Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերջին դեպքերի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի շուրջ «Panorama.am»—ը զրուցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ստեֆան Փաունդի հետ։
Խոսելով Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որը նա անձամբ բարձրացրել էր Անգլիայի խորհրդարանում, Ստեֆան Փաունդն ասաց, որ ցեղասպանության ճանաչման հիմնական քաղաքական խոչընդոտները մի կողմից թուրք—բրրիտանական կապերն են՝ այն, որ Թուրքիան եւ Անգլիան ՆԱՏՕ—ի անդամ երկրներ են, եւ որ Թուրքիայի դերը գնալով ավելի է մեծանում, հատկապես աշխարհում տիրող հակամարտությունների մեջ։ Մյուս կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Անգլիան ստիպված պետք է լինի նաեւ ճանաչել դարասկզբի այլ ցեղասպանությունները, ինչպիսին է օրինակ իռլանդացիների ցեղասպանությունը։ Իսկ այն իրավական փաստարկը, որ ցեղասպանություն տերմինը սահմանվել է միայն 1946թ. եւ որ հետադարձ ուժ չի կարող ունենալ, Փաունդը համարում է զուտ անհեթեթ պատրվակ։ Սակայն ըստ նրա՝ որոշակի հույս այնուամենայնիվ կա, եւ նա շարունակելու է պայքարել, մինչեւ ցեղասպանությունը ճանաչվի Անգլիայի կողմից։
Խոսելով Ադրբեջանի կողմից վերջերս ավելի ագրեսիվ դարձած կեցվածքի ու հրադադարի խախտման դեպքերի մասին՝ Փաունդն ասաց. «Ադրբեջանը ձախողված պետություն է (failed state)՝ կաշառակերությամբ լի պետություն առանց քաղաքական լեգիտիմության, որը լիովին կոռումպացված է բոլոր մակարդակներում։ Այս պարագայում այն ամենը, ինչը կարող է շեղել ուշադրությունը Ալիեւի կլանից, ինչպիսիք են սահմանային միջադեպերը, դիտվում են որպես ցանկալի երեւույթ՝ սա մեղքը արտաքին հանգամանքների վրա բարդելու քաղաքականություն է»։
Փաունդը նաեւ նշեց, որ սահմանային միջադեպերը Բաքվի այն քաղաքականության արդյունք են, որով նա ջանում է մշտապես հիշեցնել, որ հակամարտությունը շարունակվում է։ Դրա մեկ այլ օրինակ է այն, որ Ադրբեջանը, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, հատուկ չի ապահովում փախստականներին տներով եւ կացարաններով, եւ նրանցից շատերը դեռ ապրում են վրաններում։
Խոսելով այն վտանգի մասին, որ Ադրբեջանը ներկայացնում է այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Փաունդն ընդգծեց այն փաստը, որ Հայաստանը սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջանը գոյության սպառնալիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար. «Պատերազմի ավարտին եթե հայկական բանակը ցանկանար, ապա կարող էր գրավել Բաքուն, ո՛չ մի արգելք չկար նրա դիմաց։ Սա նշանակում է, որ հայկական կողմը չունի տարածքային նկրտումներ Ադրբեջանի հանդեպ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին»։
Փաունդը նաեւ դատապարտեց Ադրբեջանի տնտեսական շրջափակման քաղաքականությունը, մասնավորապես այն, որ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը թույլ չի տալիս, որ Ստեփանակերտում գործի օդանավակայանը, եւ ասաց, որ Ադրբեջանի տնտեսական պատերազմին պետք է վերջ դնել։
Ստեֆան Փաունդը նաեւ նշեց, որ ինքը բազմիցս այցելել է Ղարաբաղ եւ որ ցանկացած ոք, ով գեթ մեկ անգամ այցելում է Ղարաբաղ, տեսնում է, որ այնտեղ ամեն ինչ հայկական է՝ հողը, ջուրը, եկեղեցիները, եւ այն պնդումը, թե Ղարաբաղը ադրբեջանական է՝ լիովին զավեշտալի է թվում։
Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ ինքը հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում» Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, Փաունդն ասաց, որ ինքը հպարտ է այդ ցուցակում հայտնվելու համար, եւ որ դա Նոբելյան մրցանակի պես մի բան է իր համար։
Ստեֆան Փաունդը նաեւ ունի մի ծրագիր, որով նա փորձում է կապեր հաստատել Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի եւ Լոնդոնի Իլինգ թաղամասի դպրոցների միջեւ։
|