Թուրքական
«Taraf» թերթի սյունակագիր Ռոնի Մարգուլիսը, անդրադառնալով Ստամբուլի
կենտրոնական Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ցույցին, նշում է, որ դա,
ընդհանրապես, որեւէ կերպ կապված չի եղել Խոջալուի իրադարձությունների դեմ
բողոքի հետ։
«Tara»—ի թղթակիցը գրում է. «Այդ ակցիայի իրական անունը՝ «Թուրքիայում
երբեք ցեղասպանություն չի եղել, եւ ոչ մի հայի մատով անգամ չեն կպչել» է։
Ես գիտեմ մարդկանց, ովքեր գնացել են այնտեղ այդ իրադարձությունների
հիշատակի ակցիային մասնակցելու համար, բայց, տեսնելով իրականությունը, լքել
են ակցիան։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը այնտեղ
ելույթում ասել է, թե թուրք ազգը երբեք անմարդկային արարքներ չի գործել,
հակառակը՝ ապացուցել է, որ աշխարհում արդարության կրողներից մեկն է։ Ի՞նշ
կապ ունեն Խոջալուի իրադարձությունները ՆԳՆ ղեկավարի այս խոսքերի հետ,
իհարկե՝ ոչ մի։
Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում սկսել են ավելի հանգիստ խոսել
եւ քննարկել Հայոց ցեղասպանությունը, ինչի արդյունքում թուրքական
հասարակությունն անձայն սկսում է ճանաչել ցեղասպանությունը, իսկ
պետությունը ստիպված է գնալ հասարակության հետեւից։ Մոտենում է 2015 թ., եւ
մինչ այդ հնարավոր է՝ աշխարհում Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկիր
չմնա։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը փորձում է դրան
ինչ—որ բան հակադրել, ջանքեր գործադրել։
Այդ բոլորն անիմաստ եւ անհեթեթ ջանքեր են։ Հիմար եւ անիմաստ, քանի որ իզուր
ժամանակ են կորցնում եւ զբաղվում անօգուտ բանով։ Ի վերջո,
իշխանությունները ճանաչելու են ցեղասպանությունը եւ ներողություն են
խնդրելու հայերից»։
«Taraf»—ի թղթակիցն ընդգծում է, որ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը ելույթ է
ունենում մի ակցիայի ժամանակ, որտեղ նրա դիմաց պաստառի վրա իր
քաղաքացիներին «վիժվածք» են անվանում։
«Եթե նախարարն իրեն թույլ է տալիս ելույթ ունենալ նման միջոցառմանը, ապա
պետք է նրան ազատել աշխատանքից, հեռացնել կուսակցությունից եւ թշնամություն
ու ատելություն սերմանելու համար քրեական գործ հարուցել նրա նկատմամբ։
Նման նախարարը սեւ բիծ է Թուրքիայի քաղաքացիների երեսին։ Բայց մենք գիտենք,
որ այդ նախարարին չեն ազատի, չեն դատապարտի, որովհետեւ այդ միտինգը
կազմակերպել են իշխանությունները, նրանք են այնտեղ ուղարկել նախարարին եւ
նահանգապետին։ Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, ապա ոչ միայն այդ նախարարը
հրաժարական կտար, այլեւ նրա հետ միասին ամբողջ կառավարությունը»,–ասվում է
հրապարակման մեջ։ hhpress.am
|