Օրերս ԱՄՆ—ի Կալիֆորնիա նահանգը միացավ ամերիկյան 4 այլ նահանգներին՝ Լուիզիանային, Մեյնին, Մասաչուսեթսին եւ Ռոդ Այլենդին՝ ընդունելով Արցախ պետության կայացմանը սատարող բանաձեւ։
Սա բնականաբար Ադրբեջանին դուր չեկավ, եւ ԱԳՆ—ն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին բանաձեւի ընդունման համար, իսկ խոսնակ Էլման Աբդուլլաեւը արհամարհեց Արցախի բանաձեւը՝ այն անվանելով «ընդամենը մի թղթի կտոր»։ Սակայն «թղթի կտորից» այդպես չէին նեղսրտի։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գրել է, որ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խիստ քննադատել է տեղի հայ համայնքին, Կալիֆորնիա նահանգը եւ AJR 32—ը։ Բանաձեւը խափանելու իր ձախողումն արդարացնելու համար նա պնդել է, թե Կալիֆորնիայի սենատորները «իրենց ընտրական քարոզարշավների համար հսկայական ֆինանսական նվիրատվություններ» են ստացել «հայկական լոբբիից»՝ մոռանալով, որ ներկայացնում է աշխարհի ամենաբռնապետական վարչակարգերից մեկը, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդգնել է դաս տալ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին՝ «Ամերիկայի քաղաքական համակարգում առկա լուրջ բացթողման համար, որը հրատապ շտկման կարիք ունի»։
Սասունյանը ընդգծում է, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, նախքան նման անհիմն մեղադրանքներ ներկայացնելը, պետք է համացանցում փնտրեր, որպեսզի տեսներ, թե ինչքան գումար են ստացել Արցախի բանաձեւի համար քվեարկած 24 սենատորներն ամերիկահայերից, եթե այդպիսիք եղել էին։ Միացյալ Նահանգներում քարոզարշավների նվիրատվությունները թափանցիկ են, ի տարբերություն Ադրբեջանի, ուր այցելած քաղաքական գործիչներին ճոխ ընդունելության են արժանացնում եւ ճանապարհում փողի տրցակներով, խավիարի տուփերով եւ ոսկու ձուլակտորներով…
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը ստիպված ներկայացրել է իր գործադրած ջանքերն ընդդեմ AJR 32—ի՝ պնդելով, թե նա եւ իր հյուպատոսությունը մի շարք «լուրջ քայլեր» են ձեռնարկել, ներառյալ «բողոքի նամակների հղում բոլոր սենատորներին եւ բազմաթիվ հանդիպումներ նրանց հետ….»։ «Չնայած նրա խելահեղ գործունեությանը՝ ոչ մի սենատոր դեմ չքվեարկեց Արցախի օրինագծին… Աներեւակայելի է, սակայն հյուպատոսը պնդում է, թե նա մեծ հաղթանակ է տարել, որովհետեւ վերջնական քվեարկությունը ի նպաստ Արցախի եղել է 24—0, այլ ոչ թե 40—0, քանի որ որոշ սենատորներ կամ բացակայել են, կամ ձեռնպահ մնացել»,–գրել է Հ. Սասունյանը։
Գլխավոր հյուպատոսը մոռացել է նշել Արցախի օրինագծի դեմ պայքարում իր ամենամեծ կողմնակիցներին՝ հզոր լոբբիստական ընկերություններին, որոնք Ադրբեջանը վարձել է Վաշինգտոնում եւ Լոս Անջելեսում հսկայական գումարներով։
Հ. Սասունյանը հռետորական հարց է բարձրացնում, թե արդյո՞ք նախագահ Ալիեւին հայտնի է, որ Ադրբեջանի հյուպատոսությունը Լոս Անջելեսում եւ դեսպանատունը Վաշինգտոնում միլիոնավոր դոլարներ են վատնում անարդյունավետ լոբբիստական ընկերությունների վրա։ Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, տեղյակ են, որ իրենց ղեկավարները քամուն են տալիս երկրի հարստությունը արտասահմանում քաղաքական գործունեության վրա՝ ընդամենը մի «թղթի կտորին» հակազդելու համար։ Իսկապես, եթե Կալիֆորնիայի սենատի բանաձեւը մի անիմաստ «թղթի կտոր» էր, ինչպես պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան, ապա ինչո՞ւ էր Ադրբեջանն այդքան ժամանակ, ջանք ու դրամ ծախսում՝ փորձելով խափանել դրա ընդունումը։
Քաղաքագետ Լեւոն Մելիք—Շահնազարյանի խոսքով, Կալիֆորնիայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումն աննախադեպ երեւույթ է. «Կալիֆորնիան շարքային նահանգ չէ ԱՄՆ—ում»։ Իսկ այն դիտարկումը, թե ճանաչումը զուտ հոգեբանական, քաղաքական նշանակություն ունի, եւ իրավական հետեւանքներ դրան չեն հաջորդի, քաղաքագետը համամիտ չէ։ Նրա խոսքով, դրանց լինել—չլինելը մեզնից է կախված. «Արցախը իրավունք ունի իր ներկայացուցչությունը բացել Կալիֆորնիայում, իր արտադրանքը «Արտադրված է ԼՂՀ—ում» պիտակով արտահանել ԱՄՆ»։ Նա ընդգծեց, որ համապատասխան գերատեսչությունների կողմից պետք է աշխատանք տարվի, այլապես բանաձեւի ընդունումն անիմաստ կլինի. «Մենք պարտավոր ենք այդ որոշումներն օգտագործել մեր օգտին»։
Իսկ թե ինչի արդյունք էր բանաձեւի ընդունումը՝ ՀՀ դիվանագիտության հաղթանա՞կը, ամերիկահայության աշխատա՞նքը, թե՞ բանաձեւի ընդունումը ձեռնտու էր ԱՄՆ—ին, քաղաքագետը պատասխանեց. «Ես երեքը կգումարեի իրար, բայց այդ աշխատանքը արդյունք չէր տա, եթե դա ձեռնտու չլիներ ԱՄՆ—ին։ Աշխատանք կատարվել է ե՛ւ ՀՀ դիվանագետների, ե՛ւ Արցախի դիվանագետների կողմից»։ Քաղաքագետի խոսքով, ԱՄՆ—ն ցանկանում է մեր տարածաշրջանը խաղաղ տեսնել, որպեսզի կարողանա այստեղի նավթից ու գազից օգտվել։ Իսկ Ադրբեջանն ունի՞ լծակներ խանգարելու Արցախի ամբողջական ճանաչմանը, Մելիք—Շահնազարյանն ասաց. «Ադրբեջանն ունի հզոր լծակներ՝ նավթ, խավիար եւ գումար։ Քաղաքական, իրավական լծակներ Ադրբեջանը չունի»։
Քաղաքագետը չբացառեց, որ կգա ժամանակ, երբ ճանաչում կլինի նաեւ ԱՄՆ—ի կողմից։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|