Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարզչությունը տարբեր քաղաքական ուժեր պատկերացնում են տարբեր կերպ։ Մարտավարական տարբերություններ ունեն նաեւ «այո»—ի ճամբարում գտնվող ուժերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների «այո»—ի քարոզարշավը կիրականացնի առանձին՝ սեփական ծրագրային դրույթներով ու հիմնավորումներով։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ներկա պահին կազմակերպչական աշխատանքներն են հստակեցնում, թե ով է ղեկավարելու ընդհանուր գործընթացը։ Նա հայտնել է, որ իրենք շատ են կարեւորում Հայաստանում տեղի ունեցող հատկապես այս գործընթացը եւ իրենց առաքելությունը տեսնում են հասարակության շրջանում սահմանադրական փոփոխությունների շուրջ իրազեկվածության բարձրացման մեջ։
Նրա հավաստմամբ՝ հանդիպումներից հետո մարդկանց մոտ «այո» ասելու ցանկությունն ավելի է գերակշռում, քան «ոչ» ասելունը։
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ շատերը սահմանադրական փոփոխությունների գործընթացը ներկայացնում են որպես իշխանափոխության կամ իշխանությունների դեմ պայքարելու հարթակ։
«Որպես քաղաքական պայքարի մարտավարություն, սա հասկանալի է, որովհետեւ մեր երկրում ձեւավորված ավանդույթի համաձայն, այն ամենը, ինչ գալիս է տվյալ պահի իշխանությունից, դա շատ հարմար հնարավորություն է եւս մեկ անգամ բարձրացնելու իշխանափոխության խնդիրը եւ փորձել հասարակությանն այդ օրակարգը մատուցել»,— ասել է պատգամավորը։
Նա հիշեցրել է, որ այդպես եղել է Սահմանադրության ընդունման, իսկ հետո նաեւ սահմանադրական փոփոխությունների ընթացքում։
«Տվյալ պահի ընդդիմությունը միշտ դա դիտարկել է որպես իշխանությանն անվստահություն հայտնելու հնարավորություն։ Իրականում սահմանադրական փոփոխությունների այս գործընթացը որեւէ առնչություն չունի իշխանափոխության հետ։ Իմ մտահոգությունն այն է, որ մեր հասարակությունը հանկարծ եւս մեկ անգամ չհայտնվի հիասթափության փուլում, որը կարող է նոր բացասական ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա»,—ընդգծել է նա։
Ըստ այդմ, սահմանադրական փոփոխությունները կարեւորվում են նախեւառաջ նրանով, որ երկրում առաջին անգամ ընտրությունների ճանապարհով խաղաղ եւ անցնցում իշխանափոխություն կլինի։
«Առաջին անգամ տրվում է հնարավորություն, որ ընտրական ճանապարհով տեղի ունենա իշխանափոխություն։ Մեր քաղաքական մշակույթը, գործող համակարգը եւ սահմանադրական մեխանիզմներն այնպիսին են, որ մեր երկրում ընտրությունների ճանապարհով երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Այսօրվա ընդդիմությունն այդ հարցում մեղադրում է իշխանություններին, մեկ տասնամյակ առաջ այն ժամանակվա ընդդիմությունը մեղադրում էր այն ժամանակ գործող իշխանություններին, միշտ էլ այդպես է եղել»,–նկատել է Սամվել Ֆարմանյանը։
|