Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ինչպես ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, այնպես էլ հայ—գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ապրիլին ՀՀ նախագահի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու, հետաքրքիր եւ բովանդակային քննարկումների համար։
Փոխայցերի եւ երկկողմ շփումների դինամիկան, ՀՀ նախագահի գնահատմամբ, վկայում է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընկեր ու բարեկամ երկիր։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ—տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը եւ այդ համատեքստում շնորհակալություն հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից հատկացված 500 հազար եվրո ֆինանսական աջակցության համար։
Նախագահը գոհունակությամբ է խոսել արտգործնախարար Շտայնմայերի հայաստանյան այցի շրջանակներում ստորագրված նոր փաստաթղթի՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ։
Սերժ Սարգսյանը հանդիպման առիթով եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի համար։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին ու հեռանկարին։ Կարեւորվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ հետեւողական քայլերի իրագործումը՝ տեւական խաղաղության եւ կայունության հասնելու նպատակով։
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան—Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ—ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց չորս փուլն արդեն հաջողությամբ կայացել է, տեսանելի ապագայում կավարտվեն, եւ կողմերը կունենան հարաբերությունների զարգացմանը միտված նոր փաստաթուղթ։
|