ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 10 » Անցում կառավարման խորհրդարանական մոդելին /Քննարկումների ընթացքում գերակայել է այս տեսակետը/
10:29
Անցում կառավարման խորհրդարանական մոդելին /Քննարկումների ընթացքում գերակայել է այս տեսակետը/

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծն արդեն պատրաստ է եւ այն կներկայացվի Վենետիկի հանձնաժողով։ «Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումները տեղի կունենան այս ամսվա 19, 20, 21—ին Փարիզում։ Հանդիպումներից հետո նախագիծը վերջնական տեսքով հնարավոր կլինի հաստատել եւ արդեն հոկտեմբերի 15—ին ներկայացնել հանրապետության նախագահին»,– երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։ 
Քննարկումների արդյունքում մասնավորապես որոշվել է կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարել խորհրդարանական մոդելին, որն էլ ուղղակիորեն ենթադրում է համամասնական ընտրական համակարգ։
Օրեր առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մեկ տարին լրացավ։ «Այս մեկ տարում կարողացանք մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը եւ դնել քննարկման»,–ասաց Գեւորգ Դանիելյանը։ Նա ներկայացրեց նախագծի անցած ճանապարհը։ Հանրային քննարկումն ընթացավ երկու փուլով։ Առաջինը՝ մասնագիտական լսարանում, որտեղ դիտողությունները, առաջարկությունները մասնագիտական տեսանկյունից էին, եւ այնուհետեւ քննարկումների երկրորդ փուլին, որ ավելի ընդգրկուն էր, մասնակցեցին հանրության լայն շրջանակներ, քննարկումներ եղան նաեւ մարզերում։ Գ. Դանիելյանը վստահեցնում է, որ քննարկումների շնորհիվ նախագծի նախնական տարբերակը տարբերվում է այժմ եղածից։ Սակայն քննարկումից ավելին էին սպասում. «Եթե հանրային քննարկումների արդյունքները գնահատելու լինենք, ապա կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ արդյունավետ էին, սակայն լուրջ վերապահումներով, որովհետեւ այն ակնկալիքը, որ մենք ունեինք, հատկապես քաղաքական քննարկումների հետ կապված, չարդարացավ։ Մեր սպասելիքն այն էր, որ քննարկումները շատ ավելի խորը կլինեին»։ Հայեցակարգը նախագահին ներկայացնելու փուլում եւս լինելու են քաղաքական քննարկումներ. «Հուսանք, որ այդ քննարկումները շատ ավելի արդյունավետ կլինեն»։
Գ. Դանիելյանն անդրադարձավ քննարկումների ժամանակ հնչած մտահոգություններին եւ նախնական տարբերակում կատարված փոփոխություններին։ Դրանցից առանձնացրեց բարեփոխումների անհրաժեշտ լինել—չլինելու հարցը։ Որոշ շրջանակներ նշում էին, թե հիմա դրանց ժամանակը չէ, բարեփոխումների անհրաժեշտություն չկա, մինչդեռ հայեցակարգի նախագծում բավականին լայնածավալ բացատրություն է տրվել, թե ինչու են փոփոխություններն անհրաժեշտ։ Գ. Դանիելյանն ասաց, որ այդպես արտահայտվողները չեն կարողանում որեւէ լուրջ փաստարկ ներկայացնել՝ ապացուցելու իրենց ասածի ճշմարտացիությունը. «Բոլոր այն դատողությունները, որոնք կապ ունեն սոցիալ—տնտեսական կամ քաղաքական խնդիրների առկայության հետ, հիմքեր չունեն, քանի որ գործընթացը բացարձակապես չի խոչնդոտում դրանց, սա ինքնուրույն գործընթաց է, եւ ավելին, եթե հաջողության հասնի, ապա ինչ—որ կերպ կնպաստի նշված խնդիրների լուծմանը»։
Մեկ այլ մտահոգություն էլ վերաբերում է փոփոխությունների ուղղվածությանը, ըստ որի սահմանադրական բարեփոխումները ձեւակերպվել են «իշխանության վերարտադրման» համար։ Նա հորդորեց այդ կարծիքն ունեցողներին համադրել գործող Սահմանադրությունը եւ այն նախագիծը, որ դրվել է հանրային քննարկման. «Նկատելի է, որ նախագիծը դյուրին ընթացակարգ չի նախատեսում իշխանության վերարտադրման համար՝ ճիշտ հակառակը»։ 
Գեւորգ Դանիելյանը նշեց, որ քննարկումների ընթացքում խորհրդարանական փոքրամասնություն կազմող ուժերի կամ ընդհանրապես արտախորհրդարանական ուժերի համար առաջարկվել է մի տարբերակ, ըստ որի կարող են արդեն պատասխանատու դիրքեր ունենալ վերահսկողական ծառայություններում՝ վերահսկիչ պալատում եւ այլ ծառայություններում. «Իհարկե, սա բավականին լուրջ խնդիր է, եւ միջազգային փորձը երբեմն առավելություն չի տալիս նշված տարբերակին, սակայն կարծում ենք, որ այս շրջանում անհրաժեշտ են նման վերադասավորումներ, որովհետեւ սա հնարավորություն է տալիս քաղաքական համակարգում ունենալ զարգացում, ինչպես նաեւ փոխզիջման տարբերակ»։ Լուծում է տրվել նաեւ միջազգային կազմակերպություններին միանալիս ինքնիշխանության պահպանման երաշխիքների հարցին. «Մենք նախատեսել ենք, որ բարեփոխումների բարեհաջող ավարտից հետո կունենանք իրավակարգավորում, ըստ որի, բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունը կմիանա այնպիսի միջազգային կազմակերպության, որի արդյունքում այս կամ այն չափով տեղի կունենա իշխանության ցանկացած չափով սահմանափակում, ապա այս հարցերը կարող են քննարկման դրվել եւ ընդունվել միայն հանրաքվեի միջոցով»։ Գ. Դանիելյանը գոհունակությամբ նշեց, որ իր այդ առաջարկն ընդունվեց հանձնաժողովի բոլոր 9 անդամների եւ հավասարապես բոլոր քաղաքական ուժերի կողմից. «Բոլորն էլ կարծում են, որ պետության ինքնիշխանությունը չափազանց կարեւոր ինստիտուտ է, եւ դրա պահպանման երաշխիքների ընդլայնման կարիք մենք այսօր ունենք»։ Փոփոխությունների շնորհիվ նաեւ քաղաքական փոքրամասնությունները կկարողանան հասնել օրենսդրական բարեփոխումների. «Սա նշանակում է, որ մեծամասնությունը պետք է հաշվի նստի փոքրամասնության հետ, այլապես ոչ մի օրգանական օրենք չի կարող ընդունվել։ Սա քաղաքական համակարգի առողջացմանը նպաստող գործոն է»։
Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա առայժմ այլընտրանքը պահպանվում է դատական համակարգի երկաստիճան կամ եռաստիճան համակարգի հարցում։ Հանձնաժողովի անդամների մեծամասնությունն առավել հիմնավորված տարբերակ է համարում եռաստիճան դատական համակարգը, սակայն հանձնաժողովում կան անդամներ, ովքեր երկաստիճան համակարգի կողմնակիցներ են։
Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ բարեփոխված Սահմանադրությունում կարելի է նախատեսել երդվյալ ատենակալների ինստիտուտը, տարեկան 30 քրեական գործ կլինի, որոնցով երդվյալ ատենակալների մասնակցության անհրաժեշտություն կլինի։ 
«Մյուս փոփոխությունները վերաբերում են նրան, որ մենք փորձել ենք առավելապես հաշվի առնել ստացված առաջարկությունները, էլ ավելի ընդլայնել մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների շրջանակը, դրանց պաշտպանության ընթացակարգերը, խորհրդարանի լիազորությունները՝ հատկապես վերահսկողական բնույթի, սակայն այստեղ առկա է թյուրըմբռնում. եղան մասնագետներ, որ հայտարարեցին, թե խորհրդարանական մոդելին անցնելիս, խորհրդարանը հազիվ թե ի վիճակի լինի իրականացնելու վերահսկողություն կառավարության նկատմամբ»,–ասաց նա։ Բերելով միջազգային փորձի օրինակը՝ Գ. Դանիելյանը նշեց, որ չկա մի երկիր, որտեղ խորհրդարանական կառավարում է իրականացվում եւ վերահսկողությունն ավելի առարկայական չէ. «Ցանկացած իշխանության ճյուղ եթե ունի լիազորություններ, ապա պետք է ունենա նաեւ պատասխանատվություն»։ Նա վստահեցրեց, որ նշված առաջարկությունների ընդունվելու դեպքում Սահմանադրությունը արմատապես կվերափոխվի. «Սա այսուհետ կլինի ոչ պարբերաբար կրկնվող, քանի որ մենք նախատեսում ենք լծակներ, որոնք թույլ կտան պարբերաբար զարգացնել սահմանադրականությունը։ Այսօր առանց Սահմանադրությունը փոխելու սահմանադրականության զարգացում ապահովել հնարավոր չէ»։
Մասնագետը համաձայն չէ այն կարծիքին, որ քննարկումներին բնորոշ էր պասիվություն. «Սեպտեմբերի 16—ին, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը հրավիրել է քննարկումներ հայեցակարգի շուրջ։ Այն, որ հանձնաժողովը քաղաքական ուժերից ու այլ կազմակերպություններից ստացել է 200—ից ավելի առաջարկություններ, չի խոսում պասիվության մասին։ Քաղաքական քննարկումներ դեռ կլինեն»։
Ըստ հանձնաժողովի անդամի՝ առաջարկությունների մեծ մասը հաշվի կառնվի։ Օրինակ՝ բազմաթիվ են ՏԻՄ մարմինների պաշտոնազրկման մեխանիզմի հարցի վերաբերյալ առաջարկները։
Ամփոփելով՝ Գ. Դանիելյանը հույս հայտնեց, որ բարեփոխումները բարեհաջող ավարտ կունենան։ «Մեր խնդիրն է լինել առավել հետեւողական։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին լինել աչալուրջ այս հարցում»,– ասաց նա՝ նշելով, որ ընդդիմադիր ուժերի համար փոփոխությունները չեն կարող անընդունելի լինել, նրանք պետք է ավելի շահագրգռված լինեն, քան իշխող կուսակցությունը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 473 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024