Վրաստանի ամեն երկրորդ բնակիչը համոզված
է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրական վտանգ ու սպառնալիք է ներկայացնում
իր երկրի համար: Սա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական
ինստիտուտի` NDI-ի պատվերով Վրաստանում փետրվարի վերջին եւ մարտի սկզբին
անցկացված հարցման արդյունքները:
Չորեքշաբթի օրը Թբիլիսիում հրապարակված այս հետազոտության նպատակն էր
պարզել Վրաստանում տիրող տրամադրությունները` հատկապես երկրի քաղաքացիների
վերաբերմունքը արտաքին քաղաքականության խնդիրներին:
Հարցման մասնակիցների 30 տոկոսը, անդրադառնալով ռուս - վրացական
հարաբերությունների ներկա վիճակին, նշել է, որ պաշտոնական Մոսկվան իրոք
վտանգ է ներկայացնում Վրաստանի համար։ Դրա հետ մեկտեղ, այդ սպառնալիքը,
հարցվածների այս մի խմբի համոզմամբ, երբեմն չափազանցված է ներկայացվում
վրացական հանրությանը:
Հարցմանը մասնակցած վրացիների եւս 8 տոկոսն էլ նշել է, որ Ռուսաստանն
ընդհանրապես որեւէ վտանգ վրացական պետականության գոյությանը չի
ներկայացնում:
Ինչ վերաբերում է արեւմտյան կառույցների հետ Վրաստանի հարաբերություններին,
ապա հարցվածների ճնշող մեծամասնությունը` 74 տոկոսը աջակցում է նախագահ
Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության` Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը:
Հարցվածների 70 տոկոսը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու
հեռանկարին: Հետազոտության մասնակիցների 59 տոկոսը, սակայն, դժվարացել է
նշել, թե, իրենց կարծիքով, երբ կարող է Վրաստանն անդամակցել
Հյուսիսատլանտյան դաշինքին: Հարցվածների 9 տոկոսը, հակառակը, խիստ լավատես է
եւ համոզված է, որ դա տեղի կունենա արդեն հաջորդ տարի: Հարցվածների եւս 23
տոկոսին կարելի է բնութագրել որպես չափավոր լավատեսներ. նրանց կարծիքով`
Վրաստանը դաշինքի լիիրավ անդամ կդառնա կա՛մ 2014-ին, կա՛մ էլ դրանից հետո:
Վրացիների միայն 7 տոկոսն է համոզված, որ Վրաստանը երբեք չի անդամակցի
ՆԱՏՕ-ին:
Հարցվածների ավելի քան մեկ քառորդը` 26 տոկոսը, համաձայն է ընդդիմադիր որոշ
գործիչների այն տեսակետին, թե հրաժարվելով ՆԱՏՕ-ին անդամակցելու
գաղափարից` հնարավոր է համաձայնության գալ պաշտոնական Մոսկվայի հետ եւ
վերադարձնել Աբխազիան ու Հարավային Օսիան:
Ընդհանուր առմամբ, Վրաստանի բնակիչների 88 տոկոսը նշում է, որ Ռուսաստանի
հետ հարաբերությունների ներկա սառեցված վիճակն իրենց չի գոհացնում:
Փակ սահմանների առկայության ու դիվանագիտական հարաբերությունների
բացակայության կողմնակիցներ եւս կան: Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկա
հարաբերություններից գոհ է հարցմանը մասնակցած վրացիների 6 տոկոսը: