ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 26 » Զոհված հերոսները ապրողներին զրկել են սխալվելու իրավունքից /«Եռաբլուր»—ում հողին հանձնվեցին զոհված օդաչուների աճյունները/
09:57
Զոհված հերոսները ապրողներին զրկել են սխալվելու իրավունքից /«Եռաբլուր»—ում հողին հանձնվեցին զոհված օդաչուների աճյունները/

Երեկ «Եռաբլուրը» բազմամարդ էր։ Հարազատները, ընկերները, ծառայակիցները, հրամանատարները, բազմաթիվ քաղաքացիներ եկել էին վերջին հրաժեշտը տալու նոյեմբերի 12—ին ուսումնական զորավարժության ժամանակ հակառակորդի կողմից կործանված «ՄԻ—24» ուղղաթիռի զոհված օդաչուներին՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին եւ լեյտենանտ Ազատ Սահակյանին։ Ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների աճյունները զինվորական կարգով դուրս են բերվել Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել հոգեհանգստյան արարողություն։ Սգո թափորը ուղեւորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ տեղի է ունեցել սգո միտինգ, այնուհետեւ աճյունները զինվորական կարգով հողին են հանձնվել։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոնարհվելով իրենց պարտքը փառքով կատարած օդաչուների առջեւ, ՀՀ ՊՆ ողջ անձնակազմի անունից իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին։
Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ օրեր առաջ, երբ «Եռաբլուրի» սրբազան բարձունքում ամփոփվում էր Հայաստանի առաջին Հանրապետության պաշտպաններից զորավար Սեպուհի աճյունասափորը, պարզ էր, որ Հայաստանը պատրաստ է հայրենիք վերադարձնել նրանց, ովքեր ընկել են երկրի ազատության ճանապարհին. «Եվ խոսքը, բնականաբար, առաջին հերթին վերաբերում է ղարաբաղա—ադրբեջանական շփման գծի միջդիրքային տարածությունում գտնվող մեր երեք զինվորական օդաչուների աճյուններին։ Նոյեմբերի լույս 22—ի գիշերը դարձավ այդ հաստատակամության եւս մեկ առհավատչյան։ Ու խոնարհվելով իրենց զինվորական պարտքը մինչեւ վերջ կատարած զինվորականների պայծառ հիշատակի առջեւ եւ հայկական բանակի ողջ անձնակազմի անունից իմ խորին ցավակցությունը հայտնելով նրանց հարազատներին՝ միաժամանակ շնորհակալությունս եմ հայտնում աճյունների փրկության նպատակով իրականացված հատուկ գործողության բոլոր մասնակիցներին։ Այդ նրանք էին, որ, չանսալով դիվանագիտական ձեռնարկումների արդյունքներին, իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը եւ միջդիրքային տարածությունից տուն վերադարձրին Արցախի երկնքի պահապաններին։ Այդ նրանք էին, որ եւս մեկ անգամ փայլուն կերպով վերահաստատեցին պարտված զավթիչի անզոր կատաղության դեմ հայկական բանակի գերազանցությունը։ Ուղղաթիռի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի, օդաչուներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի եւ լեյտենանտ Ազատ Սահակյանի զոհվելը արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակառակորդի՝ բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսեւորումն է»։
2014թ. դժվարին տարի եղավ Հայաստանի եւ հայկական բանակի համար։ Պաշտպանության նախարարի խոսքով. «Հունվարի լույս 20—ի գիշերը Բաքուն Մարտակերտի պաշտպանական դիրքերում անփառունակ ջախջախման դատապարտեց իր հատուկ էլիտար ստորաբաժանումը։ Ապա հակառակորդը Քարվաճառ ուղարկեց 16—ամյա պատանի հոշոտող մարդասպանների, ովքեր Ստեփանակերտի դատարանում այսօր, մեկը մյուսին մեղադրելով, փորձում են սեփական կաշին փրկել։ Իսկ հետո ականջալուր չեղան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ծիծեռնակաբերդի բարձունքից հնչեցրած նախազգուշացմանը՝ «Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող եւ մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում եմ՝ զգույշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»։ Հակառակորդը լավ չհասկացավ եւ փորձեց դիպուկահարների պատերազմը տեղափոխել դիվերսիոն դաշտ։ Եվ մի քանի օր անց դառը դաս ստացավ, երբ հայկական բանակի ստորաբաժանումներն ընդամենը մեկ գիշերում նրան ու հայ ժողովրդի բոլոր չարակամներին բացատրեցին շփման գծում ուժերի իրական հարաբերակցությունը։ Իսկ մենք գտանք մերօրյա հերոսներին, ովքեր թույլ չտվեցին, որ թշնամու ոտքը մտնի մեր խրամատներ»։
Չանցած 5 ամիս, Բաքուն սադրանք կազմակերպեց ԼՂՀ—ում անցկացվող «Միասնություն–2014» օպերատիվ—մարտավարական զորախաղերի ժամանակ. «Իրականության հետ հաշտվելու եւ այն սթափ վերլուծելու փոխարեն հակառակորդը լարվածությունը տեղափոխեց որակապես նոր հարթություն՝ թիկունքից խոցելով անզեն եւ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը։ Ապա 10 օր շարունակ իրեն բնորոշ հակամարդկային ձեւով ամեն կերպ խանգարեց զոհված օդաչուների աճյունների վերադարձին։ Խանգարեցին այնքան, մինչեւ գործի անցան հայկական բանակի զինվորները։ Այն զինվորները, ովքեր հասկացան իրենց գերագույն գլխավոր հրամանատարի պատգամը, թե «թղթերի վրա շատ լավ բաներ են գրված, այդ թվում նաեւ մարդու, ազգերի իրավունքների մասին, բայց այդ իրավունքները պաշտպանության կարիք ունեն, եւ դուք եք երաշխավորն այդ իրավունքների»։ Իսկ հակառակորդն այդպես էլ չի հասկանում, որ դարանից զինվոր կամ ուղղաթիռ խոցելիս, հայկական բանակին թիկունքից հարվածել փորձելիս, ամեն անգամ դիմադարձ հարված է ստանալու, ու հերթական անգամ պարզվելու է ադրբեջանական բանակի անզորությունը այլեւս քողարկել չկարողացող, պատառոտված վարագույրը»։
Նախարարը նշել է, որ «Եռաբլուրում» գտնվելով, բոլորը հպարտություն են ապրում զոհված ընկերների անցած ճանապարհով, քանի որ եթե չլիներ նրանց գործունեությունը, այսօր հնարավոր չէր լինի ապահովել բանակի զարգացումը, ժողովրդի խաղաղ արարումը. «Մեր զոհված ընկերները, նաեւ այսօրվա մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից։ Այսուհետ մենք մեր գործունեությամբ այնպես պետք է անենք, որ ամեն ինչ կատարվի բարձր մակարդակով, եւ նրանց փոխարեն, նրանց հետ միասին ապահովենք հայ ժողովրդի ապագա զարգացումը։ Թույլ տվեք եւս մեկ անգամ, խոնարհվելով Արցախի հողն ու երկինքը պաշտպանելիս ընկած բոլոր նահատակների, հետպատերազմյան շրջանում մարտական առաջադրանքները կատարելով խաղաղությունը պահպանելիս զոհված բոլոր զինծառայողների ու սպաների, ինչպես նաեւ օդաչուների հիշտակի առջեւ, հերթական անգամ ասենք՝ հավերժ փառք հերոսներին, հավերժ փառք անվտանգությունն ապահովող հայկական բանակին, ու ազգովի զորավիգ լինենք հայրենիքն ու մեզ պաշտպանող մեր երեխաներին»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգեւատրվել են «Արիության» մեդալով, որը օդաչուների հարազատներին «Եռաբլուրում» հանձնել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ–լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ 38—ամյա Սարգիսի մեդալը Մովսես Հակոբյանը հանձնել է նրա մանկահասակ որդիներին։
ԵԿՄ նախագահ, գեներալ—լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էլ ԵԿՄ 20—ամյա հուշամեդալով է պարգեւատրել խոցված ուղղաթիռի օդաչուներին դուրս բերած հատուկ խմբին։ 
Մանվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ օպերացիան փայլուն իրականացնելու համար. «Մեր ընկերները անմահացան, բայց նրանց մարմինները ձեր հերոսական քայլի արդյունքում վերադարձվեցին մեզ։ Ավելին, հերթական անգամ ապացուցեցիք աշխարհին, որ հայկական բանակը մարտունակ է եւ պատրաստ ցանկացած առաջադրանք դնելու եւ այն փայլուն կատարելու»։ 


Բաքուն չի կարող սահմանափակել ԼՂՀ օդային տարածքը
 

Հակառակորդի սադրիչ պահվածքը անծանոթ չէ պաշտպանության բանակին, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն։ «Եռաբլուրում» հուղարկավորության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը։ «Ընդհանուր առմամբ, նման միջադեպերը բանակի վրա որոշակի ազդեցություն ունենում են, սակայն բանակը ստեղծված է պատերազմելու համար, իսկ սա պատերազմի մի դրվագ է։ Նման դեպքերից բանակը չի կարող հոգեպես անկում ապրել»,–ընդգծել է Հակոբյանը։
Հարցին, թե որն է եղել պատճառը, որ ուղղաթիռը ուսումնավարժական թռիչքն այդքան մոտ է կատարել շփման գծին, Մովսես Հակոբյանը պատասխանել է, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում դեպքի մանրամասները կպարզվեն։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի հայտարարելուն՝ Մովսես Հակոբյանը նշել է. «Թռիչքներ միշտ եղել են եւ շարունակելու են լինել։ Ադրբեջանն իրավասու չէ եւ չի կարող սահմանափակել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը»։
Ի դեպ, հայկական ուղղաթիռի թռիչքի ամբողջ գործընթացը գրանցած սարքերը այժմ ուղարկվել են փորձաքննության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 329 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024