ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 18:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 18 » Պետությունն ականջալուր է լինելու /Քննարկվեցին հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրները/
09:12
Պետությունն ականջալուր է լինելու /Քննարկվեցին հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրները/

Հայաստանի արդյունաբերության կարեւորագույն ճյուղերի՝ հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկում կայացավ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Մասնակցում էին նշված ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները։ Նպատակն էր՝ վեր հանել ոլորտների արդի խնդիրները եւ համատեղ ջանքերով գտնել դրանց արդյունավետ լուծումները։
Քննարկումն անցկացնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով դիմելով ներկաներին՝ նշեց, որ մեր երկրի արդյունաբերության տարբեր ճյուղերին վերաբերող նմանատիպ քննարկումները պարբերական բնույթ են կրելու։ Նրա կարծիքով՝ տնտեսավարողների հետ կառուցողական խոսակցությունների, նրանց խնդիրները լսելու, դրանց պատճառները հասկանալու ու լուծելու ուղիները միասին որոնելու միջոցով հնարավոր կլինի վերացնել արդյունաբերության աճը խոչընդոտող գործոններն ու զարգացում ապահովել։
«Իսկ դա, իր հերթին, մեծապես կնպաստի երկրի տնտեսական, սոցիալական զարգացմանը։ Հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտում աշխատող ձեռնարկությունները ողջ երկրի արդյունաբերության հնարավոր աճի ապահովման լուրջ ներուժ ունեն։ Հայաստանում գործում է արդյունաբերության զարգացման հիմնադրամ, կառավարությունն ունի համապատասխան գործիքներ, սակայն մենք, ձեզ հետ միասին, պետք է հասկանանք հիմնական խնդիրները ու կիրառենք առկա գործիքները, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով»,–ասաց նախարարը։
«Վալլեքս» ընկերությունների խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, խոսելով Ալավերդու պղնձաձուլարանի մասին, նշեց, որ չնայած պղնձի միջազգային գներն անկում են արձանագրել, դա ընկերության եկամտաբերության վրա չի ազդում, քանի որ հումքի գնման ու արտադրանքի վաճառքի արժեքի հարաբերակցությունը մնում է նույնը։ Հումքը ստացվում է երկու աղբյուրներից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ու ԼՂՀ—ում գործող «Բեյս մեթալս» ՓԲԸ—ից, որը նախորդ տարի գրեթե ամբողջությամբ շահագործել է Դրմբոնի պղինձ—ոսկու հանքավայրը՝ մատակարարելով ոսկու բարձր պարունակությամբ պղնձի խտանյութ։
«Ու թեպետ մենք վաճառում էինք պղինձ, սակայն դրա արժեքի էական մասը ոսկին էր։ Սակայն այժմ բավականին ցածր է ոսկու պարունակությունը, քանի որ ընկերությունը հիմնականում արդեն վաճառում է Կաշենի հանքավայրից հանված խտանյութ՝ առանց ոսկու պարունակության։ Դրմբոնի պղինձ—ոսկու հանքավայրը գրեթե սպառվել է՝ 10 տարվա պլանային շահագործումից հետո»,–ասաց Գ. Արզումանյանը։
Նա տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում կսկսվի նաեւ Թեղուտի շահագործումը։ Անդրադառնալով խնդիրներին՝ գործարարը փաստեց, որ ընդերքի վերաբերյալ օրենսդրական դաշտում առկա են թերություններ, որոնք շտկման կարիք ունեն. օրինակ՝ երկրաբանական ուսումնասիրությունները, պաշարների հաստատումը դեռեւս շարունակում են իրականացվել խորհրդային մոտեցմամբ, երբ պետությունը պաշարները հաստատում է որպես պետական սեփականություն. «Արեւմտյան աշխարհում նման բան չկա։ Դա մեզ համար էական խոչընդոտ է, քանի որ եթե այս պահին ինչ որ թվային տվյալներ ենք ներկայացնում պետությանը հանքում առկա պաշարների ու արժեքի մասին, ապա ցանկացած հաջորդ պահի այդ տվյալներն այլեւս իրականությանը չեն համապատասխանում, քանի որ գինը փոխվում է, հայտնվում է տեղեկատվություն, որն այդտեղ արտացոլված չէ եւ այլն»։
Չարենցավան քաղաքում գործող «Ասկե գրուպ» ՓԲԸ—ն արտադրում է մետաղյա ամրաններ՝ տարեկան 4 հազար տոննա արտադրական ծավալով։ Ընկերության հիմնադիրների խորհրդի անդամ Վահան Հարությունյանը տեղեկացրեց, որ 2016 թվականից նախատեսվում է սկսել նաեւ մետաղական գնդերի արտադրություն՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների կարիքների համար՝ տարեկան 20 հազար տոննա ծավալով։
«Դրանք կլինեն 80—120 մմ տրամագծով գնդեր, կարտադրվեն չինական տեխնոլոգիայով։ Ընկերության համար հումք է մետաղական ջարդոնը, որը մեզ կբավարարի մոտակա 10 տարիների ընթացքում։ Գործարանում աշխատում է 450 մարդ՝ միջինը 250 հազար դրամ աշխատավարձով։ Ամրաններն ամբողջությամբ իրացվում են Հայաստանում, շինարարությամբ զբաղվող ընկերությունների 60 տոկոսն արդեն գնում է տեղական արտադրության ամրան»,–ասաց նա։
Ընկերությունը առայժմ արտահանման մասին չի մտածում, քանի որ արտադրված ողջ ծավալը տեղում է իրացվում։ Սակայն որպես հետագա զարգացման ռազմավարություն ու արտահանման շուկա արդեն իսկ դիտարկում է Իրանը։
Դեռ 2013թ. ԵՄ գլխավոր դատարանն անվավեր էր ճանաչել ԵՄ խորհրդի որոշումը, համաձայն որի «ՌուսԱլ ԱրմենԱլ» ՓԲԸ—ի կողմից Եվրոպա ներմուծվող ալյումինե փայլաթիթեղի վրա սահմանվել էին հակադեմփինգային մաքսատուրքեր։ Կ. Ճշմարտիտյանը փաստեց, որ դա Հայաստան—ԵՄ տնտեսական սերտ համագործակցության ու անընդհատ վարվող բանակցությունների արդյունք էր։ Ընկերության ֆինանսական տնօրեն Վահե Սիմոնյանը նշեց, որ այս տարի արտադրական ծավալներն աճել են 5.5 տոկոսով, եւս այդքան աճ կապահովվի նաեւ հաջորդ տարի։ Այդուհանդերձ՝ նա տեղեկացրեց, որ Եվրամիությունը կրկին գործընթաց է սկսում «ՌուսԱլ» ընկերության դեմ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ի պատասխան, նկատեց, որ անկախ նրանից, թե ովքեր են բաժնետերերը, «ՌուսԱլ ԱրմենԱլ» ընկերությունը հայկական ծագում ունի, եւ ռուսաստանյան ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցները չեն կարող տարածվել նաեւ այս ընկերության վրա։ Ընկերության ներկայացուցիչը, անդրադառնալով մյուս խնդիրներին, նշեց, որ իրենք Երեւանում էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառողներն են, սակայն հաճախակի ու երկարատեւ անջատումների պատճառով հաճախ վնասներ են կրում։ Քննարկման ընթացքում պարզվեց, որ այս խնդիրն ունեն բոլոր ձեռնարկությունները։
Կ. Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի կողմից տրվել է հանձնարարական՝ մշակելու հատուկ ստանդարտներ էլեկտրաէներգիա վաճառող ընկերության համար, ինչի արդյունքում վերջինս այլեւս չի կարողանա անպատիժ ձեւով նման երկարատեւ անջատումներ թույլ տալ։ Ընկերությունների ներկայացուցիչներին հուզող հաջորդ խնդիրը բնապահպանական էր՝ մասնավորապես կապված արդյունաբերական թափոնների վերամշակման հետ։
Այդուհանդերձ՝ չնայած խնդիրներին, մետաղական հանքերի շահագործման եւ մետալուրգիայի ոլորտները համարվում են հանրապետության տնտեսության հիմնական ճյուղեր եւ ակնհայտորեն պահպանում են տնտեսության առաջատարի դիրքերը։ 2014 թ. 2—րդ եռամսյակի արդյունքներով արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ—ում կազմել է 18.2 տոկոս, իսկ մետաղական հանքաքարի արդյունահանման եւ բաց հանքերի շահագործման մասնաբաժինը ՀՆԱ—ում՝ մոտ 2.8 տոկոս։
Մետալուրգիական ոլորտը մեծ կշիռ ունի հանրապետության մշակող արդյունաբերության կառուցվածքում, որտեղ հիմնային մետաղների արտադրությունը կազմել է շուրջ 23 տոկոս։ Նված ոլորտներն ունեն արտահանման ուղղվածություն, արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է հիմնականում եվրոպական երկրներ։ Հանդիսանալով համակարգաստեղծ ուղղություն՝ հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ոլորտի հետագա զարգացումը ստեղծում է մուլտիպլիկատիվ ազդեցություն՝ նպաստելով այլ ճյուղերի զարգացմանը։
2014թ. 9 ամիսների արդյունքներով իրականացվել է (համադրելի գներով) 132,2 մլրդ դրամի մետաղական հանքաքարի արդյունահանում (անկումը՝ 8,8 տոկոս), արտահանվել է 85,5 մլրդ դրամի արտադրանք (անկումը՝ 0,7 տոկոս)։ Ոլորտում գործում է ինը ընկերություն, եւ աշխատում է 7 հազար 48 մարդ։ Նույն ժամանակահատվածում հիմնային մետաղների արտադրությունը կազմել է 134,7 մլրդ դրամ (աճը՝ 11,2 տոկոս), արտահանվել է 115,6 մլրդ դրամի արտադրանք (աճը՝ 4.6 տոկոս)։ Ոլորտում գործում է շուրջ 15 ընկերություն, եւ աշխատում է 4 հազար 306 մարդ։
Նույն ժամանակահատվածում արտադրվել է 143.5 հազար տոննա պղնձի խտանյութ (աճը՝ 5.4 տոկոս), 10.4 հազար տոննա ցինկի խտանյութ (անկումը՝ 13.7 տոկոս), 4.8 հազար տոննա ֆեռոմոլիբդեն (անկումը՝ 2.9 տոկոս), 12.9 հազար տոննա պողպատե ձուլվածք (աճը՝ 16.8 տոկոս) ու 25.7 մլրդ դրամի ոսկու համաձուլվածք (աճը՝ 6.8 տոկոս), 21.7 հազար տոննա ալյումինի գլանվածք (աճը՝ 6.2 տոկոս)։
Այս ոլորտի գործունեության վրա իրենց ազդեցությունն են ունենում գունավոր մետաղների եւ ոսկու գների տատանումները միջազգային շուկայում, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հանրապետության այդ ոլորտների ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վրա։ Միջազգային շուկայում 2014թ. տասը ամիսների միջին գինը 1 տոննա պղնձի համար կազմում է 6 հազար 914 ԱՄՆ դոլար, իսկ 1 տոննա մոլիբդենի համար՝ 26 հազար 750 ԱՄՆ դոլար. 2013թ. այն համապատասխանաբար կազմում էր 7 հազար 200 եւ 23 հազար 250 ԱՄՆ դոլար։
Առաջիկայում ոլորտում նախատեսվում է մի շարք ծրագրերի գործարկում, եւ արդեն իսկ այդ ծրագրերի գործարկման նպատակով իրականացվում են ներդրումներ, մասնավորապես Ամուլսարի, Թեղուտի, Մեղրասարի եւ այլ հանքավայրերի շահագործման ուղղությամբ։ Ներդրումներ են իրականացվում նաեւ մետալուրգիական ոլորտում առավել արդյունավետ եւ բնապահպանական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Վերոնշյալը եւս մեկ անգամ վկայում է ներդրումների տեսանկյունից ոլորտի հետաքրքիր լինելու մասին։hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 443 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024