ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 15 » Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/
09:31
Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/

Սարդարապատի հերոսամարտին զուգահեռ, 1918թ. մայիսյան հենց այդ նույն օրերին, Արագած լեռից արեւելք ընկած տարածքում՝ Ապարանի սարահարթում, ընթանում էր Բաշ—Ապարանի հերոսամարտը։ Թուրքական հրամանատարությունը, լավ հասկանալով, որ իր ճանապարհին կանգնած առավել խոշոր եւ իրական խոչընդոտը երեւանյան զորախումբն է, փորձեց հարվածել նրան նաեւ հյուսիս—արեւելքից՝ Բաշ—Ապարանի ուղղությունից։ Այդ նպատակով մայիսի 21—ին, ճանապարհային կարեւոր հանգույց Համամլու գյուղի գրավումից հետո, թուրքական 9—րդ դիվիզիան շրջվեց հարավ եւ Սպիտակի լեռնանցքով նպատակաուղղվեց դեպի Բաշ—Ապարան։ Թուրքական մեկ այլ, օժանդակ զորասյուն Ապարանի սարահարթ դուրս եկավ Արագած լեռան հյուսիսային լանջով։
Մայիսի 3—րդ տասնօրյակի առաջին օրերին Բաշ—Ապարանի օպերատիվ ուղղությունում հայկական կանոնավոր զորքեր բացարձակապես չկային։ Դա հայկական հրամանատարության վրիպումն էր, եւ եթե այդ օրհասական պահին ի հայտ չգար բաշապարանյան աշխարհազորը, ապա դրությունը կարող էր դառնալ շատ ավելի վտանգավոր՝ Երեւանի եւ երեւանյան զորախմբի համար։
Բաշ—Ապարանի հերոսամարտի առավել էական տարբերությունը մյուս երկու հերոսամարտերից այն է, որ այստեղ հարձակվող թշնամու առաջին հարվածն իր վրա ընդունեց համեմատաբար մեծաքանակ եւ լավ կազմակերպված աշխարհազորը։ Վերջինիս ստեղծումը պայմանավորված էր Բաշ—Ապարանի, ինչպես նաեւ Աշտարակի շրջանների հայրենասեր գյուղացիությանը մոտեցող արհավիրքին դիմագրավելու նպատակով ժամանակին եւ ճիշտ կազմակերպելու հանգամանքով։ Կարսի անկումից դեռեւս առաջ, Արամ Մանուկյանը եւ գեներալ Սիլիկյանը հեռատեսորեն կանխատեսելով գալիք արհավիրքները, Բաշ—Ապարանի շրջանի կոմիսար Սեդրակ Ջալալյանի եւ Արսեն Աղայի (Արսեն Պողոսյան) միջոցով նախապատրաստական լուրջ աշխատանքներ էին կատարել աշխարհազորային ջոկատների կազմավորման ուղղությամբ։ Հենց սրանով է բացատրվում առաջին հայացքից անհասկանալի այն «հրաշքը», թե ինչպես պատահեց, որ Ապարանի սարահարթում թուրքական ուժերի երեւալու հետ միաժամանակ ծնունդ առավ հայկական աշխարհազորը։
Մայիսի 22—23—ը բաշապարանյան աշխարհազորային ջոկատները երկու օր անընդմեջ, միայնակ մարտնչում էին թուրքական կանոնավոր զորամասերի դեմ։ Միրաքի կամրջի եւ Դանագիրմազի մարտերից հետո, չդիմանալով առավել ուժեղ հակառակորդի ճնշմանը, նրանք նահանջեցին հարավ՝ Բաշ—Ապարան եւ Ալիքուչակ՝ միանալով արդեն օգնության եկած հայկական կանոնավոր զորքերին։ 
Այսպիսով, բաշապարանյան աշխարհազորը լուծեց իր առաջին կարեւորագույն խնդիրը՝ շահեց այն թանկագին ժամանակը, որն անհրաժեշտ էր Սարդարապատի ռազմաճակատից Բաշ—Ապարանի ռազմաբեմ զորքերի տեղափոխման համար։ Չլիներ աշխարհազորի դիմադրությունը, թուրքերը կկարողանային առաջանալ անարգել կերպով եւ դժվար կլիներ ասել, թե որտեղ ու ինչպես կարելի էր կասեցնել Երեւանը հյուսիսից գրոհող թշնամուն։
Իմանալով բաշապարանյան ուղղությամբ թուրքերի հարձակման մասին՝ Սիլիկյանն անհապաղ ձեռնարկեց հակամիջոցներ։
Մայիսի 23—ին Դրոն նշանակվեց ճակատի հրամանատար եւ անմիջապես մեկնեց Բաշ—Ապարան. սկսվեց երեւանյան զորախմբից առանձին զորամասերի եւ կամավորական խմբերի տեղափոխումը բաշապարանյան ճակատ։ Ժամանող զորքերը մեծապես բարձրացրին տեղի աշխարհազորի եւ ժողովրդի առանց այն էլ բարձր մարտական ոգին։ Հարյուրավոր աշխարհազորայիններ համալրեցին կանոնավոր զորքերի շարքերը։
Մայիսի 25—ին, փորձելով հենց սկզբից տիրել նախաձեռնությանը եւ ժամանակ շահել, Դրոն ձեռնարկեց շեշտակի հարձակում Ալիքուչակից դեպի Ղոնդախսազ, որը նույն օրը եւեթ գրավվեց հայկական ուժերի կողմից։ Սակայն այս առաջին հաջողությունը շատ կարճատեւ եղավ։ Թուրքական գերակշիռ ուժերը հայկական հարձակվող խմբավորմանը հետ մղեցին Ղազնաֆար—Ալիքուչակ գիծը։
Ստանալով նորանոր ուժեր երեւանյան զորախմբից, Դրոն կատարեց ուժերի վերախմբավորում եւ մայիսի 27—ին ձեռնարկեց երկրորդ հարձակումը։ Այս անգամ արդեն բաշապարանյան խմբավորումը կենդանի ուժով եւ սպառազինությամբ գրեթե չէր զիջում հակառակորդին։ Հայկական զորքերի շատ բարձր մարտական ոգին եւ Դրոյի զորավարական տաղանդը դարձան այն լրացուցիչ գործոնները, որոնց օգնությամբ հաջողվեց տանել լիարժեք հաղթանակ։ Մայիսի 27—29—ը ընթացող վճռորոշ մարտերի ընթացքում թուրքական 9—րդ դիվիզիան կրեց ծանր պարտություն եւ հետ շպրտվեց հյուսիսում՝ մինչեւ Միրաք գյուղ, իսկ արեւմուտքում՝ մինչեւ Դանագիրմազ լեռը։
Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին ուղարկած հեռագրում Սիլիկյանը, խոսելով Սարդարապատի եւ Բաշ—Ապարանի ճակատամարտերում մեր զորքերի տարած հաղթանակի մասին, մասնավորապես հայտնում էր հետեւյալը. «Եռօրյա համառ մարտերից հետո, Սարդարապատի ուղղությամբ մայիսի 27—ին թեւերից շրջանցված, ջարդված թուրքերը նահանջեցին՝ հետապնդվելով մեր զորքերի կողմից։ Հետապնդումը տեղի էր ունենում Կարակալա կայարանի (Ղարաղուլա կիսակայարան) եւ Սոգութլու գյուղի ուղղությամբ։ Թուրքերի կորուստները նշանակալի են։ Այդ նույն ժամանակ Բաշ—Ապարանի ուղղությամբ մեր առաջավոր դիրքերից (մոտ երկու գունդ եւ հրետանի) ճնշված թշնամին երկօրյա համառ մարտերից հետո, մայիսի 29—ի երեկոյան գլխովին ջախջախվեց եւ հետ շպրտվեց՝ մարտի դաշտում թողնելով 200—ից ավելի դիակ։
...Զինվորների ոգին գերազանց է»։
Մայիսի 30—ին, ինչպես Սարդարապատի ճակատում, Բաշ—Ապարանի ճակատում եւս հաստատվեց զինադադար, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Կողմերի դրությունը մնաց հիմնականում նույնը եւ պահպանվեց մինչեւ առաջին աշխարհամարտում Թուրքիայի կապիտուլյացիան։
Բաշ—Ապարանի հերոսամարտում հայերի տարած հաղթանակը վերացրեց Երեւանին հյուսիսից սպառնացող վտանգը, ինչպես նաեւ կանխեց Սարդարապատի խմբավորմանը թիկունքից հասցվելիք հարվածը։ Իր հերթին, Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերի տարած փայլուն հաղթանակը զրկեց թուրքերին բաշապարանյան խմբավորման թիկունքին հարավից հարվածելու հնարավորությունից։
ժամանակագրական առումով, 1918թ. մայիսյան հերոսամարտերի շարքում Ղարաքիլիսայի ճակատամարտը կարելի է համարել երրորդը, քանի որ, երբ այն սկսվեց (մայիսի 25), Սարդարապատի եւ Բաշ—Ապարանի ճակատներում մի քանի օր էր, ինչ ընթանում էին ռազմական գործողությունները։
Ալեքսանդրապոլ — Մ. Ղարաքիլիսա օպերատիվ ուղղությամբ հարձակվում էր թուրքական 11—րդ ԿՀԴ—ն (հրամանատար Ջաճիլ—Ջավիդ բեյ), որի նպատակն էր ճեղքել—դուրս գալ Ելիզավետպոլ եւ այնուհետեւ՝ հարձակումը զարգացնել Բաքվի ուղղությամբ։ Թե որքան էր թուրքական հրամանատարությունը կարեւորում այդ ուղղությունը, երեւում էր 3—րդ բանակի հրամանատար Վեհիբ փաշայի հետեւյալ խոսքերից. «Ղարաքիլիսան հարկավոր էր գրավել դեպի Աղստաֆա ճանապարհը բացելու համար»։
Ալեքսանդրապոլի ջոկատը, որ կոչված էր պաշտպանելու Ղարաքիլիսայի ուղղությունը, Ալեքսանդրապոլի անկմանը հաջորդած օրերին իրենից ներկայացնում էր գրեթե լիովին կազմալուծված եւ բարոյալքված մի զանգված, որը խառնված խուճապահար փախչող գաղթականությանը, մայիսի 21—ին թողեց Համամլուն, իսկ մայիսի 22—ին՝ նաեւ Մ. Ղարաքիլիսան։ Ստեղծված վիճակի համար պատասխանատու էր նախեւառաջ հայկական բարձրագույն հրամանատարությունը եւ առաջին հերթին՝ Ալեքսանդրապոլի ջոկատի հրամանատար գեն. Մ. Արեշյանը։ Ինչ խոսք, մեղքի իր մեծ բաժինն ուներ նաեւ հենց ինքը՝ գեն. Թ. Նազարբեկյանը, ով իր շտաբով ապաստանել էր Դիլիջանում եւ այստեղից հաղորդում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին, որ իր տրամադրության տակ գրեթե զինվորներ չկան, եւ ամեն գնով պետք է հաշտություն կնքել թուրքերի հետ...
Տասնյակ հազարների հասնող զորք—գաղթականության խառնիճաղանջ զանգվածը ի վերջո կուտակվեց Դիլիջանում։ Մայիսի 23—ին այստեղ տեղի ունեցավ հսկայական միտինգ, ուր իր պատմական, բացառիկ փայլուն ճառով հանդես եկավ Հայոց ազատամարտի ապագա խոշորագույն դեմքերից մեկը՝ Գարեգին Նժդեհը։ Բախտորոշ այդ իրադարձությունը հետեւյալ կերպ է ներկայացնում դեպքերի ականատես եւ մասնակից, կապիտան Արտավազդ Հարությունյանը. «Ծովածավալ բազմությունը, որ հուսալքված, ընկճված, հոգեկան ծանր տագնապի էր մատնված, մեկեն փոխվեցավ հմայված ու հիպնոսացած Նժդեհի հրաշունչ խոսքերեն։ «Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը,–կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը»։ Նժդեհի ելույթը բեկում մտցրեց եւ հեղաշրջող ազդեցություն ունեցավ զորքի եւ բնակչության վրա։ Ուշքի եկած հայ սպայությունը եւ հրամանատարությունը սկսեց կազմավորել վաշտեր, գումարտակներ, գնդեր, որոնք մարտական կարգով, «Մահ կամ հաղթանակ» կարգախոսով վերադառնում էին Ղարաքիլիսա՝ ճակատամարտելու անարգ ոսոխի դեմ։ Վերադարձող զորքի ավանգարդը կազմում էին Գ.ՆԺդեհի հեծելախումբը (50 սուր) եւ խիզախ հրետանավոր կապիտան Գ. Մովսեսյանցի հրետանային մարտկոցը։
Մայիսի 24—ի երեկոյան արդեն Ղարաքիլիսայի ջոկատը (7000 սվին եւ սուր, հրամ. գնդ. Ալ. Բեյ—Մամիկոնյան) դիրքեր էր զբաղեցրել գյուղաքաղաքի արեւմտյան մատույցներում։ Մայիսի 25—26—ը հայկական ուժերն անընդմեջ գրոհում էին թուրքական դիրքերը եւ հասան զգալի հաջողությունների։ Կատաղի մարտերի արդյունքում՝ գրավվեցին Ղշլաղ, Դարբաս, Հաջիղարա, Հալլավար գյուղերը, Գյադա—Մայմեխ լեռը, Իրխանլի ձմեռոցը եւ ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք բարձունքներ։ Աչքի ընկան հատկապես կենտրոնում (հրամ. գնդ. Ն.Ղորղանյան) եւ ձախ թեւում (գնդ. Ս.Սամարցյան) մարտնչող զորամասերը։ Սակայն վերջնականապես կոտրել հակառակորդի դիմադրությունը եւ նրան պարտության մատնել՝ չհաջողվեց։ Իր դերը խաղաց կենդանի ուժի եւ սպառազինության՝ թուրքերի ունեցած մեծ գերակշռությունը։

Շարունակելի

Էդիկ ՄԻՆԱՍՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 465 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024