ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 01:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 1 » Արկտիկական ցրտեր՝ Հայաստանում /Եղանակային պայմանների վատթարացումը վնասել է գյուղատնտեսությանը/
17:00
Արկտիկական ցրտեր՝ Հայաստանում /Եղանակային պայմանների վատթարացումը վնասել է գյուղատնտեսությանը/

Սառը ցիկլոնի պատճառով շաբաթ օրը Հայաստանում գրանցվեց ջերմաստիճանի աննախադեպ նվազում, եւ սկսվեցին առատ տեղումներ։ Մարտի 29—ին ուժեղ կարկուտ, ապա՝ անձրեւ գրանցվեց մայրաքաղաքում, իսկ մարտի 30—ի գիշերը սկսեց առատ ձյուն տեղալ։ Եղանակային այս բարդ իրավիճակը, մասնագետների մեկնաբանությամբ, սկիզբ էր առել դեռ մարտի 26—ին, երբ Բարենցի ծովի շրջանում ձեւավորված արկտիկական ճակատը մարտի 30—ին ներթափանցել էր Փոքր Ասիա եւ Կովկաս, ապա՝ Հայաստանի տարածք։ Մարտի 29—ին արդեն դիտվեց քամու ուժգնացում մինչեւ 20—30 մ/վրկ, ինտենսիվ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ մարտի 30—ի գիշերվա երկրորդ կեսին դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10—15 աստիճանով, եւ հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն։ Արդյունքում՝ տեղումների քանակը մարտի 29–30—ն ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ մարզերում գերազանցեցին ամսական նորման։
Ստեղծված իրավիճակը ստիպեց անմիջապես արձագանքել մայրաքաղաքի եւ հանրապետության կառավարման մարմիններին։ Հայտարարվեց, որ մարտի 31—ին պետական կրթական հաստատություններում՝ բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներն ու դասերը հետաձգվել են։
Բնականաբար, եղանակային անբարենպաստ պայմանները առաջին հերթին վնաս են հասցնում գյուղատնտեսության ոլորտին, հատկապես եթե հաշվի առնենք, որ մի շարք տարածաշրջաններում արդեն մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը երեկ հայտարարեց, որ իրենց մոտավոր հաշվարկներով՝ առատ ձյան պատճառով վնասվել է ծիրանի շուրջ 85 տոկոսը։ Մասնագետի խոսքով՝ ըստ նախնական տվյալների՝ գյուղացին կրել է 20—25 մլն ԱՄՆ դոլարի վնաս։
«Սա վերջնական չէ, նախնական հաշվարկ է, իսկ վերջնական տվյալների մասին կասենք ավելի ուշ՝ շաբաթվա վերջում։ Հիմնականում վնասվել են ծաղկած ծառերը, բայց օրինակ՝ վաղահաս կարտոֆիլին վնաս չի սպառնում։ Եթե գյուղացին ճիշտ պաշտպանի ագրոտեխնիկական կանոնները, կխուսափի նաեւ կարտոֆիլի հիվանդությունից։ Ցորենը նույնպես չի վնասվել, իսկ բանջարաբոստանային կուլտուրաները հնարավոր չէր, որ վնասվեին։ Եթե գյուղացին սածիլը դաշտ հանած լիներ, հնարավոր էր, որ վնասվեին, բայց շատ արագ էլ կարող էին փոխարինել նոր սածիլներով»,— նշել է մասնագետը։
Հ. Բերբերյանն ընդգծել է, որ բնության դեմ անզոր ենք, եւ այս հարցում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը որեւէ մեկն իրավունք չունի մեղադրելու։ Նրա խոսքով՝ նախարարությունը փորձել է անել հնարավորը։ Այնպես որ, անբարոյական է որեւէ բանում մեղադրել նախարարությանը.
«Գյուղատնտեսությունը ծիրանով չի ավարտվում։ Իհարկե, կորուստներ ունենք, բայց ոմանք կարծում են, որ եթե ծիրան չկա, ուրեմն Հայաստանի գյուղատնտեսությունը կանգ է առել։ Նրանք չարաչար սխալվում են»։
Եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել։ Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքների մասին։
Նշվել է, որ մարտի 30—ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է։ Երեկ առավոտյան, ժամը 09։00—ի դրությամբ հոսանքազրկված էր մնում 17 բնակավայր՝ 6 հազար 370 բաժանորդով։ Աշխատանքներ են տարվել  նշված բնակավայրերում եւս էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Տեղեկացվել է, որ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման աշխատանքներ։ Տրանսպորտի եւ կապի նախարարության ճանապարհաշինական վարչությունը շարունակում է հանրապետության ճանապարհների մաքրումը։ Երեկվա դրությամբ փակ էին Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ—Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաեւ մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կային նաեւ դժվարանցանելի ճանապարhահատվածներ։ Երեկ տեղումները շարունակվել են հանրապետության հարավային մասում։
Փոխվարչապետը հանձնարարել է արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում։ Մարզպետներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական եւ կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման հարցը։ Նշվել է, որ առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը լրագրողներին տեղեկացրել է, որ մարտի 30—ի լույս 31—ի գիշերը պտղատու այգիներում որեւէ ծխահարում չի իրականացվել, քանի որ դա անօգուտ էր։ Եղանակային անբարենպաստ պայմաններից հատկապես տուժել են Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսությունները։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ծիրանենիները 100 տոկոսով ցրտահարվե՞լ են, ինչպես պնդում են արմավիրցիները, փոխնախարարն ասել է, որ դրա մասին դեռ վաղ է խոսել։ Պետք է եղանակը բացվի, արեւը դուրս գա, ձյունը թափվի ծառերից, որպեսզի տեսանելի լինի վնասի չափը։
«Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, ապա ողջ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն աշխատել է, խորհուրդներ է տվել ջերմոցային տնտեսություններին։ Երեկ որոշ վայրերում հոսանքազրկումներ են եղել ուժեղ քամու պատճառով, բայց օրվա վերջին արդեն վերականգնվել էր։ Դեռեւս վաղ է խոսել՝ արդյոք տուժել են ջերմոցային տնտեսությունները, թե՝ ոչ»,— նշել է փոխնախարարը։


Երթեւեկել՝ միայն  ծայրահեղ  անհրաժեշտության դեպքում
 

Եղանակային պայմանները խնդիրներ են առաջացրել նաեւ ավտոմեքենաների երթեւեկության համար։ Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն։ Տեղումների առաջին օրը դժվարանցանելի էին Երեւանի որոշ փողոցներն ու մարզային ճանապարհները, մասնավորապես՝ Երեւան—Գյումրի, Երեւան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր—Վրաստան միջպետական ճանապարհին առկա էին ճանապարհահատվածի փլուզում եւ ավտոմեքենաների կուտակում։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները մարտի 30—ի վաղ առավոտից ուժեղացված ծառայության էին անցել ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ մարզերում. վերահսկվում էին փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր էին գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում էին ճանապարհաշինական բրիգադների եւ ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղեւորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում՝ մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթեւանի տրամադրումը։
Առատ տեղումներին Երեւանում նախորդած ուժգին քամին ծանր փաստի առաջ էր կանգնեցրել վարորդներին. տարբեր փողոցներում քամու հետեւանքով ծառեր էին ընկել մեքենաների վրա։ Այսպես, ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ մարտի 30—ին, ժամը 12։31—ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 38 շենքի բակում ծառն ընկել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը։ Փրկարարներն «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրայից մասնատել եւ հեռացրել են ծառը։ Նման դեպքեր են գրանցվել մայրաքաղաքի այլ հատվածներում։
Շտապօգնության ծառայույունը Երեւանում մարտի 30—ին ստացել էր 583 կանչ, մինչդեռ երկու օր առաջ կանչերի թիվը հասել էր 700—ի։ Այդուհանդերձ՝ կանչերից ոչ մեկը կապված չի եղել վնասվածքների հետ, դրանք կապված են եղել սիրտ—անոթային հիվանդությունների, ճնշման տատանումների հետ։


Ինչ է սպասվում
 

Երեկ ՀՀ տարածքում կային դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ԱԻՆ—ից հայտնում էին, որ դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային եւ համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ծիլքար—Սպիտակ, Ալագյազ—Արթիկ, Արարատի մարզի Տիգրանաշեն—Զանգակատուն (Քյարքիի ոլորանները), Շաղափ, Լանջանիստ, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր—Ալավերդի, Սպիտակի ոլորաններ, Ջիլիզ, Շամլուղ, Ծաղկաշատ գյուղերի, Սյունիքի մարզի Մեղրի—Քաջարան, Սիսիան—Գորիս, Վայոց ձորի մարզի Վայք—Սարավան, Տավուշի մարզի Բերդ—Իջեւան ավտոճանապարհները եւ Դիլիջանի ոլորանները։
Փակ էին Սոտք—Քարվաճառ, Բերդ—Ճամբարակ, Սարալանջ–Հանքավան ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Արտավազ, Զառ, Նուռնուս եւ Բջնի գյուղերի համայնքային ճանապարհահատվածները եւ Վարդենյաց լեռնանցքը։
Տավուշում ձյան ծածկի բարձրությունը կազմում էր 20—30 սմ, Լոռիում՝ 10—16 սմ, Շիրակում՝ 15—22 սմ, Գեղարքունիքում՝ 20—30 սմ, Կոտայքում՝ 30—37 սմ, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ 13—27 սմ, Արագածոտնի նախալեռներում՝ 10—15 սմ, Արարատում՝ 5—7 սմ, Վայոց ձորի նախալեռներում՝ 5—7 սմ, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ 25—30 սմ, Սյունիքի հովիտներում՝ 13—32 սմ, Սյունիքի նախալեռներում՝ 20—28 սմ (Սիսիանում 5 սմ), Ստեփանակերտում՝ 10 սմ, Երեւանում՝ 25—30 սմ, Արմավիրում եղել է 5—10 սմ, որ մարտի 30—ի ցերեկը հալվել է։
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1—ի երկրորդ կեսից Հայաստան կթափանցի արեւադարձային գոտիների տաք օդ, ապրիլի 1–4–ը ջերմաստիճանը կբարձրանա 5–7 աստիճանով, իսկ արդեն ապրիլի 13—ին կանխատեսվում է 13–14 աստիճան տաքություն։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 496 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024