ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 15 » Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/
09:31
Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/

Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում 1918թ. ապրիլին Կովկասյան ճակատը ռուս—թուրքականից վերածվեց թուրք—հայկական զինված կռվի։ Այլեւս որեւէ դաշնակցի կամ բարեկամի վրա հույս չդնող հայությունը համախմբվեց եւ մեկ բռունցք դարձած կռիվ տվեց իրենից թվապես եւ սպառազինությամբ բազմապատիկ ուժեղ թշնամու դեմ։ Արդյունքը վեցդարյա պետականազուրկ գոյությունից հետո Հայաստանի անկախ հանրապետության հռչակումն էր։ Անդրադառնանք հարյուրամյա վաղեմության գոյապայքարի հերոսական դրվագներին։
1918թ. մայիսի 15—ին Ալեքսանդրապոլը դավադրաբար գրավելուց հետո, թուրքական 3—րդ բանակի «Կարս» զորախումբը (հրամանատար՝ Յաղուբ Շեքի փաշա) ձեռնամուխ եղավ Արեւելյան Հայաստանի գրավմանն ուղղված գործողությունների իրականացմանը։ Հայ—թուրքական ռազմաճակատի հյուսիսային թեւում հարձակվող 5—րդ ԿՀԴ—ն (Կովկասյան հետեւակային դիվիզիա, հրամանատար՝ Մյուրսել—բեյ) նպատակ ուներ Ղարախաչի լեռնանցք—Վորոնցովկա—Բոլնիս Խաչեն երթուղով հարվածել Թիֆլիսին հարավից։ Ալեքսանդրապոլ—Երեւան երկաթուղու երկայնքով Երեւանի վրա էր շարժվում 36—րդ ԿՀԴ—ն (հրամանատար՝ Քյազիմ—բեյ), որն Արեւելյան Հայաստանի մայրաքաղաքի գրավումից հետո պետք է շարունակեր առաջխաղացումը երկաթուղով մինչեւ Ջուլֆա եւ այնուհետեւ աջակցեր Ատրպատականում գործող թուրքական ուժերին։ Վերոհիշյալ երկու ուղղությունների միջեւ ընկած տարածքում՝ Ալեքսանդրապոլ—Մ. Ղարաքիլիսա գծով հարձակվում էին 11—րդ (հրամանատար՝ Ջավիդ—բեյ) եւ 9—րդ (հրամանատար՝ Էսադ փաշա) ԿՀԴ—ները։ Սրանցից առաջինը նպատակ ուներ գրավել Մ. Ղարաքիլիսա ավանը եւ այնուհետեւ Դիլիջան—Քարվանսարա—Ղազախ գծով դուրս գալ Ելիզավետպոլ (Գանձակ)՝ միանալով տեղի մուսավաթական հրոսակախմբերին։ Դրանից հետո թուրք—թաթարական միացյալ ուժերն արշավելու էին դեպի Բաքու, ինչը եւ տեղի ունեցավ հետագայում։ Չորրորդ օպերատիվ ուղղությունն ի հայտ եկավ արդեն թուրքական հարձակման ընթացքում։ Ձգտելով հայկական զորքերի երեւանյան խմբավորմանը հարվածել ոչ միայն հյուսիս—արեւելքից՝ երկաթուղու երկայնքով, այլեւ հյուսիսից՝ Բաշ—Ապարան—Աշտարակ—Երեւան գծով՝ այդ նպատակով որոշվեց օգտագործել 9—րդ ԿՀԴ—ն։
Արաքսից հարավ՝ Սուրմալուի գավառում հարձակվում էր թուրքական 4—րդ կորպուսը (5—րդ եւ 12—րդ հետեւակային դիվիզիաներ), որը նպատակ ուներ նախ աջակցել Արարատյան դաշտում հարձակվող իրենց ուժերին, իսկ այնուհետեւ գրավել Պարսկաստանի Խուժիակը եւ Ջուտքը՝ Ատրպատականը։
«Կարս» զորախմբի հիշյալ չորս օպերատիվ ուղղություններով իրականացվող գործողությունները չէին հետապնդում միայն ռազմական նպատակներ։ Դրանք նախեւառաջ նպատակաուղղված էին պանթուրքիզմի մոտակա եւ ամենահրատապ խնդրի լուծմանը՝ արեւելահայության լիակատար ոչնչացմանը։ 1918թ. թուրքական հրոսակները պատրաստվում էին Արեւելյան Հայաստանում կրկնել այն, ինչ արեցին 1915 թ. Արեւմտյան Հայաստանում։ Ռազմական գործողությունների հետագա ողջ ընթացքն ապացուցեց թուրքական ղեկավարության այդ մտադրությունը։
Հայության իսպառ ոչնչացման ծրագիրը թուրքերն այնպես անթաքույց եւ լկտի կերպով էին իրականացնում, որ դա ստիպված էր խոստովանել նույնիսկ Առաջին աշխարհամարտում օսմանյան Թուրքիայի ավագ դաշնակից կայսերական Գերմանիայի Կոստանդնուպոլսում ռազմական կցորդ գեներալ Ֆոն Լոսովը, ով մայիսի 15—ին թուրքական հարձակման վերսկսման կապակցությամբ թուրքական մայրաքաղաքից Բեռլին է հաղորդում բառացիորեն հետեւյալը. «Մաքուր հայկական մարզեր Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի եւ Երեւանի նկատմամբ թուրքերի չափից դուրս պահանջները ցույց են տալիս, որ նրանք ձգտում են գրավել Բրեստի պայմանագրով չնախատեսված մարզեր, շահագործել Կովկասը եւ իրականացնել հայերի լրիվ ոչնչացումն Անդրկովկասում»։
Արեւելյան Հայաստանը լայնքով ու երկայնքով բզկտել պատրաստվող արյունռուշտ թշնամու ծրագրերին, սակայն, վիճակված չէին իրականանալու։ Միակամ կերպով ոտքի ելած հայ ժողովուրդը կերտեց 1918թ. մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ—Ապարանը եւ Ղարաքիլիսան՝ զենքով նվաճելով գոյության իր իրավունքը եւ ապացուցելով, որ դարավոր ոսոխին անհրաժեշտության դեպքում կարելի է եւ պետք է ջախջախել։
Ալեքսանդրապոլի անկումից հետո, Հայկական կորպուսը փաստորեն դադարեց մեկ միասնական օրգանիզմ լինելուց։ Այն տրոհվեց՝ իրարից լիովին անկախ գործող Երեւանի եւ Ղարաքիլիսայի (նախկին Ալեքսանդրապոլի) զորախմբերի, որոնցից վերջինը մինչեւ մայիսի 23—ը գրեթե լիովին կազմալուծված էր։
Երեւանյան զորախմբի հիմնական հարվածային ուժը կազմում էր Հայկական կորպուսի 2—րդ դիվիզիան, որը տեղակայված էր Արարատյան դաշտում եւ պաշտպանում էր Երեւանը։ Զորախմբի հյուսիս—արեւելյան առաջապահն էր կազմում Արագածի ջոկատը (հրամանատար՝ գնդապետ Կազիմիրսկի), որը տեղակայված էր Ալեքսանդրապոլից հարավ՝ Ախուրյանի ձախ ափի երկայնքով։ Մայիսի 18—20—ը հարձակվող թուրքական 36—րդ ԿՀԴ—ի ճնշման տակ Արագածի ջոկատը նահանջեց Արարատյան դաշտ եւ միաձուլվեց երեւանյան զորախմբին (Սարդարապատի ջոկատ)։ Վերջինիս եւ, ընդհանրապես, ողջ հայ—թուրքական ռազմաճակատի հարավային թեւը կազմում էր Իգդիրի ջոկատը (հրամանատար՝ գնդապետ Դանիել Բեկ—Փիրումյան), որը տեղակայված էր Սուրմալուի գավառում եւ կոչված էր պաշտպանելու Երեւանն ու Արարատյան դաշտը հարավից։ Կարսի զինադադարը ուխտադրժորեն խախտած եւ հարձակման անցած թուրքական զորքերի (5—րդ եւ 12—րդ հետեւակային դիվիզիաներ) ճնշման տակ Իգդիրի ջոկատը մայիսի 18—20—ը ստիպված էր պարպել Սուրմալուն եւ անցնել Արաքսի հյուսիսային ափ՝ միաձուլվելով երեւանյան զորախմբին։
Մայիսի 21—ին թուրքական 36—րդ ԿՀԴ—ի առաջապահ ուժերը գրավեցին Սարդարապատ կայարանն ու գյուղը՝ ընդհուպ մոտենալով Էջմիածնին՝ հայոց հոգեւոր մայրաքաղաքին։ Առաջխաղացման տեմպը պահպանելու դեպքում թշնամին 1—2 անցումից հետո կարող էր մտնել Երեւան։ Սակայն այդ օրհասական պահին հայ հոգեւոր, քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը հանդես բերեց մինչ այդ երբեւէ չտեսնված անսասան կամք, վճռականություն եւ միասնականություն։ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց թողնել Ս. Էջմիածինը եւ էվակուացվել թիկունք։ Գեներալ Մ. Սիլիկյանը եւ Դրոն որոշեցին վերջնականապես դադարեցնել հայկական զորքերի նահանջը եւ հակառակորդին պարտադրել վճռական ճակատամարտի՝ նրան ամեն գնով ջախջախելու եւ Երեւանից հետ շպրտելու նպատակով։
Հայոց պատմության այդ բախտորոշ պահին, սակայն, անշուշտ թիվ մեկ դեմքը Արամ Մանուկյանն էր՝ Երեւանի Հայոց ազգային խորհրդի նախագահը եւ այդ նույն Երեւանի դիկտատորը՝ սիրված եւ հարգված ամբողջ ժողովրդի կողմից։ Արեւմտահայաստանի 1915թ. հերոսամարտերից ամենափառահեղի՝ Վանի ապրիլյան հաղթական հերոսամարտի կազմակերպիչը 1918թ. մայիսին դարձավ այն առանցքը, որի շուրջը պտտվում էին իրադարձությունները, եւ որն էլ հաղթանակի առաջնորդեց զորքին ու ժողովրդին։
Հետագա նահանջի կործանարարության գիտակցումը օրվա ղեկավարությունից փոխանցվեց բոլորին, եւ հենց այդ էլ դարձավ մայիսյան ապագա հաղթանակների հիմնական գրավականը։
1918թ. մայիսի 22—ին, գեներալ Սիլիկյանի մշակած պլանի համաձայն, հայկական զորքերն անցան վճռական հակահարձակման Քյորփալու—Արդաշար—Դուրդուղուլի գծից եւ հակառակորդին հետ շպրտեցին մինչեւ Արաքս կայարան։ Ճակատում ձեռք բերված այս առաջին լուրջ հաղթանակի ազդեցությունը հսկայական էր։ Ահա թե ինչ էր գրում այդ մասին ճակատամարտի մասնակից, հայկական հրետանային բրիգադի հրամանատար, գնդապետ Քրիստափոր Արարատյանը. «Թուրքերը չդիմացան եւ սկսեցին հետ քաշվել։ Դա բարձրացրեց զորքի եւ բնակչության ոգին, ամբողջ Վաղարշապատը բառացիորեն թնդում էր ցնծության պոռթկումից։ Բնակիչները սկսեցին խմբերով ներկայանալ՝ զենքով եւ սննդամթերքով ճակատ մեկնելու համար։ Համալրում եկավ ամեն տեղից, հատկապես Երեւանից եւ Ղամարլուից»։
Մայիսի 24—ին Մ. Սիլիկյանը կադրային զինվորականին ոչ հատուկ կրակոտ հայրենասիրական կոչով դիմեց ժողովրդին, ուր ասված էր. «Հայե՛ր, շտապեցեք հայրենիքը ազատելու։ Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի՝ հայրենիքի փրկության եւ իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության համար պիտի գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար...
Հայե՛ր, ժամանակը չէ՛ դանդաղելու. մինչեւ 50 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու։ Ես պահանջում եմ բոլորից հայրենիքի պաշտպանության համար ներկայանալ ձեր զենքով ու փամփուշտներով»։
Մայիսի 23—26—ը դրությունը Սարդարապատի ճակատում մնաց հիմնականում նույնը։ Լուրջ հարձակողական գործողություններ զարգացնելու հակառակորդ կողմերի փորձերը որեւէ արդյունք չտվեցին։
Մայիսի 27—ը դարձավ Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ օրը։ Այդ օրը հայկական զորքերը, Մ. Սիլիկյանի եւ նրա տեղակալ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի մշակած պլանի համաձայն, փայլուն՝ թեւային շրջանց զորաշարժով պարտության մատնեցին Արաքս կայարանի շրջանում ամրացած հակառակորդին եւ հետ շպրտեցին նրան։ Մայիսի 28—ին ջախջախված հակառակորդի հետապնդումը շարունակվեց։ Մայիսի 29—ի լուսաբացին Սարդարապատի ջոկատի առաջապահ ուժերը դուրս եկան Անի կայարան—Սոգըթլի գիծը։ Դրանով ճակատամարտն ավարտվեց։ Մայիսի 30—ին ստացվեց Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թ. Նազարբեկյանի հրամանը, որով Սարդարապատի ջոկատը ստիպված էր դադարեցնել ռազմական գործողությունները։ Այդ հրամանն արդյունք էր՝ Բաթումում թուրքական եւ հայկական պատվիրակությունների միջեւ ձեռք բերված զինադադարի համաձայնության, մայիսի 29—ի գիշերը հայկական պատվիրակությունն ընդունել էր թուրքերի եռօրյա (մայիսի 26— 29) վերջնագիրը։ Այսպիսով Մ. Սիլիկյանի զորքին ուղղված մայիսի 29 ի «Դեպի՛ Ալեքսանդրապոլ» կոչ—հրամանին վիճակված չէր իրականանալու։ Դեպի Ալեքսանդրապոլ եւ Կարս արշավել պատրաստվող հայկական զորքերը ստիպված էին ոչ միայն կանգ առնել, այլեւ հունիսի 14—ին հետ քաշվել Բաթումի խայտառակ պայմանագրով հաստատված սահմանագիծը, որով փաստորեն ի չիք էին դառնում Սարդարապատի ճակատամարտում ձեռք բերված փայլուն հաղթանակի արդյունքները։

Շարունակելի

Էդիկ ՄԻՆԱՍՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, 
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024