
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20—ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական—ներկայացուցչական 5—րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական եւ ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը եւ նախաձեռնությունները, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Տերունական աղոթքից եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին՝ ժողովին մասնակցելու հրավերի համար եւ Եկեղեցական—ներկայացուցչական 5—րդ ժողովին մաղթել արդյունավետ աշխատանք։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչներին, հայրապետական պատվիրակությունների եւ թեմերի պատգամավորներին եւ հյուրերին ուղղված խոսքում նախագահը, օգտվելով պատեհ առիթից, եւս մեկ անգամ իր եւ Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն է հայտնել հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին։
Սերժ Սարգսյանը ժողովականներին ներկայացրել է նախօրեին ավարտված՝ Սուրբ Աթոռ իր պաշտոնական երկօրյա այցի արդյունքներն ու տպավորությունները եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող, հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ եկեղեցի—պետություն համագործակցության առավել ամրապնդման հնարավորություններին, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին, պետության հետ համագործակցությամբ եկեղեցու ջանքերին, Սիրիայից հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցությանը, Հայաստանի սոցիալ—տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատաքններին, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին։
Ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ԵՆԺ—ին՝ Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել է եկեղեցական—ներկայացուցչական ժողովների կարեւորությանը՝ Հայ եկեղեցու առջեւ ծառացած զանազան մարտահրավերների հաղթահարման եւ եկեղեցական կյանքը կանոնական սկզբունքների վրա խարսխելու առումով, տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։ Նորին սրբությունը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ Հայաստանյայց առաքելական Ս. եկեղեցուն մշատապես աջակցելու եւ նրա առաքելությանը զորավիգ լինելու համար։
|