Եվրանեսթի
Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ
քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Լայմա Լյուչիա Անդրիկիենեի
նախագահությամբ փետրվարի 23—ին շարունակեց աշխատանքը, հայտնում են ԱԺ
հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ—ում
երիտասարդության դերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ կրթության եւ
գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Նա ծանոթացրեց Բոլոնիայի
ծրագրով նախատեսված կրթական բարեփոխումներին, երկրում կրթական երկաստիճան
եւ կրեդիտային համակարգերի ներդրմանը, ՀՀ ազգային որակավորման ծրագրերի
կատարման ընթացքին եւ կարեւորեց այդ աշխատանքներում երիտասարդության
ներգրավվածության բարձր մակարդակը։ Նրա տեղեկացմամբ՝ համալսարանական
խորհուրդներում 25 տոկոսը ուսանողներ են։ Բուհական համակարգում ստեղծվում
են ուսանողական հետազոտական միություններ, խորհուրդներ, որոնք ոչ միայն
մասնագիտական հետազոտություններ են կատարում, այլեւ առաջարկներ
ներկայացնում ուսումնական հաստատության կառավարման, աշխատաոճի վերաբերյալ։
Հիմնական մարտահրավերները համընկնում են Բոլոնիայի գործընթացում առկա
հիմնախնդիրներին, որոնք առնչվում են սոցիալական, ֆինանսավորման հարցերին,
օրենսդրական դաշտի կատարելագործմանը, հավաստագրման մեխանիզմների
բարելավմանը, կրթական նպատակով ուսանողների տեղաշարժին։ Չնայած առկա
հիմնախնդիրներին՝ Հայաստանի կրթական ոլորտում աստիճանաբար անցում է
կատարվում դեպի ուսանողակենտրոն ուսուցումը։ Քննարկվող հարցի վերաբերյալ
իրենց տեսակետները հայտնեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովում գործող
երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները։ Նրանք երիտասարդական
խորհրդարանի ստեղծումը կարեւորեցին ոչ միայն այն առումով, որ տարբեր
ոլորտներին վերաբերող նախագծերի քննարկումների միջոցով հասու են լինում
օրենսդրական աշխատանքին, գիտակցում պետականաշինության գործի
կարեւորությունը, այլեւ քննարկվող հարցերի մեջ խորամուխ լինելով՝ շատ ավելի
լավ են պատկերացնում առկա մարտահրավերներն ու իրենց պատասխանատու զգում
երկրի ապագայի համար։ Նրանք համագործակցելու ցանկություն հայտնեցին ԵՄ եւ
Արեւելյան գործընկերության անդամ երկրների համանման կառույցների հետ։ Սոցիալական
անհավասարության եւ աղքատության հաղթահարման մասին զեկուցումով հանդես
եկավ USAID հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Ժատինդեր Չիման։ Նա
տեղեկացրեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝
Հայաստանում աղքատության հաղթահարման ցուցանիշները վատացել են։ Արդեն 20
տարի է՝ իրենց կազմակերպությունը Հայաստանում տարբեր սոցիալական ծրագրեր է
իրականացնում, իսկ ներկայումս իրենց խնդիրն է աջակցել Հայաստանում
կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին, քաղաքացիներին իրազեկել օրենքի
առանձնահատկությունների մասին։ Կազմակերպությունը զբաղվում է նաեւ
հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին աշխատանքի շուկային ինտեգրելու եւ
զբաղվածության հիմնախնդիրներով։ Ըստ տիկին Չիմայի՝ իրենք հասցեական
գործունեություն են իրականացնում՝ համագործակցելով քաղաքացիական
հասարակության տարբեր կառույցների հետ։ ՀՀ սոցիալական ոլորտի
գործընթացների ու առկա հիմնախնդիրների մասին ելույթ ունեցավ ՀՀ աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը՝ նկատելով, որ ՀՀ—ում
սոցիալական ոլորտի բարեփոխումները համահունչ են զեկույցում արծարծված
դրույթներին։ Ըստ նրա՝ համակարգի կարեւորագույն խնդիրներից է
կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավումը կենսաթոշակային
համակարգի արմատական բարեփոխումների միջոցով, ըստ որի՝ գործելու է
կուտակային բաղադրիչը։ Կառույցի ռիսկերը չեզոքացնելու նպատակով կստեղծվի
տեղեկատվական շտեմարանը։ Նախարարն անդրադարձավ նաեւ երեխաների
պաշտպանության նպատակով ստեղծված ազգային, մարզային եւ համայնքային
եռաստիճան համակարգի գործունեությանը, «մեկ պատուհանից» սկզբունքով
բնակչությանը սոցիալական ծառայություն մատուցելու առանձնահատկություններին,
աշխատաշուկայի անհավասարակշռությունը մեղմելուն, արտագաղթի նվազեցմանն
ուղղված աշխատանքներին, գենդերային քաղաքականությանը, ժողովրդագրությանը,
առողջապահական եւ կրթական մակարդակների բարձրացմանը, ինչպես նաեւ ոլորտին
առնչվող այլ հարցերի։ Հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը եւ
Եվրախորհրդարանի պատգամավոր Ինես Վայդերեն ներկայացրին «Արեւելյան
գործընկերության երկրներում աղքատության եւ սոցիալական անհավասարության դեմ
պայքարը» զեկույցի նախագծի հիմնական ուղղվածությունը։ Նրանք կարեւորեցին
Արեւելյան գործընկերության սոցիալական կողմը, մասնավորապես՝ քաղաքացիական
հասարակության ֆորումի ազգային պլատֆորմների դերակատարությունն այս
հարցում, տարածաշրջանային առեւտրային, տնտեսական համագործակցությամբ
գործընկեր երկրների տնտեսության զարգացումը, սոցիալական անհավասարության ու
աղքատության հաղթահարմանն ուղղված աշխատանքները, ԵՄ—ի փորձագիտական ու
ֆինանսական աջակցությունը սոցիալական ծրագրերի իրականացման գործում։ «Շարժունակությունը
որպես խթան մշակութային, կրթական եւ սոցիալական ոլորտներում փորձի
փոխանակման եւ ԵՄ—ի ու ԱԳ երկրների ինտեգրման համար» թեմայի շրջանակներում
ելույթով հանդես եկավ ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թրայան Հրիստեան։
Վերջինս նշեց, որ Եվրոպական միությունը մարդկանց տեղաշարժի դյուրացումը
օգտակար է համարում ողջ տարածաշրջանի համար։ Նրա գնահատմամբ՝ տեղաշարժը
փոխանակումների կատալիզատոր է եւ միջմշակութային նախաձեռնությունները
դյուրացնող գործոն, ինչն ավելի է նպաստում ԵՄ—ի հետ ինտեգրմանը։ Զեկուցողը
նշեց, որ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ տեղաշարժի դյուրացման գործընթացը սկսվել է
2011 թ. հոկտեմբերին, իսկ ավելի վաղ գործընթացը մեկնարկել էր Մոլդովայի եւ
Վրաստանի հետ։ Ըստ բանախոսի՝ տեղաշարժի ոլորտում գործընկերությունը
օժանդակում է օրինական միգրացիայի կազմակերպմանը, մարդկանց արդյունավետ
վերադարձի եւ վերաինտեգրման կազմակերպմանը, որով միգրացիան դրական
ազդեցություն է թողնում երկրի տնտեսական զարգացման վրա եւ հնարավորություն
ընձեռում պայքար տանելու անօրինական միգրանտների դեմ։ Նշվեց, որ
Հայաստանում միգրացիան կառավարելու կարողությունների զարգացման ծրագրերով
նախատեսվում է 3 միլիոն եվրոյի ֆինանսավորում։ Պարոն Հրիստեան համոզմունք
հայտնեց, որ Եվրանեսթի ԽՎ—ն լավագույն հարթակն է Արեւելյան գործընկեր
պետությունների ընդհանուր եւ միասնական մոտեցումների մշակման, նոր
նախաձեռնություններով հանդես գալու համար։ Թեմայի վերաբերյալ իրենց
տեսակետները, առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացրին
Եվրախորհրդարանի կանաչների խմբից Տատյանա Ժդանոկան, Ադրբեջանի խորհրդարանի
ներկայացուցիչ Ռովշան Ռզաեւը, Ուկրաինայի խորհրդարանի ներկայացուցիչ Բորիս
Տարասյուկը, Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Հարություն
Ազգալդյանը, Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Ինես
Վայդերեն։ «Կանանց դերի բարձրացումը խորհրդարաններում եւ քաղաքացիական
հասարակությունում» թեմայի վերաբերյալ ելույթ ունեցան NDI կազմակերպության
հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մայքլ Մըրֆին եւ «Համալսարանական
կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը։ Մայքլ Մըրֆին
նշեց, որ իրենց կառույցը Հայաստանում գործում է դեռեւս 1995 թվականից։ Ըստ
նրա՝ Հայաստանը բարձրագույն կրթությամբ կանանց հարուստ ռեսուրս ունի, որը
պետք է լիարժեք օգտագործվի։ «Մեր ցանկությունն է լինել ժողովրդավարական
հաստատություն ստեղծելու եւ կայացնելու հավասար մասնակիցներ»,–ասաց պարոն
Մըրֆին։ Նշվեց, որ 2005 թ. NDI—ի կողմից ստեղծվել է կանանց առաջնորդության
քարոզչական խորհուրդ, որում ընդգրկված են հասարակության տարբեր շերտերի
ներկայացուցիչներ։ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կանանց խորհուրդը
ներկայացված է երկրով մեկ՝ ապահովելով մասնակցության լայն շրջանակ։ NDI—ի
հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 2010—2011թթ.
ստեղծվել են կանանց եւ երիտասարդ առաջնորդների դպրոցներ. 150 երիտասարդներ
արդեն ավարտել են կանանց առաջնորդության, իսկ 80—ը՝ երիտասարդ առաջնորդների
դպրոցները։ Ջեմմա Հասրաթյանն անդրադարձավ կառավարման համակարգում եւ
քաղաքական որոշումների ընդունման հարցում կանանց ներկայացվածության խնդրին։
Նրա կարծիքով՝ այս տեսակետից Հայաստանում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։
Ազգային ժողովում կանայք կազմում են 8,6 տոկոս, ինչը, ըստ նրա, ցածր
ցուցանիշ է։ Տիկին Հասրաթյանը նշեց, որ ՏԻՄ—երում կանայք սակավ են
ներկայացված՝ 6,2 տոկոս, իսկ 923 գյուղապետերից 24—ն է կին։ Նրա
գնահատմամբ՝ կանայք եւ տղամարդիկ պետք է հավասար ներկայացված լինեն
օրենսդիր եւ գործադիր իշխանություններում, ակտիվորեն մասնակցեն որոշումների
ընդունմանը՝ ազդելով երկրի զարգացման գործընթացների վրա։ Այս տեսակետից
տիկին Հասրաթյանը անհավասարություն է տեսնում, ինչը խանգարում է կանանց
կարծիքները եւ մոտեցումները օրենքների մշակման եւ ընդունման հարցում հաշվի
առնելիս։ Եթե տղամարդիկ առավել ակտիվ կարող են խոսել երկրի պաշտպանությանը
վերաբերող հարցերի մասին, ապա կանայք՝ սոցիալական եւ մշակութային հարցերի,
եւ երկու սեռերի տեսակետների համադրումը հնարավորություն կտա ավելի ճիշտ
ներազդելու առաջարկվող որոշումների եւ օրենքների վրա։ Այս տեսակետից,
զեկուցողի կարծիքով, ՀՀ—ում որոշ տեղաշարժեր կան։ Տիկին Հասրաթյանը
կարեւորեց Արեւելյան գործընկերության միջոցառումների ծրագրում ներառված
երկու փաստաթղթեր՝ գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը ու
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար
հնարավորությունների մասին» օրենքի նախագիծը։ Նա նշեց, որ 2010 թ.
փետրվարին գենդերային հավասարության հայեցակարգն արդեն հաստատվել է
կառավարության կողմից, որին հաջորդել է հայեցակարգի ռազմավարության
միջոցառումների հաստատումը։ Զեկուցողի կարծիքով՝ առաջին ընթերցմամբ
ընդունված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար
հնարավորությունների մասին» օրինագծի վերջնական ընդունմամբ հնարավորություն
կստեղծվի բոլոր ոլորտներում հավասարակշռել կանանց եւ տղամարդկանց
մասնակցությունը։ Հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ԱԺ
պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Կարինե Աճեմյանը, Լիլիթ Գալստյանը,
Հովհաննես Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը, ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր
Լեմզան, Եվրախորհրդարանի կանաչների խմբից Տատյանա Ժդանոկան, Ադրբեջանի
խորհրդարանի ներկայացուցիչ Ռովշան Ռզաեւը, Հայաստանի Երիտասարդական
խորհրդարանի պատգամավորներ Մարգարիտա Հակոբյանը եւ Հայկ Կոնջորյանը
քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները եւ երկրների փորձը
ներկայացրին, անդրադարձան իրականացվող միջոցառումներին։ Եվրանեսթի
ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Եվրանեսթի ԽՎ—ի փոխնախագահ, բյուրոյի
անդամ Վահան Հովհաննիսյանը փակման խոսքում կարեւորեց միջազգային
կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովի
աշխատանքներին։ Հանձնաժողովի առաջիկա հանդիպմանը նա առաջարկեց քննարկել
գենդերային հավասարությանն առնչվող խնդիրները։ Պարոն Հովհաննիսյանը
շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին Հայաստան այցելելու համար։
«Այս առաջին միջոցառումը, որն անցկացվեց Եվրոպական միության սահմաններից
դուրս, ապացուցեց, որ արեւելյան գործընկեր պետությունները բացարձակապես ի
վիճակի են անցկացնելու նման միջոցառումներ»,–ընդգծեց պարոն Հովհաննիսյանը։ Եվրանեսթի
ԽՎ—ի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը
երախտիքի խոսք ասաց հայաստանցի իր գործընկերներին՝ նիստը գերազանց
կազմակերպելու համար։ Նիստի ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկան հանձնաժողովի համանախագահներ Արտակ Զաքարյանը եւ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն։ Պարոն
Զաքարյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր երկրների խորհրդարանների
պատվիրակություններին մասնակցության եւ արդյունավետ աշխատանքի, իսկ
Եվրոպական խորհրդարանին՝ աջակցության համար։ Նա շնորհակալություն հայտնեց
ԱԺ ղեկավարությանը հայկական պատվիրակությանը աջակցելու եւ հանձնաժողովի
նիստը Երեւանում կազմակերպելու համար։ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն եւս
երախտագիտության խոսք ասաց հայկական կողմին նիստը լավ կազմակերպելու համար։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումը 2012 թ. ապրիլի 2—ին տեղի կունենա
Բաքվում։ Արեւելյան գործընկերության Եվրանեսթի Խորհրդարանական
վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական
հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ավարտեց աշխատանքը։
|