Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, եւ Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում։ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել մեր երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքի համար եւ նշել, որ առկա է մեծ ներուժ՝ երկկողմ բազմաոլորտ կապերը սերտացնելու եւ առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար։ Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Պյոտր Սվիտալսկիին պաշտոնավարման մեջ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի փոխշահավետ գործակցության զարգացմանը։
ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀՀ–ԵՄ կապերը խորացնելու եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով։ Նա եւս ընդգծել է, որ Հայաստան–Եվրամիություն փոխգործակցության հիմնաքարն ընդհանուր արժեքային համակարգն է, եւ ԵՄ–ն շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ առաջիկա անելիքների շուրջ։ Երկուստեք բարձր է գնահատվել 2015 թ. հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան։ Այս համատեքստում կարեւորվել են երկկողմ բարձրաստիճան շփումները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ընթացիկ ծրագրերը եւ նախանշել համագործակցության նոր ուղղություններ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական ֆինանսական եւ խորհրդատվական օժանդակության համար՝ շեշտելով, որ կառավարությունն ակտիվ համագործակցում է ԵՄ տարբեր կառույցների հետ եւ հետեւողական է ձեռք բերվող բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում։
|