«British Petrolium» բրիտանական կորպորացիայի նախկին փոխնախագահ Լեսլի Աբրահամսը հետաքննիչ—լրագրող Գրեգ Պալաստին պատմել էր, թե ինչպես «BP»—ն ԿՀՎ—ի եւ ՄԻ—6 Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության հետ համատեղ տապալել է Ադրբեջանի «իրենց ոչ հարմար» իշխանությունը։ Այս լրագրողական հետաքննությունը հասանելի է բրիտանական «TruthDig» կայքում։
«1992թ., երբ նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետությունը ընտրել էր իր առաջին նախագահին՝ Աբուլֆազ Էլչիբեյին, «British Petrolium»—ի նախագահ լորդ Բրաունը մեկնել է Բաքու։ Նրա հետ Բաքու է գնացել նաեւ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։ Ճաշի ժամանակ Բրաունը Լեսլի Աբրահամսին մի թղթապանակ է ցույց տվել, որում 30 միլիոն դոլարին համարժեք կտրոն կար։ Այնուհետեւ Բրաունը այդ կտրոնը հանձնել է Ադրբեջանի նախագահին»,–ասվում է նյութում։
Այնուամենայնիվ նոր նախագահը դուր չէր գալիս «BP»—ին, եւ ընկերությունը հատուկ ծառայությունների հետ համատեղ գործի է անցել, նշում է հեղինակը։ Հատուկ ծառայությունները զինել են Հեյդար Ալիեւին, ով էլ 1993թ. տապալել է Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունը։ Դառնալով բռնապետ՝ նա իրեն ցմահ նախագահ է հռչակել եւ չորս ամսվա ընթացքում պայմանագիր ստորագրել՝ «BP»—ին հանձնելով նավթի պաշարները, նշում է հեղինակը։
«BP»—ի ներկայացուցիչները չեն ժխտում, որ կաշառք են տվել, իսկ ՄԻ—6—ի սպաները հպարտությամբ հաստատում են, որ հեղաշրջման նպատակը «BP»—ի համար օֆշորային պայմանագրի ձեռքբերումն էր»,–հավաստիացնում է Գրեգ Պալաստը։
Լրագրողը հայտնում է, որ այս պատմությունը նա պատահական է իմացել, «Channel 4»—ի համար Մեքսիսկական ծոցի աղետի մասին հաղորդաշար պատրաստելիս։ Երբ «BP»—ի պատճառով Մեքսիկական ծոցում պատահար էր տեղի ունեցել, նա պարզել էր, որ նմանատիպ աղետ տեղի է ունեցել նաեւ Կասպից ծովում։ Որպեսզի պարզի, թե ինչ է կատարվել, Պալաստը նկարահանող խմբի հետ մեկնել է Բաքու։
«Այնուամենայնիվ, մեզ ձերբակալեց Ադրբեջանի գաղտնի ոստիկանությունը։ Չնայած որ ոստիկանները մեզնից վերցրին մեր նկարահանող սարքերը, ինձ թույլ տվեցին գրիչս ինձ մոտ պահել, որը իրականում գաղտնի տեսագրող սարք էր»,–նշում է Պալասը։
Ըստ լրագրողի՝ իրեն ձերբակալած ոստիկաններից մեկը անհասկանալի հպարտությամբ ասել էր, որ «իրենց երկիրը «BP»—ն է կառավարում»։
Ըստ ԿՀԲ— ի նավթի նախկին գլխավոր վերլուծաբան Ռոբերտ Էբելի հաշվարկների՝ «BP»—ն 140 միլիոն դոլար է ծախսել Ադրբեջանում, որոնք վերջնահաշվարկում չեն ներկայացվել։ Ըստ լրագրողի՝ այդ գումարները գնացել են Ադրբեջանի իշխող վարչակարգի ներկայացուցիչների գրպանները, ովքեր, չնայած ոչ բարձր աշխատավարձին, սիրում են արքայավայել ապրել։
|