ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ։
Սերժ Սարգսյանը եւ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանում քննարկված կարեւորագույն օրակարգային հարցերի շուրջ։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։
Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ—ի եւ նրա կառույցների գործունեությանը։
Նյու Յորքում նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ այցելել է Սուրբ Վարդան Հայ առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջեւ։
Հանրապետության նախագահն այնուհետեւ Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպում է ունեցել Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր համայնքային գործիչների հետ։