Էլ ինչ Ամանոր առանց լույսերի, փայլերի ու տոնածառի, եւ ամենակարեւորը՝ առանց տոնական տրամադրության։ Ջերմ ու լուսավոր տրամադրություն էր երեկ թեւածում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել էին հազարավոր երեւանցիներ, քաղաքի հյուրեր՝ ներկա գտնվելու երկրի գլխավոր ու նոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր միջոցառմանը։
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր դստեր հետ բեմականացված միջոցառման ընթացքում բանալին պտտեցնելով վառեց գլխավոր տոնածառի եւ հրապարակի լույսերը՝ ազդարարելով մայրաքաղաքում Ամանորի միջոցառումների սկիզբը։ «Հրաշքները հենց այնպես չեն կատարվում, միակ պայմանը, որ քո երազանքը կկատարվի, պետք է լինի այն, որ դրա մասին երազեն բոլորը։ Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ կատարվի։ Եվ փաստորեն 2018 թ. Ամանորին բոլորս երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանում»,—ասաց քաղաքապետը եւ բոլորին մաղթեց երազանքների իրականացում։
Միջոցառմանը հաջորդեց գունագեղ հրավառությունը եւ շարունակվեց նախատոնական համերգը։
Նոր տոնածառը ունի 37 մ բարձրություն, լուսային շղթաների ընդհանուր երկարությունը հասնում է 200000 մետրի, զարդարված է 1500 խաղալիքով, ձեւավորված է արհեստական եղեւնու ճյուղերով։ Տարածաշրջանում նմանը չունեցող տոնածառը կուրախացնի մեր մանուկներին ու մեծերին առնվազն տասը տարի։