Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Երեկ Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արմավիրի մարզի Քարակերտի թիվ 1 եւ 2 դպրոցների մանկավարժներին եւ աշակերտներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը։
Այնուհետեւ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 14—րդ հոդվածից, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ։
Խորհրդարանը չի ընդունել Զարուհի Փոստանջյանի հեղինակած «2015 թ. հունվարի 12—ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը։
Քննարկվել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915—1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
Պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո սկսել են քննարկել ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի, Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Մելիքյանի եւ Արագած Ախոյանի հեղինակած «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915—1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը։ Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ հայտարարության նախագծի մշակմանը մասնակցել են ԱԺ 6 խմբակցությունների պատգամավորներ, անկախ պատգամավորներ, ասորական եւ հունական համայնքների ներկայացուցիչներ, պատմաբաններ, թուրքագետներ, գիտնականներ եւ սփյուռքի ներկայացուցիչներ։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նախագծի մշակման գործում մեծ է եղել երջանկահիշատակ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ներդրումը։
Հայտարարության նախագծում ասվում է, որ ՀՀ Ազգային ժողովը, առաջնորդվելով ՄԱԿ—ի գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11—ի բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9—ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26—ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ—ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է, որ դատապարտում է օսմանյան Թուրքիայի կողմից 1914—1923 թվականներին հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ «Հայտարարության նախագծի ընդունումը կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,–ասել է Էդուարդ Շարմազանովը։
Հարակից ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը։ Նրա գնահատմամբ՝ ԱԺ հայտարարության նախագիծը քաղաքական փաստաթուղթ է, որով Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր վերաբերմունքն է արտահայտում ցեղասպանությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դա հայ ժողովրդի բարոյական պարտքն է՝ լինելու բարեկամ ժողովուրդների կողքին, կիսելու նրանց ցավը եւ նաեւ՝ սատարելու։ Պարոն Թորոսյանը կարեւորել է այն հանգամանքը, որ փաստաթղթում արձանագրված է հայրենազրկման փաստը։ Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել։
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները։ Գուրգեն Արսենյանը նշել է, որ դատապարտում է մարդկանց հանդեպ իրականացված նման երեւույթները։ Նրա գնահատմամբ՝ փաստաթուղթը պետք է արտահայտի այդ հարցում բոլորի վերաբերմունքը։ Հովհաննես Մարգարյանը հայտարարության նախագիծը ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական տեսանկյունից համարել է կարեւոր՝ նշելով, որ անտարբերությունը կարող է ցեղասպանությունների շարունակականության պատճառ լինել։ Հայկ Բաբուխանյանն էլ կարծիք է հայտնել, որ Թուրքիան մինչ օրս շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը, եւ առաջարկել է հեղինակներին հայտարարության մեջ արձանագրել դա։ Էդմոն Մարուքյանը կարեւորել է նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի նախաշեմին մինչ օրս տեղի ունեցած ցեղասպանությունները դատապարտելու առումով։ Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել։ Թեւան Պողոսյանը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից ասորիների եւ հույների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը։ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ցեղասպանությունների ճանաչման գործընթացին, ներկայացրել իր նկատառումներն ու առաջարկները։ Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ հայտարարության նախագիծն ուղղված չէ ժամանակակից Թուրքիայի դեմ, ընդհակառակը՝ այն միտված է օգնելու ժամանակակից Թուրքիային՝ առերեսվելու սեփական պատմության հետ։
Պատգամավոր Մհեր Շահգելդյանն իր ելույթում կարեւորել է ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ նաեւ դրանց կրկնության կանխարգելման տեսանկյունից։ Նա անհրաժեշտ է համարել ցեղասպանությունների դատապարտման գործընթացի շարունակականությունն աշխարհում։ Արտակ Զաքարյանը եւս կարեւորել է ցեղասպանությունների դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ 20—րդ դարի սկզբին եւ հետագա տարիներին ցեղասպանության զոհ է դարձել 13,5 միլիոն մարդ տարբեր երկրներում։ Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով ԱԺ հայտարարության նախագծին, նշել է, որ առավել նպատակահարմար կլիներ, եթե ասորիների եւ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչվեր օրենքով, ոչ թե ԱԺ հայտարարությամբ։ Ըստ նրա՝ այդ պարագայում նկատելի կլիներ իշխանության մյուս թեւերի դիրքորոշումը։ Արտաշես Գեղամյանը ողջունել է ԱԺ հայտարարության նախագծի ներկայացումը, կարեւորել ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Զարուհի Փոստանջյանն իր ելույթում անհրաժեշտ է համարել Օսմանյան կայսրությունում ասորիների եւ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտումը ԱԺ հայտարարությամբ։ Խոսրով Հարությունյանը եւս ողջունել է ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը, անդրադարձել հայ—թուրքական արձանագրություններին եւ տարածաշրջանային խնդիրներին։ Ըստ նրա՝ ԱԺ հայտարարության ընդունումն իր լուման կներդնի ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման գործընթացում։
ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է ցեղասպանությունների ճանաչման գործընթացին, կարեւորել ցեղասպանության ենթարկված եւ տեղահանված ազգերի հետ համագործակցելու անհրաժեշտությունը։ Նա առաջարկել է այդ նպատակով ստեղծել մի մարմին, որը կզբաղվի այդ հարցերով, եւ համոզմունք է հայտնել, որ միասնական գործելու պարագայում արդյունքներն առավել շոշափելի կլինեն։ Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ «Ժառանգությունը» կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Կարեւորելով ոճրագործությունների դատապարտումը՝ նա անհրաժեշտ է համարել ժխտողականության դեմ ընդհանուր պայքարը։ Ըստ նրա՝ հանցագործության պարտակումը միտում ունի խուսափելու ցեղասպանությունների կանխարգելումից։
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Նա իրազեկել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին։ Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ առավել նպատակահարմար կլիներ, եթե խորհրդարանն իր վերաբերմունքն արտահայտեր օրենքով։ Նա եւս նկատել է, որ չդատապարտված ցեղասպանությունները ծնում են նոր ցեղասպանություններ։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ողջունել է ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը՝ նշելով, որ այն քննարկման է ներկայացվել ճիշտ ժամանակին։ Նա անդրադարձել է նաեւ գործընկերների ելույթներին, նպատակահարմար համարել ԱԺ հայտարարության վերնագրից տարեթվերը հանելու առաջարկը, որի հետ եզրափակիչ ելույթում համաձայնել է նաեւ ԱԺ հայտարարության հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին։
Եզրափակիչ ելույթում նախագծի համահեղինակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է գործընկերների դիտարկումներին եւ առաջարկներին, ներկայացրել պարզաբանումներ։
Խորհրդարանն իր աշխատանքը կշարունակի այսօր։
|