անրի Ռենոն եւ Ռայներ Մորելն այն կարծիքին են, որ հակամարտության կարգավորման համար ՄԽ—ի գործունեությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ կողմերի կամքը։ Ընդ որում, Մորելը համոզված է, որ միայն «վերեւի» կամքը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ «ներքեւի» կամքը։ Դեսպանները խորհուրդ են տալիս հակամարտության կարգավորման համար որպես նախադեպ դիտարկել եւ ուսումնասիրել ֆրանս—գերմանական հաշտեցման օրինակը։
«Համաշխարհային պատերազմից Եվրոպայի քաղած ամենամեծ դասն այն է, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։ Փոխզիջումների գնալն է երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման սկիզբը, եւ սա հատկապես վառ արտահայտվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հաստատված հաշտության օրինակով։ Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի պատմական իրավիճակում են գտնվել Գերմանիայի եւ Ֆրանսիայի ժողովուրդները, եւ քաղաքական գործիչներն էին, որ իրավիճակը փոխելու կամք դրսեւորեցին։ Հաշտության հաստատման եվրոպական այս փորձը կարող է կիրառելի լինել նաեւ Հարավային Կովկասի համար»,–ասաց Գերմանիայի դեսպանը։ Նա նկատեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տիրող իրավիճակն իսկապես բարդ է. «Կողմերից հնչող հռետորաբանության մեջ կան որոշակի արտահայտություններ, որոնց կարիքը չկա»։
Մորելը սակայն ընդգծեց, որ 21—րդ դարը տարբերվում է 20—րդ դարից նրանով, որ միջազգային հանրությունն արդեն ստեղծել է հակամարտությունների լուծման համապատասխան գործիքներ եւ քաղաքականությունն էլ ավելի պատասխանատու է։
Անրի Ռենոն նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ—ն եւ Եվրամիությունը միշտ օգտագործել են բոլոր առիթներն ու դատապարտել են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաեւ զինադադարի խախտումները. «Թեեւ խնդրի լուծման համար երկար ժամանակ կպահանջվի, սակայն Մինսկի խումբն ամեն ինչ անում է, որ մի օր այդ խնդիրը պարզապես վերանա»։
Հակամարտության հարցում առաջընթաց գրանցելու համար ԵԱՀԿ ՄԽ—ի համանախագահող երկրները հերթով հակամարտող կողմերի միջեւ հանդիպումներ են կազմակերպում։ Հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսվում է եւս մեկ այդպիսի հանդիպում այս անգամ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ։
Այս հանդիպման մասին ֆրանսիացի դիվանագետն ասաց, որ այն ԼՂ հակամարտության հարցում խաղաղության հասնելու ճանապարհին Ֆրանսիայի առաքելությունն է որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր. «Տարածաշրջան այցելության ժամանակ Երեւանում եւ Բաքվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրեց նախագահներին Փարիզ, որը պետք է նոր խթան լինի հակամարտության կարգավորման համար կամ գոնե պատկերացնելու համար այն գործիքները, որ կարող են վստահություն առաջացնել երկու երկրների միջեւ՝ նպատակ ունենալով երաշխավորել զինադադարի պահպանումն ու բացառել զոհերը։ Պետք է երկարաժամկետ լուծում տալ հարցին եւ հիմնվել այն սկզբունքների վրա, որոնք առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Հակամարտությունը պետք է լուծել երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, եւ հենց այդ սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը Փարիզում կայանալիք հանդիպման գլխավոր առարկան է։ Այս նպատակներն են, որ Ֆրանսիան իր առջեւ է դնում այս հանդիպումը կազմակերպելիս»։ 
«Անցյալ տարվա նոյեմբերի հանդիպումը ցույց տվեց, որ եթե ուզում ես առաջընթաց ունենալ, ապա պետք է պարբերաբար հանդիպել,–ասաց Գերմանիայի դեսպանը՝ ողջունելով Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությունը.–Խիստ կարեւոր է այն, որ Փարիզն է նախաձեռնել հաջորդ հանդիպումը։ Մեծ հույսեր ենք կապում Փարիզում կայանալիք հանդիպման հետ, քանի որ առանց որոշում կայացնողների հանդիպումների առաջընթաց չի կարող լինել»։ 


Հայոց ցեղասպանության տարելիցը Գերմանիայի համար իրադարձություն է
 

Առաջին համաշխարհային պատերազմի տարեդարձին հաջորդում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը։ Թեպետ արդեն համարյա մեկ դար է անցել, սակայն Թուրքիան չի փոխվել եւ հարմար առիթի դեպքում կարող է նոր ցեղասպանություն իրագործել։ Իսկ դրա պատճառը ոչ միայն դաժանությունն է, այլեւ չդատապարտված լինելու փաստը։ Աշխարհի առաջատար պետություններ, ելնելով իրենց շահերից, չեն էլ փորձում Թուրքիային ստիպել դադարեցնել ժխտողականության քաղաքականությունը՝ ցեղասպանության փաստն անընդհատ որպես խաղաթուղթ օգտագործելով։ 
Գերմանիան ժամանակին Հոլոքոստ իրագործելով հրեա ժողովրդի նկատմամբ՝ իր մեջ ուժ գտել է ընդունելու դա եւ ներողություն խնդրելու Իսրայելից։ Սակայն ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանը, այս հարցում «անզոր» է. «Ես այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուր պետություն իր սեփական ուղին պետք է գտնի իր անցյալի առումով։ Այսօր Թուրքիան այդ պատրաստակամությունը չի ցուցաբերել Հայաստանի հանդեպ, գուցե նրանց երկար ժամանակ է անհրաժեշտ մտածելու, իրենց անցյալն ըմբռնելու համար։ Մենք Իսրայելի հետ իրավիճակից դուրս գալու համատեղ ուղի ենք գտել։ Այն կարծիքին եմ, որ իրավունք չունենք Թուրքիային պարտադրելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը, ապա դեսպանն ասաց. «Ցեղասպանության փաստը ճանաչում ենք։ Մենք գիտակցում ենք, թե այն ժամանակ ինչ է տեղի ունեցել։ Դա մեծ ողբերգություն է հայ ժողովրդի համար, այդ մասին փաստավավերագրական գրականություն, փաստեր կան, բացահայտումներ կան, որոնց հեղինակները նաեւ գերմանացիներ են։ Մենք միշտ գիտակցում ենք, որ Առաջին աշխարհամարտի շրջանակներում ողբերգություն է տեղի է ունեցել։ Այս մասին կա Բունդեսթագի բանաձեւ, որում հստակորեն նկարագրվում է եւ եւս մեկ անգամ փաստվում, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ փաստաթղթում ցեղասպանության փաստը հիշատակվում եւ բացասական ձեւով անդրադարձ է կատարվում։ Մենք հիշում ենք այդ փաստի մասին եւ հարյուրերորդ տարելիցն էլ մեզ համար կարեւոր իրադարձություն է»։ 


Չարժե պատերազմել
 

Հոկտեմբերի 9—ին ԵՊՀ ում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Խաղաղության կորստից մինչեւ Եվրոպական միության հիմնում» խորագիրը կրող հիշատակման միջոցառում։
«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ շատ կարեւոր միջոցառման, որը նվիրված է առաջին աշխարհամարտի հարյուրամյակին»,–բացման խոսքում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
«Դժվար է թերագնահատել առաջին աշխարհամարտի դերը ոչ միայն Եվրոպայի, այլեւ ամբողջ մարդկային քաղաքակրթության համար։ Այն առաջ քաշեց այնպիսի խնդիրներ, որ մինչեւ հիմա դեռ զգում ենք։ Ցավոք, կորուստների դասը լավ չյուրացվեց մարդկության կողմից։ Նրա ավարտից ընդամենը 21 տարի հետո սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Առաջին աշխարհամարտը մեծագույն ողբերգություն դարձավ հայ ժողովրդի համար՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը հայրենազրկումը եւ այնուհետեւ դրա արդյունքում երկրի երեսից վերանալու սպառնալիքը։ Առաջին աշխարհամարտից այդպիսի ահավոր վնասներ կրած ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ստեղծելու իր անկախ պետականությունը»,–ասաց Արամ Սիմոնյանն՝ ընդգծելով, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովուրդն, իր թվաքանակի համեմատ, ամենաշատ զոհերն է տվել։
Սակայն Սիմոնյանը նկատեց, որ ի թիվս ողբերգությունների եւ պատմական սխալների, որոնց սկիզբը դրեց Առաջին աշխարհամարտը, նաեւ իր հետ բերեց դրական փոփոխություններ։ Առաջին աշխարհամարտով մեկնարկեց երեք խոշորագույն կայսրությունների քայքայումը, որի հետեւանքով մի շարք ժողովուրդներ ստացան անկախություն. «Առաջին աշխարհամարտի արդյունքում էր, որ միս ու արյուն դարձավ ժողովուրդների ինքնորոշման գաղափարը։ Առաջին աշխարհամարտն ու հետագա ամբողջ ընթացքը մինչեւ մեր օրերը շատ ուսուցողական կարող են լինել բազմաթիվ պետությունների համար։ Դասը, որ պետք է առնենք, այն է, որ թշնամի երկրները ոչ միայն կարող են խաղաղ ապրել, այլեւ լինել գործընկերներ եւ ստեղծել քաղաքակրթական նոր միջավայր»։
Ռայներ Մորելը նշեց, որ այսօր Եվրոպան խաղաղության գոտի է՝ չհաշված առանձին ճգնաժամերը։ Իսկ նախկինում Եվրոպան այդպիսին չէր. «Առաջին աշխարհամարտը 20—րդ դարի աղետը դարձավ, որին պետք է հաջորդեր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք պետք է սրանից դասեր քաղենք եւ խուսափենք ճգնաժամերից, իսկ եթե դա չի ստացվում, ապա գոնե փորձենք մեղմել»։
Առաջին աշխարհամարտը մի դարաշրջանի ծնունդ էր, երբ արմատական բնույթ ստացան նացիոնալիզմը եւ այնպիսի գաղափարախոսությունը, որոնց հատկանիշներն էին ցեղասպանությունն ու ջարդերը։ «Երբեք չարժե պատերազմել, դրանք բացարձակ դրամա են ներգրավված ժողովուրդների եւ պետությունների համար»,– ասաց նա՝ նշելով, որ բախումների հարթման համար փոխզիջումները նոր բարիդրացիական հարաբերություններ ունենալու հիմքն են։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունները, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 428 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024