ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 20:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 17 » Ատոմակայանի գործող բլոկի շահագործումը կերկարաձգվի /Փաստեր, որոնք հանգիստ լինելու հնարավորություն են տալիս/
10:08
Ատոմակայանի գործող բլոկի շահագործումը կերկարաձգվի /Փաստեր, որոնք հանգիստ լինելու հնարավորություն են տալիս/

Հասկանալի է, որ մեր գործող ԱԷԿ—ի շահագործման ժամկետը երկարացնելը ներդրումներ է պահանջում։ Ինչքա՞ն գումար կպահանջվի դրա համար։ Հարցին ի պատասխան՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից պարզաբանում են, որ նախ պետք է անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական գնահատականը տրվի։ Իսկ այդ նախնական գնահատականն էլ կլինի այն բանից հետո, երբ տրված կլինի շահագործման ժամկետի երկարացման տնտեսական արդյունավետության գնահատականը։ Նկատի ունենանք, որ տնտեսական արդյունավետության գնահատականն էլ պետք է տրվի շահագործման լրացուցիչ ժամկետների երկու սցենարների համար՝ 10 եւ 15 տարի տեւողությամբ։
Սրանից զատ, շահագործման ժամկետի երկարացման ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվեն համալիր հետազոտման արդյունքների հիման վրա աշխատանքների ծավալի հնարավոր աճը (մինչեւ 20%), ինչպես նաեւ գների սպասվող փոփոխությունները (տարեկան +10%)։ Ֆինանսական ծախսի գնահատականը պետք է արտացոլի նաեւ պարապուրդների ժամանակահատվածում ՀԱԷԿ—ի ընթացիկ օպերատիվ գործառման համար կատարվող շահագործական ծախսերը, այդ ժամանակահատվածներում անձնակազմի պահպանման (աշխատավարձի վճարում) եւ նրա որակավորման պահպանման ծախսերը։ Շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի ընթացքում եռամսյակային տեխնիկական աուդիտ կարվի՝ հայկական ԱԷԿ—ի կամ ներգրավված վարկային միջոցների հաշվին։ Իսկ երկրորդ փուլում էներգաբլոկի անվտանգությունը խորացված կգնահատվի՝ ժամկետի երկարացումը նախապատրաստելու համար։ Այս ամենին հավելյալ՝ ՀԱԷԿ—ի՝ որպես էներգիա արտադրող ձեռնարկության ֆունկցիոնալությունը որոշող սարքավորման արդիականացման առանձին խոշորածավալ աշխատանքները կարող են կատարվել առանձին նախագծերի շրջանակներում եւ համաձայն ժամանակացույցի, վերանորոգման մեջ ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի պարապուրդի տեւողության հնարավոր երկարացմամբ։ Երբ բոլոր գնահատականները արդեն մանրամասն տրված կլինեն, այդ ժամանակ էլ հստակ պարզ կդառնա պահաջվող ներդրումների չափը։ Այնուամենայնիվ, նախնական գնահատականներով, հիմք ընդունելով ատոմակայանի շահագորման ժամկետի երկարացման աշխատանքների գնահատված արժեքը, նշված աշխատանքները կատարելու համար կպահանջվի 260 մլն դոլար։
Հստակեցնենք, որ «ՀԱԷԿ» ՓԲԸ—ն միաժամանակ եւ ՀԱԷԿ—ի օպերատորն է, եւ շահագործող կազմակերպությունը, այսինքն՝ ստանձնում է ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման բնագավառում գործունեության հետ կապված բոլոր պարտավորությունները։
Ընդհանրապես ատոմակայանների շահագործումը երկարացնելը չի ենթադրում, թե կայաններում ամեն ինչ պիտի փոխվի։ Կան չփոխարինող տարրեր։ ՀԱԷԿ—ի շահագործումը երկարացնելիս չեն փոխի ռեակտորը (ռեակտորի իրանը, վերին բլոկը, պաշտպանական խողովակաշարերի բլոկը, ռեակտորի հորանը, զամբյուղը, հորանի հատակը), ճնշման փոխհատուցիչը (իրանը, խողովակաոստերը եւ խողովակաշարերը 200 մմ տրամագծով), շոգեարտադրիչը (իրանը, կոնտուրի կոլեկտորը, սնող ջրի կոլեկտորը, ջերմափոխանակային խողովակները, կոնտուրի կոլեկտորը գլխավոր շրջանառու խողովակաշարի հետ միացող հանգուցակետը), գլխավոր շրջանառու կոնտուրը, գլխավոր շրջանառու պոմպը, գլխավոր փակիչ սողնակը։
Հետագա թյուրըմբռնումները կանխելու համար ասենք, որ ատոմակայանի վերականգնողական նորոգման աշխատանքների ընթացքում (1994թ.) կատարվել է ռեակտորի իրանի ստատիկական, փուլային եւ փխրուն ամրության ստուգիչ հաշվարկ։ Հաշվարկի օգնությամբ հաստատվել է երաշխավորված գոյապաշարը նախագծային 30 տ ժամանակահատվածի համար։ Իսկ բլոկը կրկնակի շահագործման հանձնելուց հետո (1995թ.) անցկացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ռեակտորի իրանի մետաղի վրա շահագործման պայմանների աստիճանական ազդեցության մեղմացմանը։ Որպեսզի ասվածն ավելի հասկանալի դառնա, տեղեկացնենք, որ գոյապաշարը օբյեկտի գումարային աշխատատեւողությունն է շահագործման սկզբից կամ նորոգումից հետո դրա վերականգնումից մինչեւ անցումը սահմանային վիճակի։
Մասնագետներն անդրադառնում են նաեւ ռեակտորի գոյապաշարի ընդհանուր գնահատականին։ Չխորանալով մասնագիտական մանրամասների մեջ, ընդամենը նշենք, որ ապահովված է բորալուծույթի տաքացումը, մետաղի ջերմաստիճանի անընդհատ վերահսկման համար անմիջապես թիվ 4 կարանի վրա դրսից տեղակայված են 3 ջերմային տվիչներ, որը հատկապես կարեւոր է անցումային պրոցեսների համար եւ հիդրավլիկական փորձարկումների դեպքում։ Տեղակայված են արագագործ փակիչ զատիչ կափույրներ՝ բացառելու համար 1—ին կոնտուրի խորը հովացումը՝ 2—րդ կոնտուրի խողովակաշարերի պատռվածքի դեպքում։
Կարեւոր մի բան էլ. ռեակտորի իրանի մետաղի ճառագայթումային գոյապաշարի օբյեկտիվ գնահատման համար մի քանի հետազոտական նախագծեր են արվել եւ արվում։ Ասենք՝ տաշեղ վերցնելու միջոցով ճշգրտվել է թիվ 4 եռակցման կարանի մետաղի քիմիական բաղադրությունը։ Ընդ որում, հայտնաբերվել է պղնձի եւ ֆոսֆորի զգալիորեն քիչ պարունակություն, որը զգալիորեն նվազեցնում է նեյտրոնների փխրունացման գործակցի արժեքը։ Կատարվել է ռեակտորի իրանի մետաղապատման (մակահալման) մետաղի մեխանիկական բնութագրի չափումը։ Նեյտրոնային ճառագայթահարման ազդեցության տակ աստիճանական վատթարացում չի հայտնաբերվել (հատկապես այս վերջին հանգամանքն է շահարկվել տարիներ շարունակ, ինչին վերջ դրեցին միջազգային փորձագետների ուսումնասիրությունները)։ Ավարտվել է նեյտրոնային հոսքի ուղղակի չափման ծրագիրը անմիջականորեն ռեակտորի իրանի պատի վրա տեղադրված տվիչներով։ Երկու վառելիքային աշխատաշրջանի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքում կազմվել է նեյտրոնային հոսքի ինտենսիվության եւ բաշխման օբյեկտիվ քարտագիրը, որը թույլ կտա կրճատել հաշվարկային սխեմաների ավելորդ պահպանողականությունը (կատարող՝ Skoda, ըստ ատոմային էներգիայի միջազգային գործակալության ծրագրի)։
Այս ամենին հավելյալ (մասնագետները խնդրում են սրան էլ ուշադրություն դարձնել), նշանակալի չափով ռեակտորի իրանի փաստացի գոյապաշարի պահպանումն ապահովվել է շահագործման պայմանների առավել հնարավոր մեղմացումով։ Շահագործման ամբողջ ժամանակահատվածում վթարային անցումային ռեժիմ չի գրանցվել (ջերմաստիճանի եւ ճնշման փոփոխության արագությունը)։ Չեն գրանցվել իրավիճակներ՝ կապված «սառը ճնշափորձարկման» հետ։ Ռեակտորի ջերմային հզորությունը, սկսած 1995թ—ից, սահմանափակվել է անվանական հզորությունից 92%—ով։ Ամրության հիդրավլիկ փորձարկման ճնշումն իջեցվել է 195 կգ/սմ2—ուց մինչեւ 175 կգ/սմ2։ Պարբերաբար իրականացվում է լվացում եւ ռեակտորի հատակից ու ներքին մակերեւույթից նստվածքի հեռացում (4 տարին մեկ անգամ)։ Ռեակտորի ընդհանուր աշխատաքանակը շահագործման ամբողջ ժամանակահատվածում կազմել է 6525 արդյունավետ օր, այսինքն՝ ՌԻ—ի նախագծային ճառագայթումային գոյապաշարն օգտագործվել է ընդամենը 60%—ով (18 տարի՝ նախագծային գոյապաշարի 30 տարվա դեպքում)։
Այլ փաստեր էլ կարող ենք մեջ բերել, բայց կարծում ենք, որ այս եւ այլ գործոնները թույլ են տալիս ասելու, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք մեր ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու (հաշվի առնելու նաեւ այլ երկրների փորձը՝ Ռուսաստան, Ֆինլանդիա, Չեխիա եւն)։
Իսկ եթե գործող էներգաբլոկի շահագործումը երկարաձգենք, ապա ունե՞նք կուտակված աշխատած միջուկային վառելիքը պահելու հնարավորություն։ 


Աշխատած միջուկային վառելիքը պահելու հնարավորություն ունենք
 

Մեր մասնագետները վստահեցնում են, որ մենք ունենք կուտակված աշխատած միջուկային վառելիքը պահելու հնարավորություն։ Ու քանի որ արդեն պետությունն ընդունել է գործող միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումը, հասկանալի է, որ հետագայում աշխատած վառելիքի պահման հետ կապված հարցեր կարող են ծագել։
Հասկանալով, որ այս թեման էլ կարող է շահարկման առարկա դառնալ միջուկային էներգետիկայի դպրոց չունեցող Թուրքիայի համար, որ առիթը բաց չի թողնի միջազգային ամբիոններում խնդրելով թույլ չտալ ՀԱԷԿ—ի շահագործման երկարացումը, եւ որ թուրքական այս հանգամանքը կարող են գործածել մեզ ոչ բարեկամաբար տրամադրված այլ երկրներ եւս, անհրաժեշտ մանրամասներ ենք ներկայացնում։ Սրանով ապացուցելով, որ այս ոլորտում մենք միշտ բաց ենք աշխատել (Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը դա բազմիցս հավաստել է)։ Բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես ենք վառելիքի պահման խնդիրը լուծելու ապագայում, նախ պիտի խոսենք այն մասին, թե ինչպես ենք դա անում այսօր։
Ներկայումս ՀԱԷԿ—ում գործում է աշխատած միջուկային վառելիքի երկփուլ պահման համակարգ։ 1—ին փուլում աշխատած ջերմանջատիչ հավաքվածքները (ԱՋԱՀ) դուրս են բերվում ռեակտորից եւ տեղավորվում թիվ 1 եւ թիվ 2 էներգաբլոկների միջուկային վառելիքի պահման ավազաններում՝ «թաց» պահման նպատակով։ 2—րդ փուլում արդեն ԱՋԱՀ—ները միջուկային վառելիքի պահման ավազանից բեռնվում են չոր—տարային պաշտպանական պահատուփի մեջ, տեղավորվումը տեղափոխման բեռնարկղ միջուկային վառելիքի չոր պահեստարանում։ ԱՋԱՀ—ներ պարունակող չոր—տարային պաշտպանական պահատուփերը տեղավորվում են երկաթբետոնե պահման հորիզոնական մոդուլի մեջ՝ երկարամյա պահպանման։
Նախ՝ պահման «թաց» եղանակի մասին։ Որպեսզի ոչ մասնագետների համար պարզ դառնա, բացատրենք, որ միջուկային վառելիքի պահման ավազանը իրենից ներկայացնում է երկաթբետոնե տարա՝ ներսից պաշտպանված չժանգոտվող թերթապողպատե երկու բաժանված երեսպատվածքներով (հսկելու համար հնարավոր հոսաթողումը)։ ԱՋԱՀ—ների պահման ժամանակ ավազանները փակվում են պաշտպանական երկաթբետոնե սալերով, որոնք, ի դեպ, կնքվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կնիքով (հիմա պատկերացնու՞մ եք, թե ինչքան ծիծաղելի են հնչում թուրքական՝ մեր ԱԷԿ—ի մասին դիտարկումները)։ Յուրաքանչյուր միջուկային վառելիքի պահման ավազանում տեղակայված է երեքական դարակաշերտ՝ 370 ԱՋԱՀ ընդհանուր տարողությամբ։ Եվս երեք հանովի դարակաշար 351 ԱՋԱՀ—ով կարող են տեղակայվել երկրորդ հարկաշարքով՝ ավազաններից ցանկացածի մեջ։ Բոլոր 9 դարակաշարերի առավելագույն տարողությունը 1091 ԱՋԱՀ է։ Ըստ անվտանգության պահանջների, էներգաբլոկը լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում պետք է ապահովված լինի ռեակտորի ակտիվ գոտու ամբողջական բեռնաթափման հնարավորությամբ, այսինքն՝ 386 խորշեր միշտ պետք է ազատ լինեն։ ԱՋԱՀ—ները պահվում են միջուկային վառելիքի պահման ավազանում՝ բորաթթվի կոնցենտրացիայով ջրի շերտի տակ ոչ պակաս, քան 12 գ/լ։ Տեխնոլոգիական համակարգերը ապահովում են ջրի ցամաքեցում, լցում, հովացում եւ զտում, ինչպես նաեւ ավազաններում ջրի մակարդակի վերահսկում։ Օդափոխության համակարգը ավազանների վրա ստեղծում է օդապատվար, որը խոչընդոտում է ջրի մակերեւույթից ռադիոակտիվ աերոզոլների դուրս գալուն։ Յուրաքանչյուր ավազան սարքավորված է պարկուճի պատյանի հերմետիկության վերահսկման համակարգով, որը թույլ է տալիս բացահայտել անթույլատրելի անկիպությամբ ցիրկոնե խողովակներ պարունակող պարկուճները։ Ոչ հերմետիկ ԱՋԱՀ—ները մեկուսացվում են հերմետիկ պահատուփերում, որոնք տեղավորված են դարակաշարերի եզրային խորշերում։ ԱՋԱՀ—ները մի էներգաբլոկից մյուսն են տեղափոխվում հատուկ սարքավորմամբ (փոխադրական բեռնարկղ)։
ԱՋԱՀ—ների «թաց» պահման նվազագույն ժամանակահատվածը 7 տարի է (մնացորդային ջերմության հեռացման եւ կայունացման համար)։ Իսկ առավելագույն ժամանակահատվածը սահմանափակվում է դարակաշարերի տարողությամբ, հենց իրենց՝ ավազանների գոյապաշարներով եւ սպասարկման ծախսերով։ Սա միջուկային վառելիքի պահման 1—ին փուլն էր՝ «թաց» եղանակով։
Ներկայումս 516 ԱՋԱՀ—ներ տեղավորված են «թաց» պահպանման, որոնցից՝ 232—ը միջուկային վառելիքի պահման ավազան —1—ում, 284—ը՝ ավազան—2—ում։
Ինչ վերաբերում է ԱՋԱՀ—ների պահման «չոր» երկարաժամկետ պահման համակարգին։ Այս տարբերակի ժամանակ ԱՋԱՀ—ների պահման հնարավորությունը որոշվում է չոր—տարային պաշտպանական պահատուփերի եւ հիշյալ՝ երկաթբետոնե պահման հորիզոնական մոդուլների առկայությամբ, որոնք նախատեսված են 56 ԱՋԱՀ—ների չոր պահման համար։ Այդ պաշտպանական պահատուփերը չժանգոտվող պողպատից պատրաստված գլանաձեւ տարաներ են։ Պահատուփերի մեջ տեղակայված է զամբյուղ՝ 56 խորշերով, որոնց մի մասը պատրաստված է բորային չժանգոտվող պողպատից։ Այս պահատուփերի խորշերի մեջ բեռնված ԱՋԱՀ—ները սեւեռակվում են պաշտպանիչ խցանով, որից հետո պահատուփերով կոնտեյները դորս է բերվում միջուկային վառելիքի պահման ավազանից եւ տեղավորվում է սպասարկման գոտում, որտեղ պահատուփը հերմետիկացվում է՝ ներքին եւ արտաքին կափարիչները իրանին զոդակցելով։ Չորացումից եւ վակուումացումից հետո պահատուփը տեղակայվում է բեռնման կցանքի վրա եւ տեղափոխվում է դեպի նախապատրաստված երկաթբետոնե պահման հորիզոնական մոդուլի մեջ։ Սա միակողմանի մուտքով երկաթբետոնե կառուցվածք է՝ սարքավորված բնական օդափոխման համակարգով եւ մետաղական անցքով (սնամեջ դռնով եւ բետոնե լիցքով)։
Միջուկային վառելիքի չոր պահման պահեստարանում ԱՋԱՀ—ի նախագծային պահաժամկետը որոշված է 50 տարի։
Տեղեկացնենք, որ երկաթբետոնե պահման հորիզոնական մոդուլի լցումը սկսվել է 2004թ.։ Կառուցվել է 23 մոդուլ, որոնցից 21—ը լցված են։ Այս տարվանից սկսած ֆրանսիական ընկերության հետ կնքած պայմանագրի շրջանակներում սկսվելու է 24 մոդուլների կառուցումը։ Սրանց տարողությունը բավական կլինի նրանց մեջ տեղավորելու եղած ԱՋԱՀ—ները եւ այն ԱՋԱՀ—ները, որոնց կուտակումը սպասվում է մինչեւ ՀԱԷԿ էներգաբլոկ 2—ի շահագործման նշված ժամանակահատվածի վերջը։
ԱՋԱՀ—ների պահպանման հնարավորությունը ապահովելու համար, որոնց կուտակումը սպասվում է ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկը նախագծային ժամկետից դուրս շահագործելու ժամանակահատվածում, անհրաժեշտ է կնքել նոր պայմանագիր նույն ֆրանսիական ընկերության հետ (AREVA—ի) եւ այն իրագործել։
Այս ամենից հետո արդեն ծագում է այն հարցը, թե ի՞նչ ենք անելու, երբ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված աշխատանքները սկսվեն, որովհետեւ նոր թափոնները պահման նոր հնարավորություններ են ենթադրում։ 


Եվ ինչ է ենթադրում թափոնների հետ աշխատելու նոր մեթոդը
 

Ընդհանրապես ատոմակայանի շահագործումը անխուսափելիորեն ուղեկցվում է զանազան ռադիոակտիվ թափոնների գոյացմամբ, որը ստեղծում է արդյունաբերական գործունեության հետ ուղղակիորեն կապ չունեցող խնդիրներ, բայց որոնց լուծումը շատ բանով որոշում է հենց իր՝ կայանի շահագործման հնարավորությունը։ ՀԱԷԿ—ի շահագործման ժամանակ գոյացած ճառագայթառադիոակտիվ թափոնները բաժանվում են ըստ ճառագայթման ինտենսիվության (բարձր, միջին եւ ցածր ակտիվության)։ ՀԱԷԿ—ում գազային ճառագայթակտիվ թափոններին վերաբերող աշխատանքների խնդիրը կարելի է նախագծային մակարդակով լուծված համարել. գազամաքրման համակարգի (ԳՄՀ) եւ օդափոխման համակարգերի զտիչների բլոկները գործնականում ամբողջապես պահում են էներգաբլոկի շահագործման ընթացքում առաջացած ճառագայթակտիվ գազերը։
Ինչ վերաբերում է բարձր ակտիվության պինդ թափոններին, ապա ըստ մասնագետների, ներկայումս դրանք ՀԱԷԿ—ում պահելը խնդիր չէ համեմատաբար ոչ մեծ քանակի եւ բավականին տարողության համապատասխան պահեստարանի առկայության պատճառով հենց «վերահսկվող» գոտում։ Հասկանալի է, որ իրավիճակը կարող է փոխվել շահագործման ժամկետի երկարացման հետ կապված աշխատանքների սկսումով («կեղտոտ» սարքավորումների փոխարինում)։ Բայց, ըստ մասնագետների, այստեղ եւ կանխատեսումը լավատեսական է, քանի որ սարքավորումը, որը պլանավորված է փոխել, չունի «ինդուկցիոն» ակտիվություն։ Մակերեւույթային «աղտոտվածությունը» միանգամայն կարելի է հեռացնել կամ նվազագույնի հասցնել ունեցած միջոցներով եւ ակտիվազերծման տեխնոլոգիաներով։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ասում է, որ «ներկայումս ՀԱԷԿ—ում ցածր եւ միջին ակտիվության ճառագայթակտիվ թափոնների հետ կապված աշխատանքի խնդիրը մնում է ամենասուր խնդիրներից մեկը, որի լուծումը պահանջում է լուրջ փոփոխություններ»։ Միջին եւ ցածր ակտիվության պինդ թափոնների հետ աշխատելու գործող համակարգը սա է՝ ըստ ակտիվության բաժանում (ցածր ակտիվության եւ միջին ակտիվության պինդ թափոններ) եւ տեղափոխում՝ առանց տեսակավորման (պինդ, փափուկ, այրելի եւ այլն)։ Գործող հեղուկ ակտիվ թափոնների հետ աշխատելու սխեման կազմում է շղթա՝ բաքերի մեջ հավաքելը, շոգեհանման ապարատներում մշակելը, միջին ակտիվության հեղուկ թափոնները տարաներում պահելը, խորը շոգեփափկացումը, բեռնարկղերում փաթեթավորելը, ծածկարանի տակ պահելը։
ՀԱԷԿ—ն այժմ ունի ճառագայթակտիվ թափոնների հետեւյալ պահեստարանները՝ ցածր ակտիվության պինդ թափոնների պահեստարանը, միջին ակտիվության պինդ թափոնների պահեստարանը, խորը շոգեփափկացման տեղակայանքի բեռնատուփերի ժամանակավոր պահեստարանը, բարձր ակտիվության պինդ թափոնների պահեստարանը։ 
Ցածր ակտիվության պինդ թափոնների պահեստարանը ունի գործող հատվածամաս եւ ռեզերվային։ Հատվածամասերի հատակը եւ պատերը պատրաստված են 0,6 մ հաստության միաձույլ երկաթբետոնից՝ եռաշերտ ջրամեկուսացմամբ։ Հատվածամասերի ծածկը բետոնից է, ամրանավորված է մետաղական ցանցով, ծածկված է ասֆալտով։ Միջին ակտիվության պինդ թափոնների պահեստարանը, որ տեղակայված է ռեակտորային բաժանմունքի հատուկ մասնաշենքում, առանձին, հարակից շինություն է՝ մտոցներով փակված։ Պահեստարանի ընդհանուր տարողությունը 1001,3 խմ է։ Խորը շոգեփափկացման տեղակայանքի բեռնատուփերի ժամանակավոր պահեստարանի մասով. աղային հալույթ պարունակող խորը շոգեփափկացման տեղակայանքի պահատուփերի ժամանակավոր պահումն արվում է հատուկ մասնաշենքի տանիքի վրա՝ չջեռուցվող ծածկարանի տակ, հրապարակի վրա, որը կոնտուրի երկարությամբ պաշտպանապատված է 2 մ բարձրության եւ 0,3 մ հաստության երկաթբետոնե պատով։ Հրապարակի տարողությունը մինչեւ 3000 պահատուփ է՝ 0,63 մ տրամագծով։ Իսկ բարձր ակտիվության պինդ թափոնների պահեստարանը տեղակայված է ռեակտորային բաժանմունքի կենտրոնական սրահում։ Պահեստարանը բաղկացած է 380 խորշերից, որոնք համարակալված են։ Յուրաքանչյուր խորշ հավասարեցված հատակով 0,18 մ տրամագծով, 8,9 մ երկարության մետաղական խողովակ է, եւ մետաղի հաստությունն է 6 մմ։ Խորշերը փակված են 0,72 մ բարձրության պաշտպանիչ խցաններով։
Ճառագայթակտիվ թափոնների հետ աշխատելու համակարգի արդիականացումից խոսելիս՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ասում է, թե արդեն հաջողվել է գործի դնել ճառագայթակտիվ թափոնների հետ աշխատելու մտահղացման մշակման ծրագիր ՀԱԷԿ—ի տարածաշրջանում։ Նախագծի վերջնական նպատակը, ըստ նախարարության, «ՀԱԷԿ» ՓԲԸ—ի զինումն է ճառագայթակտիվ թափոնների հետ աշխատելու տեխնիկական միջոցներով՝ ժամանակակից այն պահանջներին եւ տեխնոլոգիաներին համապատասխան, որոնք մի շարք պարտադիր պայմաններ կապահովեն։ Օրինակ՝ կապահովեն ցածր ակտիվության պինդ ճառագայթակտիվ թափոնների վերամշակման եւ տեսակավորման հնարավորությունը։ Կամ՝ պահեստավորված միջին ակտիվության հեղուկի եւ միջին ակտիվության կիսաչոր/կիսահեղուկ ճառագայթակտիվ թափոնների վերամշակումը կապահովեն, բայց այն ձեւով, որ պիտանի կլինի երկարաժամկետ պահման։ Մեկ այլ պարտադիր պայման է այն, որ պիտի ապահովվի աղային հալույթով բեռնարկղերը թաղման պատրաստելու հնարավորությունը։
Տեղեկացնենք, որ այս նախագծի իրագործումը ենթադրում է, որ գործածության մեջ կմտնի ցածր ակտիվության պինդ ճառագայթակտիվ թափոնների տեսակավորման համակարգը նրանց առաջացման վայրերում։ Կյուրացվի մեծածավալ բետոնե կոնտեյներների արտադրության տեխնոլոգիան՝ դրանց մեջ սեւեռակված ճառագայթակտիվ թափոնները 300 տարի ժամանակահատվածով պահելու համար։ «Թափոնահոր» օբյեկտը փուլային կվերակառուցվի եւ կվերազինվի ցածր եւ միջին ակտիվության ճառագայթակտիվ թափոնների հանրապետական պահեստարանի։ Ճառագայթակտիվ թափոնների հետ աշխատելու՝ գոյություն ունեցող համակարգի արդիականացումից հետո կանցնենք գործող էներգաբլոկի շահագործումը երկարացնելուն։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 365 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024