Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը եւ վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու եւ խորացնելու փոխգործակցությունը։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ մայիսին Համագործակցության հուշագրի եւ պայմանագրերի ստորագրումը կնպաստի նոր հեռանկարային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, եւ ՀՀ կառավարությունը հանձնառու է այդ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում։
Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը կառավարության գերակա ուղղություններից է, եւ տարեկան այս ոլորտում գրանցվող աճի բարձր տեմպը պայմանավորված է նաեւ «Մայքրոսոֆթ»–ի արդյունավետ գործունեությամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցության համար, որը դրսեւորվում է մեր երկրում գործող ինովացիոն կենտրոնի եւ այլ նախաձեռնությունների միջոցով։
Իր հերթին Վահե Թորոսյանը նշել է, որ հպարտանում է ՀՀ–ի եւ «Մայքրոսոֆթի» բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են մեր երկրում ՏՏ բնագավառում արձանագրվող շարունակական առաջընթացին։ «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար եւ բարձր գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Պարոն Թորոսյանը նշել է, որ «Մայքրոսոֆթը» շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը եւ շարունակելու ներդրումները ՏՏ ոլորտում՝ նպաստելով մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Միեւնույն ժամանակ Վահե Թորոսյանը վերահաստատել է «Մայքրոսոֆթ» ընկերության պատրաստակամությունը՝ կատարելու Համագործակցության հուշագրով եւ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։
Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը՝ Հովիկ Աբրահամյանը եւ Վահե Թորոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, արծարծվել են համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը, կրթական նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՀՀ–ում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն բնագավառների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին կառավարության ղեկավարը պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: hhpress.am
|