Վարչապետն ընդունել է «Cisco Systems»–ի զարգացման գծով նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Cisco Systems» ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակի դափնեկիր Մարիո Մացոլային, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացոլային ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ եւ նշել, որ պատիվ է ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին։ Վարչապետը նշել է, որ տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը կառավարության ծրագրի գերակայություններից է՝ որպես Հայաստանի մրցակցային առավելություններն ապահովող ոլորտ. ՀՀ արդյունաբերության ամենաարագ զարգացող այս ճյուղն ամեն տարի արձանագրում է շուրջ 20–25 տոկոս աճ, եւ առկա է այն հզորացնելու մեծ ներուժ։
Շնորհակալություն հայտնելով մեր երկրում արժանացած ջերմ ընդունելության համար՝ պարոն Մացոլան ներկայացրել է «Cisco Systems» ընկերության գործունեությունը, ձեռքբերումները եւ առաջիկա ծրագրերը։
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մի շարք հաջողված ծրագրեր է իրականացնում բազմաթիվ վերազգային ընկերությունների հետ, որի արդյունքում շատ կազմակերպություններ Հայաստանում հիմնում են իրենց տարածաշրջանային կենտրոնները։ Հաշվի առնելով «Cisco Systems» ընկերության հետ համագործակցության հաջող փորձը (2010 թ. Հայաստանում գործում է «Սիսկո» ցանցային ակադեմիան)՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնել այն եւ աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության։ Մարիո Մացոլան նշել է, որ ընկերությունը շահագրգռված է համատեղ նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ նպաստելով ոլորտի հետագա առաջընթացին եւ համագործակցության խորացմանը։
Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Cisco Systems» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով։