Այս
տարվա փետրվարին հրապարակվել են աշխարհի համալսարանների վեբոմետրիքս
դասակարգման («Webometrics Ranking of World Universities»,
www.webometrics.info) արդյունքները, որոնց համաձայն՝ Երեւանի պետական
համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856—րդ տեղից բարձրացել է 1880—րդ
հորիզոնական։
Այս մասին հայտնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից ու
հիշեցնում, որ ռեյտինգավորվել են աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ,
որոնցից շուրջ 5000—ը եվրոպական են, 7000—ը՝ ամերիկյան, 6000—ը՝ ասիական եւ
այլն։
Այսպիսով՝ Երեւանի պետական համալսարանը ոչ միայն հայաստանյան,
այլեւ տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է։ Նշենք, որ Վրաստանի առաջատար
բուհը՝ Թբիլիսիի պետական համալսարանը, հայտնվել է աղյուսակի 2464—րդ
հորիզոնականում, Ադրբեջանի՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող Խազար համալսարանը
(Khazar University) զբաղեցնում է 6233—րդ տեղը, իսկ Բաքվի պետական
համալսարանը 8833—րդն է։
«Webometrics»—ն աշխարհի ճանաչված բուհեր
ռեյտինգավորող կազմակերպություններից մեկն է։ Դասակարգման աղյուսակը
կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ՝ պաշտոնական կայքի էջերի
քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com
կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին
հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական
աշխատանքների հղման ինդեքսը։
Դեռեւս 2010 թվականին ԵՊՀ—ն
«Webometrics»—ի աղյուսակում զբաղեցնում էր 4392—րդ տեղը, 2011 թվականի
սկզբին 4651—րդն էր, 2011 թվականի ամռանը ցուցանիշը հասել էր 2856—ի։
«Webometrics»—ն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է տարին
երկու անգամ՝ տարվա սկզբին եւ կեսին։