«Տասնամյակներ շարունակ մեր պայքարն անիմաստ է եղել, մարտավարություն ու ռազմավարություն որպես այդպիսին չենք ունեցել։ Վերջին մեկ տարվա ընթացքում բավականաչափ փոփոխություններ են եղել, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայոց ցեղասպանության խնդրում հատուցման հասնելու գաղափարն արդեն ձեւավորվել է պետականորեն, դիվանագիտորեն»,–պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության հենց առաջին իսկ օրվանից մարդիկ այդ ահավոր ողբերգությունն ընկալել են ոչ միայն մարդկանց ֆիզիկական բնաջնջում, այլ նաեւ հայրենազրկում. «100 տարի է այդ ընկալումը գոյություն ունի, բայց մեր պայքարն այդ ուղղությամբ չի ընթացել։ 1965 թվականից հետո մենք սխալ ուղիով ենք զարգացել, որովհետեւ Թուրքիան իր մերժողական քաղաքականությամբ մեզ ներքաշել է ճանաչման անիմաստ գործընթացի մեջ, ներքաշվել ենք թուրքերի կողմից հնարած այդ թակարդի մեջ»։
Ա. Մելքոնյանի խոսքով, վերջին տարիներին մարդիկ սկսել են շատ համարձակորեն խոսել Հայոց ցեղասպանության դիմաց հատուցման անհրաժեշտության մասին. «Շատ են այն մասնագետները, ովքեր փաստում են, որ մենք ունենք իրավական լուրջ հիմքեր՝ դիմելու միջազգային դատարան։ 100—րդ տարելիցի նախաշեմին վերջապես մեր մեջքը սկսել ենք ուղղել, աշխարհին պետք է ցույց տանք այն իրավական հիմքերը, որոնցով մենք կարող ենք հասնել հաջողության։ Ցեղասպանվածի բարդույթից չենք ազատվի, կմնանք զրկվածի, զարկվածի կարգավիճակում, եթե չլինի հատուցում, եթե մեր հայրենիքը չվերադարձնենք։
Նոր ենք կանգնել ճիշտ ուղու վրա։ Իսկ այն կարծիքները, թե Հայոց ցեղասպանության խնդրով հատուցման տեսանկյունից զբաղվելն արկածախնդրություն է, սխալ է։ Ընդհակառակը՝ նշանակում է լրջորեն մտահոգվել մեր ազգի հեռանկարով»։
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառության պետ, իրավական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ գիրքը զուտ իրավական տեսանկյունից երկու կարեւոր հատվածից է բաղկացած. առաջին մասում ներկայացված է մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար թե ֆիզիկական, թե պետության պատասխանատվության հիմնահարցը, երկրորդ հատվածը վերաբերում է ապագային, ներկայացված են այն հիմնական ուղիները, որով հնարավոր է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության հարցը ներկայացնել միջազգային դատական ատյաններ։
«Իհարկե, նման աշխատությունները դեռեւս վերջնական պատասխան չեն տալիս բոլոր հարցերին, բայց հարցադրումներն ավելի տեսանելի են։ Իրավաբաններն արդեն պետք է անցնեն ավելի մանրակրկիտ, մանրամասն, կոնկրետ ընթացակարգերի մշակման, որն ուղղված կլինի ընդհանուր հայեցակարագային մոտեցումների իրականացմանը»,–ասաց իրավաբանը։
Նա կարեւորեց նաեւ աշխատության հավելվածի մասը, որտեղ գնահատական է տրված քեսաբահայերի հետ տեղի ունեցած դեպքերին։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական Գոռ Սարգսյանն իր խոսքում ասաց, որ 100—րդ տարելիցին ընդառաջ ընդունվելու է համահայկական հռչակագիր. «Համոզված եմ, որ այս աշխատանքը կարող է գտնվել հռչակագրի ընդունման հիմնաքարերի շարքում»։
Գրքի հեղինակ Արմեն Մարուքյանի ներկայացմամբ, գիրքն ունի կոնկրետ թիրախային ուղղվածություն՝ խոսում է կոնկրետ միջազգային դատական ատյան դիմելու մասին։
«Տասնամյակների մեր անհամարձակությունը մեր հարեւանին դարձրել է սանձարձակ, Հայոց ցեղասպանության ժխտողականության մեջ հասել է ցինիզմի գագաթնակետին։ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ պետք է լինենք ավելի համարձակ, հետեւողական ու նախաձեռնող, ինչի նախադրյալները կան»,–ասաց Ա. Մարուքյանը։
|