Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը նշել է. «Եթե հիշում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1–5–ը տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության համար տվել էինք հանձնարարական պարոն Ասատրյանին։ Ես խնդրում եմ ներկայացնել կառավարությանն այդ միջոցառումների եւ ուսումնասիրության արդյունքները»։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7–ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել եւ հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը։ «Աշխատանքները կազմակերպվել են՝ հաշվի առնելով ժամանակի սղությունն ու իրավիճակի առանձնահատկությունները։ Անմիջական աշխատանքներն ընտանիքների հետ իրականացվել են տեղերում ձեւավորված խմբերի կողմից, որում ընդգրկվել են ՀՀ մարզերում եւ Երեւանում սոցիալական աջակցության տարածքային մարմինների, ՀՀ մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի), համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի եւ տարածքային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները։
Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաեւ զբաղվածության առկա իրավիճակին եւ հնարավոր ու ցանկալի զարգացումներին։ Միաժամանակ, ուսումնասիրվել են ընտանիքների կոմունալ–կենցաղային հարմարությունները եւ այլ տվյալներ։
Ուսումնասիրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ։
Ըստ բնակության վայրի՝ Երեւան եւ ՀՀ 9 մարզեր։
Ստորեւ ներկայացվում է 64 զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքների ընդհանուր տեղեկատվությունը, առկա է նաեւ նրանցից յուրաքանչյուրի սոցիալական կարիքների գնահատման տեղեկանքը՝ ներառյալ առաջնահերթ համարված առաջարկություններով։
Ուսումնասիրված ընտանիքներից
1. Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ
Մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ։ Երեխաների թիվը կազմում է ընդամենը 17։
2. Ուսանող ունեցող ընտանիքներ
Զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ։
3. Զբաղվածություն եւ աշխատանքի կարիք
Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն, ցանկություն են հայտնել աշխատել։ Որոշ դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսական գործունեությամբ։
4. Առողջական խնդիրներ ու բժշկական օգնության եւ սպասարկման կարիք
Զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշները՝ վիրահատության կարիք, ինչպես նաեւ՝ հոգեբանական ծառայության։
5. Վարկային պարտավորություններ, կոմունալ վարձավճարների հետ կապված կարիքներ
Զոհված զինծառայողների ընտանիքների մի մասն ունեն նաեւ վարկային պարտավորություններ, իսկ որոշ ընտանիքներ՝ նաեւ կոմունալ վճարումների դիմաց։
6. Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմում ծառայողի առկայություն
Զոհված 3 զինծառայողների եղբայրները պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներ են։
Պարոն վարչապետ, ընդ որում, ուզում եմ տեղեկացնել, որ նշված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը ի սկզբանե գտնվել են նաեւ ՀՀ մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի եւ տվյալ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության եւ պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաեւ մեր բազմաթիվ հայրենակիցների եւ կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին տրամադրվել են եւ շարունակում են տրամադրվել դրամական օժանդակություններ։ Ընդ որում, պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաեւ 2 մլն դրամ ապահովագրական վճար՝ մարտական գործողությունների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաեւ 1.4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման եւ 700.000 դրամ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ եւ պարգեւավճարներ՝ օրենսդրությամբ սահմանված չափերով։
Այս ընթացքում մեր բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ շարունակում են պատրաստակամություն հայտնել՝ օգնության ձեռք մեկնելու նշված ընտանիքներին։ Եվ այս գործընթացները առավել նպատակային եւ հասցեական դարձնելու համար առաջարկում ենք դնել համակարգային հիմքերի վրա՝ ընդգրկելով «սոցիալական աշխատողի» ինստիտուտը։
Աշխարհազորայինների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրականացումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը դրվել է պաշտոնական շրջանառության մեջ։
Միաժամանակ, նախնական ուսումնասիրություն է կատարվել նաեւ մարտական գործողությունների հետեւանքով վիրավորված եւ տարբեր բուժհաստատություններում բուժվող զինծառայողների կարիքները, որի շրջանակներում կատարվել է այցելություն 7 հիվանդանոց։ Բնականաբար, նրանք բոլորը ստանում են շատ բարձրակարգ ծառայություններ մեր առողջապահական հաստատությունների եւ բժիշկների կողմից, եւ նախատեսում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել նրանց՝ հետագա սոցիալական ծառայությունների տրամադրումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,–նշել է նախարարը։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ուսումնասիրության արդյունքների շրջանակում նախապատրաստվել են վարչապետի մի շարք հանձնարարականներ, որոնք գրավոր կուղարկվեն բոլոր նախարարություններին, գերատեսչություններին։
Առաջարկվում է մեկ տարով հետաձգել առավելագույն ժամկետը
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողով է ուղարկվել «Հարկային օրենսգրքի» նախագիծը. «Այն ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլեւ իրականացման մեխանիզմներում։ Հարկ է, որ բոլոր գերատեսչությունները նկատի ունենան, թե սա ինչպիսի փոփոխություններ կարող է բերել իրենց ոլորտներում, մասնավորապես՝ հաշվի առնելով ծրագրային ապահովման խնդիրները։ Հարկ է՝ օր առաջ մտածել այս խնդիրների մասին։ Մենք նախատեսում ենք, որ «Հարկային օրենսգիրքը» ուժի մեջ կմտնի 2018 թվականին։ Ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018 թվականի շեմին։ Խորհրդակցելով հանրապետության նախագահի հետ եւ կարեւորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն եւ անխափան ընթացքը՝ առաջարկում եմ հետաձգել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով՝ տեղափոխելով այն 2018 թվականի հուլիսի 1–ը։ Հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ պատրաստել համապատասխան օրինագիծ եւ ներկայացնել կառավարության հաջորդ նիստին»։
Պետությունը կփոխհատուցի Կոթիի բնակիչներին՝
Գործադիրի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին կհատկացվի 8,935.5 հազար դրամ՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին գարու եւ ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետեւանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով։ Ըստ հիմնավորման, 2015թ. ամռանը Կոթի համայնքում արկակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն 935,5 հազ. դրամ։ Նշված գումարից 3 մլն դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը. այն համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին։
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Իջեւանյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող մասնաշենքը, ավտոտնակն ու կաթսայատունը եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվում Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից եւ 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին։ Նպատակը՝ հիմնել ժամանակակից չափանիշներին եւ պահանջներին համապատասխանող լողավազան՝ ՀՀ Տավուշի մարզում լող մարզաձեւի զարգացման եւ մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման, սահմանամերձ համայնքների ազգաբնակչության սոցիալական եւ առողջապահական ծրագրերի աջակցման եւ լողի հավաքական թիմը մարզի լավագույն մարզիկներով համալրման համար։
Կվերականգնվի 90 կմ երկարությամբ հատվածը
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016թ. հունվարի 26–ին Երեւանում եւ հունվարի 29–ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրին։ Ըստ հիմնավորման, կառավարության 2011թ. նոյեմբերի 24–ի համապատասխան որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման եւ վերակառուցման հայեցակարգը, որի մեծ մասը վերաբերվում է Մ6 Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրին։ Ծրագրին ընթացք տալու նպատակով 2013 թ.–ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրամադրել է 1 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ ծրագրի տեխնիկա–տնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման եւ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։ Նշված դրամաշնորհի ֆինանսավորմամբ ԵՆԲ–ի եւ իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպության միջեւ կնքվել է պայմանագիր, որի համաձայն մշակվել են ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Նախնական գնահատմամբ, ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն շուրջ 102 մլն եվրո։ Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի եւ Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ։ Եվրոպական ներդրումային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 2016թ հունվարին ստորագրվել է «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը։ Ծրագրի նպատակն է վերականգնել Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի եւ Վրաստանի հյուսիս–արեւելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջեւ ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը։ Ըստ պայմանագրի, տրամադրվող վարկի գումարը 51 մլն եվրո է։ Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 (տասնհինգ) տրանշներով։
Գործադիրն ընդունել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ–2 (Բաբաջանյան–Հին Սիլիկյան) ճանապարհահատվածում առկա գույքերի եւ հողատարածքների նախնական ուսումնասիրման մասին որոշում։ ՀՀ–ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ. հոկտեմբերի 13–ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ–2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2–ի» շրջանակում նախատեսվում է իրականացնել Երեւանի Բաբաջանյան–Հին Սիլիկյան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։
Կվերանորոգվեն Թալինի հեղեղատարի քանդված հատվածները
ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման եւ հունի մաքրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին։ Ըստ հիմնավորման, 2014թ. օգոստոսի 8–ին ՀՀ վարչապետի Թալին քաղաքում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման եւ հունի մաքրման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման եւ հունի մաքրման աշխատանքները կվերականգնեն Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի քաղաք եւ կապահովեն հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաեւ կլուծվի ամռան ամիսներին գյուղատնտեսական կենդանիների խմելու ջրի հարցը։
Գործադիրը հավանություն է տվել «Երեւան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի–ջրմուղկոյուղի», «Շիրակ–ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ–ների կողմից օգտագործվող եւ պահպանվող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներին։
Սեւան–Հրազդան դերիվացիոն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացման, Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի առավել արդյունավետ օգտագործման, հետագա աշխատանքների բարելավման նպատակով կառավարությունը հաստատել է Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման եւ Սեւան–Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման պայմանները։ Նախատեսվում է նաեւ մինչեւ 2016թ. ոռոգման շրջանի ավարտը մշակել եւ ներկայացնել ծրագիր՝ դերիվացիոն ջրանցքների եւ դրանցից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասերում ըստ պատկանելության ջրաչափական դիտակետերի կառուցման, դրանք ժամանակակից կատարելագործված ջրաչափական սարքավորումներով կահավորման, կենտրոնացված ավտոմատ կառավարման եւ տվյալների հեռահաղորդակցման համակարգի ներդրման վերաբերյալ։ Գործադիրի ղեկավարը կարեւորել է ընդունված որոշումն՝ ընդգծելով, որ ոռոգման սեզոնին ջուրը պետք է հասցնել հող օգտագործողներին։
Աջակցություն կստանա հերթական ներդրումային ծրագիրը
Գործադիրի որոշմամբ «Գրանտ» ՍՊԸ–ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ըստ հիմնավորման, «Գրանտ» ՍՊԸ–ն ձեռք է բերել Հրազդանի բարձր ճնշման բալոնների գործարանը եւ սկսել վերականգնողական աշխատանքներ։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար։ Ներդրումների ծավալը կազմում է 5 մլրդ դրամ, մինչեւ 2017թ. կստեղծվեն 250 աշխատատեղեր։
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը, ինչի արդյունքում օրենքով սահմանված դրույթներին համապատասխան պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների դրոշմապիտակների գծով պարտավորություններ չեն հաշվարկվի։
Գործադիրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով կատարվել է համապատասխան վերանայում եւ այս որոշմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից 50 մլն դրամը կուղղվի ԼՂՀ հետ մտավոր սեփականության եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը, իսկ 50 մլն դրամը՝ Հայաստանը հանրաճանաչ միջազգային լրատվամիջոցներով ներկայացմանը, ինչպես նաեւ այլ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը։ Որոշմամբ նախատեսված շինվերանորոգման հետ կապված աշխատանքները կիրականացվեն փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։
ԼՂՀ–ին ս.թ. առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։ Ըստ հիմնավորման, ԼՂՀ–ին ս.թ. առաջին կիսամյակում տրամադրվող բյուջետային վարկի գումարն, ըստ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24–ի համապատասխան որոշման, կազմում է 23,633.5 մլն դրամ, սակայն նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար։ Որոշմամբ ՀՀ 2016թ. պետբյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ–ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 1,500.0 մլն դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղափոխել առաջին կիսամյակ։
Նոր սերնդի ՀԴՄ–ների ներդրման ժամկետը հետաձգվել է
Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2013թ. սեպտեմբերի 5–ի «Հսկիչ–դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ։ Ըստ հիմնավորման, 2013թ. սեպտեմբերի 5–ի որոշման համաձայն, ս.թ մայիսի 1–ից նոր սերնդի ՀԴՄ–ների ներդրումը պարտադիր է 2014թ. արդյունքներով 10.0 մլն դրամից մինչեւ 58.35 մլն դրամ կամ 2015թ. արդյունքներով 10.0 մլն դրամից մինչեւ 115.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար։ Հաշվի առնելով, որ հարկ վճարողներին մինչեւ մայիսի 1–ը համապատասխան քանակի նոր սերնդի ՀԴՄ–ներով ապահովումը ռիսկային է՝ փոփոխություններով առաջարկվում է վերը նշված ժամկետը հետաձգել մինչեւ 2017թ. հունվարի 1–ը։ Միաժամանակ, ժամկետի հետաձգումը հնարավորություն կընձեռի ապահովել նոր սերնդի ՀԴՄ–ների ներդրման առավել սահուն գործընթաց։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ փոփոխություններ եւ լրացում է կատարել 2013թ. օգոստոսի 1–ի համապատասխան որոշման մեջ։ Ըստ հիմնավորման, որոշմամբ առաջարկվում է նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ եւ ավելի հասույթ ունեցող՝ օրվա ընթացքում հսկիչ–դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ–դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար ՀԴՄ կտրոնի վրա ապրանքների (ծառայությունների) անվանումը տպագրել, համապատասխանաբար, ԱՏԳ ԱԱ եւ ԱԴԳՏ դասակարգիչներով սահմանված 4 նիշերին համապատասխան։ Միաժամանակ, առաջարկվում է նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից ՀԴՄ կտրոնի վրա չտպագրել ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը), գնվող ապրանքի քանակը եւ դրա չափման միավորը։ Որոշմամբ հստակեցվել են հսկիչ–դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման դեպքերը, ինչպես նաեւ ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների հանձնումից կամ ծառայության ստացումից հետո կատարվող վճարումների արտացոլումը։
Պետությունն ընդլայնում է սոցերաշխիքների շրջանակը
Գործադիրը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։ Հիմնավորման համաձայն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացումը նպատակ է հետապնդում ընդլայնելու պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը, եւ պարտապանին հնարավորություն տալու իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից։ Առաջարկվում է նաեւ համապատասխան լրացումներ կատարել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում. նախագծի ընդունմամբ կբացառվեն այն դեպքերը, երբ անձի միակ բնակարանի հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում նրան հնարավոր չլինի տրամադրել ՀՀ կառավարության կողմից սահմանված բնակապահովման նվազագույն շեմի չափով գումարը։
Կառավարության հավանությանն են արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի եւ մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերը։ Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացում, պաշտպանի եւ նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաեւ որոշ՝ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ. դեկտեմբերի 6–ի սահմանադրական փոփոխություններով, որոնք անհրաժեշտություն են առաջացրել համապատասխանեցնել առկա իրավակարգավորումները Սահմանադրության փոփոխություններին։ Սահմանադրական փոփոխություններից է բխում մի շարք իրավական ակտերի, այդ թվում՝ «Մարդու իրավունքերի պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը՝ համաձայն 210–րդ հոդվածի։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում հստակ տարանջատում է անցկացվել պաշտպանի անկախության եւ անձեռմխելիության երաշխիքների միջեւ։ Օրինագծում կատարվել է նորամուծություն՝ պաշտպանը նշված է որպես կանխարգելման ազգային մեխանիզմ։ «Որպես ազգային մեխանիզմ՝ պաշտպանը իրավասու է իրականացնել պարբերական, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր՝ խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով։ Ընդ որում, պաշտպանը բացարձակապես պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի եւ նպատակի մասին»,–նշել է նախարարը։ Ա. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նկատի ունենալով օրինագծի հրատապությունը, կարեւորությունը՝ քննարկումները պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների հետ շարունակվելու են՝ ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ձեւաչափում։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է օրինագծի շուրջ քննարկումների կազմակերպումը քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ մինչեւ այն Ազգային ժողով ներկայացնելը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է 2016թ. հուլիսի 1–ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն, եւ, դրա հետ կապված, վերանայել եւ սահմանել օրենքի 2–րդ հոդվածով սահմանված գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը։ Ըստ կառավարության եզրակացության, մասնավորապես, նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ, տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ինչպես նաեւ համայնքների բյուջեների ծախսերի գծով լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության։
Գործադիրը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն, «առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծումներ ապահովել ՀՀ–ում կենդանիների պաշտպանությանը վերաբերող չկարգավորված օրենսդրության տիրույթում»։ Կառավարության եզրակացության համաձայն, մասնավորապես, գործող օրենսդրական կարգավորումները հիմնականում կանոնակարգում են նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները։ Այսպես, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով արգելվում է՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումը, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են կենդանիների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները եւ այլն։ Բացի այդ, նախագծում հստակ տարանջատված չեն տարբեր կենդանիների նկատմամբ լիազոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, բացակայում է ՀՀ կառավարության լիազորությունների վերաբերյալ հոդվածը։ Նշվել է նաեւ, որ ոլորտում առկա օրենսդրական բացերն ուսումնասիրելու եւ վերացնելու նպատակով արդարադատության նախարարությունում առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որի շրջանակներում մշակվելու է համապատասխան օրենքի նախագիծ եւ օրենքի նախագծի հեղինակին առաջարկվել է մասնակցել նշված աշխատանքային խմբի աշխատանքներին։
Կնպաստի քաղաքաշինական գործունեության կայուն զարգացմանը
Գործադիրի հավանությանն է արժանացել շինարարության ոլորտի բարեփոխումների ծրագիրը։ Ըստ հիմնավորման, ոլորտում ներկայումս առկա են հետեւյալ խնդիրները՝ շինարարության արժեքի գնագոյացման, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման արժեքի հաշվարկման, շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային հսկողության իրականացման գործընթացներում, ինչպես նաեւ սեյսմակայուն շինարարության, շենքերի եւ շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար նորմատիվային փաստաթղթերում։ Առաջիկա տարիներին նախատեսվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ շինարարության ոլորտները կարգավորող իրավական դաշտի համապատասխան փոփոխություններ, որոնք խթան կհանդիսանան քաղաքաշինական գործունեության կայուն զարգացման համար։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների եւ լրացումների կիրարկումն ապահովելու համար իրավական հիմք ստեղծելու նպատակով կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել մի շարք որոշումներում։ Օրենքի փոփոխությունները վերաբերում են լիցենզավորման ընթացակարգին։ Մինչեւ փոփոխությունները լիցենզավորումը կատարվում էր պարզ կամ բարդ ընթացակարգով, իսկ քաղաքաշինության բնագավառի լիցենզիաները համարվում էին բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ։ Իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքում դրանք կհամարվեն լիարժեք կիրառելի եւ հնարավորություն կտան միեւնույն նպատակի համար օգտագործել օրենքը եւ կարգերը՝ լիարժեք համապատասխանությամբ, ինչպես նաեւ համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցել փոքր մակերես ունեցող շինություններ՝ առանց համապատասխան լիցենզիա ունենալու։
Կվերականգնվի Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը պահպանելու նպատակով կառավարությունն այն որպես նվիրատվություն ընդունելու, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու, տեղափոխելու եւ վերականգնելու մասին համապատասխան որոշում է կայացրել։ Ըստ հիմնավորման, 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո պետական ցուցակում ընդգրկված որմնանկարների մեծ մասը, այդ թվում՝ Հ. Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, հայտնվել են փլուզված կամ խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում։ Մասնավորապես, «Սարերում» որմնանկարի համար որպես հենք ծառայող ճաշարանի (ներկայումս չօգտագործվող) խոհանոցը դահլիճից բաժանող ոչ հիմնական, միջնորմ հանդիսացող պատը, տարբեր հատվածներում ունի մեծ ճաքեր, որոնք իրական սպառնալիք են որմնանկարի անվտանգ ու ամբողջական պահպանության համար։ Ջերմաստիճանի կտրուկ տատանումները եւս իրենց բացասական ազդեցությունն են ունենում որմնանկարի հիմնասվաղի եւ գունային շերտերի վրա։ ՀՀ մշակույթի նախարարությունը ԱՄՆ–ի դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հատկացրած միջոցներով ձեռնարկել է ոչնչացման եզրին հայտնված, մասնագետների, զբոսաշրջիկների այցելությունների համար ոչ մատչելի տարածքում գտնվող Հ. Հակոբյանի «Սարերում» որմնանկարի համակողմանի ուսումնասիրման, հանրության համար առավել մատչելի վայր տեղափոխման եւ նոր վայրում դրա ամրակայման ու վերականգնման աշխատանքները։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության եւ KFW բանկի միջեւ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման եւ ծրագրի իրականացման համաձայնագրին։ Ֆինանսական օժանդակության ողջ գումարն օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի («ԲԼՀՀ») փոխակերպիչ կայանի (ՓԿ), ինչպես նաեւ Այրումում (Հայաստանի Հանրապետություն) 500/400/220կՎ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության եւ միացման, ծրագրի պատրաստման եւ իրականացման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ ծրագրի շրջանակում սեկտորի եւ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների համար։
Կառավարության որոշմամբ Իրան–Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սանիր» ընկերությանը տրվել է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն։ Հիմնավորման համաձայն, 2015թ. սեպտեմբերից վերսկսվել է ծրագրի ֆինանսավորումը եւ շինարարության համար անհրաժեշտ ապրանքների եւ սարքավորումների մատակարարումները։ Իրան–Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 24 ամսում։ Այն հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ–ից հասցնել 1000–1200 ՄՎտ–ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը եւ ՀՀ էներգետիկ անվտանգությունը։
Այլ որոշումներ
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015թ. ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը եւ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին եւ առաջարկել համայնքների ղեկավարներին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում եւ համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների եւ մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ։ Ըստ հիմնավորման, անցյալ տարի հանրապետությունում բարեգործական եւ մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային եւ հանրապետական 130 կազմակերպություններ, որոնցից 51–ը՝ երկարաժամկետ, իսկ 79–ը՝ կարճաժամկետ ծրագրեր։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել նաեւ «Պետական գույքի կառավարման 2015–2017թթ. ծրագրի կատարման 2015թ. հաշվետվությունը»։
Գործադիրի որոշմամբ ՀՀ 448 համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի կադաստրային հողագնահատման աշխատանքների կատարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին։
Կառավարությունն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պետական հիմնարկներ («Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան», «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան», «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան», «Եռաբլուր» զինվորական պանթեոն–հուշահամալիր» եւ այլն) ստեղծելու մասին որոշումներ։
|