Մեր երկրում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացը սկսվել է 2009թ., երբ ՀՀ կառավարությունը հաստատեց թվային հեռարձակման հայեցակարգը։ Թվայնացման պայմաններում աշխատելու հիմքերը սահմանվել են 2010թ. ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» անցումային օրենքով։ Այս ակտով իրավահարաբերությունների կարգավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. հուլիսի 1—ը։ Ասել է թե՝ ժամանակը մոտեցել է ավարտին։
ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունում երեկ տեղի ունեցած կլոր սեղան–քննարկման ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են այս տարվա հունվարին։ Աշխատանքներն իրականացնում է նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ն՝ իր հիմնական գործընկեր շվեդական «Էրիքսոն» կազմակերպության հետ։ Աշխատանքներին մասնակցում են նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող իտալական «Թելսատ», սլովենական «Էլթի», իսպանական «Պրոմաքս» եւ այլ ընկերություններ։ Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 մլրդ 922 մլն դրամ, որից ավելի քան 1 մլրդ դրամը հարկերի եւ տուրքերի ձեւով վերադարձվելու է պետբյուջե։
Ծրագրով նախատեսված է իրականացնել գործող 64 հեռարձակման հեռուստակայանների ամբողջական վերազինում եւ 150 նոր աշտարակ–կայանների կառուցում։ Հայաստանը որպես թվային հեռուստահեռարձակման ստանդարտ ընդունել է եվրոպական DVB–T2 ձեւաչափը՝ ազդանշանների սեղմման MPEG–4 ժամանակակից ալգորիթմով։
Թվայնացման գործընթացն ավարտական փուլում է։ Արդեն ամբողջությամբ առաքվել են սարքավորումները եւ համապատասխան խմբաքանակներով ուղարկվում են մարզային կայաններ։ Ավարտվել է հանրապետական գլխամասային կայանի մոնտաժումը։ Կայանը թեսթավորվում է «Էրիքսոնի» մասնագետների կողմից։ Ավարտվել են նաեւ Երեւանի հեռուստակայանի հաղորդիչ անտենայի եւ հաղորդակների մոնտաժման աշխատանքները։ Մեկնարկել է թվային հեռուստահեռարձակման փորձնական թողարկումը։ Աշտարակում արդեն փորձարկվում է։ Փորձարկվում է երեւանյան գլխակայանից մարզային քաղաքներում ազդանշանների հեռահաղորդումը։
Կլոր սեղանի մասնակիցների եւ լրագրողների համար նույնպես երեկ փորձնական ցուցադրվեց նոր համակարգը։ Ակնհայտ է, որ անալոգայինի համեմատ թվային հեռարձակումը, եթե անգամ զուտ տեսողականով գնահատենք, մեծ առավելություն ունի։ Անհամեմատ բարձր է պատկերի որակը։ Այդ որակը հավասարապես վերաբերում է փաթեթում ներգրավված բոլոր հեռուստատեսություններին։ Բացի այդ, թվային տեխնոլոգիան հեռուստադիտողին ընձեռում է հեռուստածրագրերի ինտերակտիվ դիտման հնարավորություն, պետական եւ հանրային մարմիններին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել եւ կառավարել հաճախականությունների սահմանափակ ռեսուրսը։ Թվայնացումը նկատելիորեն կրճատում է հեռուստահաղորդման վրա ծախսվող էլեկտրաէներգիայի քանակը։ Ըստ մասնագետների գնահատականի, թվային հեռուստատեսությունը անալոգայինի համեմատ վեց անգամ ավելի արդյունավետ է։ «Այս ծրագրով Երեւանում եւ մերձակա բնակավայրերում նախատեսվել է թվային տասնութ, իսկ մարզերում՝ ինը հեռուստածրագրերի անվճար հեռարձակում։ Այսպիսով, մայրաքաղաքի բնակիչների համար սոցիալական փաթեթում ընդգրկված են ներկայումս հեռարձակվող բոլոր հեռուստածրագրերը, իսկ մարզային բնակավայրերում անվճար հեռարձակվող ծրագրերի միջին թիվը, ըստ նախատեսվածի, կրկնապատկվելու է»,–ասաց նախարարը՝ նշելով, որ այդ ցուցանիշով մեր երկիրն առաջ է շատ ավելի խոշոր, հարուստ եւ զարգացած երկրներից։ Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ թվային հեռուստահեռարձակումը ենթադրում է զգալի ներդրումներ, այդ թվում նաեւ որոշ ծախսեր բնակչության կողմից։ Խոսքը նոր տիպի ընդունիչ սարքերի ձեռքբերման մասին է։ Նախարարի տեղեկացմամբ. «Սոցիալական ծրագրերով Հայաստանի Հանրապետության անապահով շերտերի ծախսը կհոգա պետությունը»։ Ասաց նաեւ, որ թվայնացումից հետո հանրապետությունում որոշ ժամանակ զուգահեռ պահպանվելու է նաեւ անալոգային հեռուստատեսությունը, որպեսզի մարդիկ ժամանակ ունենան իրենց հեռուստաընդունիչներում անհրաժեշտ փոփոխություններ կատարել։ Հորդորեց նաեւ նոր հեռուստացույց գնելիս պարզել դրանց թվային ազդանշանի ընկալման հնարավորությունը, որպեսզի խնդիրներ չառաջանան։
Նախարարը նշեց, որ հեռուստահաղորդակցության թվայնացումը ոլորտում ժամանակի ամենամեծ փոփոխություններից է։ Պետական մեծ միջոցներ են տրամադրվել այդ գործընթացի կազմակերպման համար։ Համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության որոշման (Հայաստանն այդ միության անդամ է), բոլոր անդամ երկրները 2015թ. պետք է անցնեն թվային հեռահաղորդման։ Այդ է պահանջում նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը։ «Չնայած լարված ռեժիմին՝ մեզ մոտ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի եւ ամբողջովին պետք է ավարտվեն 2015թ. հուլիսի 10—ին։ Այս վերջին փուլում մեր կողմից հատուկ կարեւորվում են օրենսդրական նախաձեռնությամբ օժտված պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններն ու կառուցողական առաջարկները։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստ է իր համապատասխան կառույցներով մասնագիտական օժանդակություն մատուցելու այդ համագործակցությանը։ Օրենսդրական նախաձեռնությունների հեղինակներին կխնդրեինք աշխատանքների ընթացքում հավատարիմ մնալ հեռուստատեսային տեղեկատվության ապահովման երկու հիմնական սկզբունքներին՝ հեռուստածրագրերի բազմազանության եւ հայրենական հեռուստարտադրողի իրավունքների պաշտպանության ապահովմանը»,–ասաց Գագիկ Բեգլարյանը։
Լրագրողի հարցին, թե պետությունը բոլո՞ր անապահով քաղաքացիներին է աջակցելու, եւ որքա՞ն է այդպիսիների թիվը, նախարարը պատասխանեց. «Թիվը կոնկրետ այս պահին չեմ կարող ասել, բայց կապահովենք բոլոր նրանց, ովքեր կունենան այդպիսի ցանկություն։ Խոսքը օրենքով սոցիալապես անապահով ճանաչված քաղաքացիներին է վերաբերում»։ hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
|