ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճը
Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում երեկ անցկացվեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական 11 ուժերի համամասնական ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճը։ Այն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի խոսքով, աննախադեպ էր Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ։
Բանավեճի մասնակիցները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերի հիմնադրույթները երկրի համար կարեւորագույն (պետականաշինության ամրապնդում, բանակաշինություն, տնտեսության զարգացում եւ այլն) հարցերի լուծման գործում, տեսակետներ արտահայտեցին մեր հասարակության առջեւ ծառացած հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ, կարծիքներ հայտնեցին ներքին ու արտաքին քաղաքականության զարգացումների շուրջ՝ կարեւորելով , մասնավորապես, Արցախի անկախության ճանաչման եւ նրա զորացման հույժ անհրաժեշտությունը, պատասխանեցին միմյանց ուղղված հարցերին եւ այլն։
|