Նախագահ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը,
ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Կոնգրեսականների
պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես
կարեւորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ,
որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել
Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ մեր
տարածաշրջանում կայունության պահպանման գործում: «˙գտվելով այս պատեհ
առիթից՝ ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախությունից ի վեր
Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական եւ տեխնիկական
օժանդակությունը հնարավոր դարձնելու համար: Այս տարի լրանում ԱՄՆ-ի հետ
դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, եւ ուրախ եմ, որ
այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների
զարգացման լավագույն մակարդակի վրա»,-ասել է նախագահ Սարգսյանը: ԱՄՆ
կոնգրեսականները կարեւորել են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ
հարաբերությունների զարգացումը. «Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու
իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության օրինակ կարող է
լինել շատ-շատերի համար»,-ասել է Դեյվիդ Դրայերը: Հանդիպմանը քննարկվել է
հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող
հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկկողմ եւ բազմակողմ համագործակցության
ամրապնդման կարեւորությունը:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|