ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 2 » Դադարեցվեց հայ–թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը
11:43
Դադարեցվեց հայ–թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը

Ազգային անվտանգության խորհրդի նիստում միաձայն հավանություն է տրվել հարցին

Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Մինչեւ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր մյուս գործընկերների հետ միասին նա հաջողությամբ իրականացնի խորհրդի սահմանադրական գործառույթը, այն է՝ ապահովել դատարանների եւ դատավորների անկախությունը։
ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման է ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ—թուրքական արձանագրությունների մասին հարցը, որի վերաբերյալ զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Անկախությունից ի վեր Հայաստանը փորձել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Սակայն հայ—թուրքական հարաբերությունները շարունակում էին փակուղում մնալ, երբ հանրապետության նախագահը 2008թ. նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դրա հիմքում ընկած էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը։
Թուրքական կողմի հետ հենց այս՝ առանց նախապայմանների կարգավորման ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք բանակցությունները, որոնց արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10—ին Ցյուրիխում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։
Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք զգացել ենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը մեծ կարեւորություն տալով հայ—թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ դիտարկում էր Հայաստանի այս քայլը որպես իմաստուն նախաձեռնություն։ Ասվածի վկայությունն է արձանագրությունների ստորագրման արարողությանը Ռուսաստանի, ԱՄՆ—ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ Եվրոպական միության բարձր հանձնակատարի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի ներկայությունը։
Հայաստանը մշտապես հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում։ Ցավոք, հետագա զարգացումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Անկարան պատրաստ չէ կարգավորմանը, եւ որ թուրքական կողմի բարձրագոչ հայտարարությունները այսպես կոչված պատմական հաշտեցման պատրաստակամության մասին՝ կապ չունեն իրականության հետ։ Դեռեւս ստորագրման օրը թուրքական կողմը փորձ կատարեց կրկին հնչեցնել նախապայմաններ, որոնք նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը, ինչի պատճառով ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով։ Արարողությանը ներկա միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչները թե՛ այն ժամանակ, թե՛ դրանից հետո հայտարարեցին, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում եւ իրականացվեն առանց նախապայմանների։
Սակայն ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կրկին վերադարձավ նախապայմանների լեզվին, որը ոչ միայն կապ չուներ արձանագրությունների տառի ու ոգու հետ, այլ՝ հակասում էր դրանց։ Թուրքիան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ադրբեջանական կողմի առավելապաշտական եւ անհիմն մոտեցումներին համապատասխան կարգավորելու հետ եւ բացահայտ ողջունեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններն ու գործողությունները։
Ոչ միայն Հայաստանը, այլեւ գործընթացին աջակից երկրներն ու միջազգային կառույցները հրապարակավ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծումը չի կարող կապակցվել հայ—թուրքական կարգավորման գործընթացի հետ։ Այդպիսի փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ։
Մենք նաեւ շարունակաբար հստակ վերահաստատել ենք, ներառյալ հայ—թուրքական գործընթացի թե՛ մեկնարկին եւ թե՛ դրա ընթացքում, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը։
Ինչպես բազմիցս շեշտել է նախագահ Սարգսյանը, Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որեւէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։
Երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղեց դեպի փակուղի, Հայաստանը ստիպված եղավ կասեցնել վավերացման ընթացակարգը՝ այնուամենայնիվ պատրաստ մնալով վավերացնել արձանագրությունները։ Թուրքիայի համապատասխան քայլերի հետ զուգահեռ Հայաստանի այս մոտեցումը տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից ըմբռնումով ընկալվեց եւ ողջունվեց։
Այն, որ Թուրքիան պատրաստ չէ առաջ գնալ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման ուղով, եւս մեկ անգամ փաստվեց, երբ Անկարան մերժեց 2015թ. ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մասնակցելու նախագահ Սարգսյանի հրավերը, որը 2014թ. օգոստոսին Անկարայում ես փոխանցեցի Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Սա Թուրքիայի կողմից հերթական բաց թողնված հնարավորությունն էր։
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը արձանագրությունները չի կարող առհավետ պատանդ պահել։ Բայց Անկարան ականջալուր չեղավ ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության հետեւողական կոչերին։
Իհարկե, մենք երբեւէ չենք ապավինել Թուրքիայի բարեհաճությանը, այլ փորձել ենք կառուցել իրավահավասար, ժամանակակից հարաբերություններ։ Գուցե նաեւ սա է արձանագրությունները վավերացնելու Թուրքիայի դժկամության պատճառը։ Վերջիվերջո, դրանք հայ—թուրքական հարաբերությունների առաջին փաստաթղթերն էին, որ մեզ չէին պարտադրվել, ավելին՝ նախաձեռնվել էին Հայաստանի կողմից եւ բանակցվել էին մեր առաջարկների հիման վրա։ Հայաստանը մնաց իր բարձունքի վրա եւ կարողացավ առաջ տանել իր կողմից նախաձեռնած այս գործընթացը՝ հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը՝ pacta sunt servanda՝ համաձայնությունները պետք է հարգվեն։
Հայաստան—Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների հնարավոր տարբերակները։ Մենք ձգտում էինք արձանագրությունների կնքման միջոցով հարաբերությունների կարգավորմանը, սակայն գիտակցում էինք նաեւ, որ Թուրքիան կարող է համապատասխան քաղաքական կամք չդրսեւորել եւ չհարգել իր ստանձնած պարտավորությունները։
Ժամանակը ցույց տվեց, որ մեր այս մտահոգությունն արդարացի էր։ Մինչ օրս թուրքական իշխանությունների կողմից արձանագրությունների վավերացմանն ուղղված որեւէ քայլի բացակայությունը, շարունակական փորձերը արձանագրությունների վավերացումը փոխկապակցել նախապայմաններով, Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին Անկարայից հնչող սադրիչ հայտարարությունները, ակնառու կերպով վկայում են, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը եւ կյանքի կոչմանը»։
Հանրապետության նախագահը նիստի բացման խոսքում հակիրճ անդրադարձել է տարածաշրջանում ապահով ու համերաշխ ապագա կերտելու տեսլականով իր նախաձեռնությամբ սկիզբ դրված՝ առանց նախապայմանների Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին։ Նախագահ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու ի հակառակ դրա՝ միջազգային հանրության առջեւ իր ստանձնած պարտավորությունների կենսագործման ուղղությամբ տարիներ շարունակ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայությունը։
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ եւ 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց։
«Հարգելի՛ գործընկերներ,
Հիշում եք, որ բոլորիդ համաձայնությամբ, երբ ես նախաձեռնեցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու գործընթացը, առաջնորդվում էի տարածաշրջանում ապահով եւ համերաշխ ապագա կերտելու տեսլականով։ Հայաստանն արեց հնարավորը մեր հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները կարգավորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար։ Մեր ցանկությունն այդ էր, որ այդ բեռը մենք կրենք, ավարտենք գործընթացը եւ չթողնենք նրանց ուսերին։ Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որեւէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու եւ ուժի մեջ մտնելու համար, այլեւ որեւէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել։ 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ես հայտարարեցի, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը ըստ պատշաճի չիրականացնելու պարագայում մենք գարուն ենք մտնելու այդ արձանագրություններն առ ոչինչ հայտարարված, այսինքն՝ առանց այդ արձանագրությունների։ Հիմա եկել է որոշումը կայացնելու ժամանակը, եւ այսօրվա մեր քննարկման թեման հենց դա է։ Այս հարցով խոսքը տրամադրում եմ արտաքին գործերի նախարարին, որ նա հանգամանորեն մեկ անգամ եւս անդրադառնա հարցին»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանը, նախաձեռնելով այս գործընթացը, գիտակցում էր, որ այն միանշանակ չի ընդունվելու իր հասարակության բոլոր անդամների ու հատկապես սփյուռքի հայրենակիցների կողմից, որոնք ցեղասպանություն վերապրածների սերունդներ են, այդուհանդերձ, գնաց այդ քայլին՝գիտակցելով դրա անհրաժեշտությունը։
Արտաքին գործերի նախարարի զեկույցից հետո խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ՝ նշելով, որ հարեւան Թուրքիան չօգտվեց ընձեռված պատմական հնարավորությունից, ավելին՝ առաջ քաշած իր նախապայմաններով ոչ միայն չնպաստեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ բարդություններ ստեղծեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նպաստելով Ադրբեջանի դիրքորոշման առավել կարծրացմանը։ ԱԱԽ անդամներն ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան դադարեցնել արձանագրությունների կնքման ընթացակարգերը։
Նրանք նաեւ նշել են, որ Հայաստանն ավելի շատ հիմքեր ուներ Թուրքիային նախապայմաններ առաջադրելու, սակայն ընտրեց հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմամբ խաղաղ եւ կայուն տարածաշրջան ունենալու հեռանկարը։
Քննարկման արդյունքում անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10—ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցմանը։
Ամփոփելով նիստը՝ նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ Թուրքիան, խախտելով ընդունված միջազգային պրակտիկան եւ այն հանձնառությունները, որ պետություններն ունեն միջազգային հանրության առջեւ, ուղղակի կոպիտ ձեւով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ եւ որեւէ աղերս չունեցող նախապայմաններ։
«Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել, որ մենք որեւէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, եւ որեւէ մեկին նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու։ Մենք փոքր պետություն ենք, չունենք ոչ հզոր ռազմական, ոչ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք եւ գործելու ենք միայն ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի։
Եվ հաշվի առնելով մեր համաձայնությունը այս հարցում՝ ես նիստից հետո անմիջապես կստորագրեմ հրամանագիր այս ընթացակարգը դադարեցնելու մասին։ Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին՝ մեր այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ արձանագրություններով ստանձնած որեւէ պարտավորություն մեզ համար իրավական որեւէ նշանակություն չի ունենալու»,–ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ այս հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաեւ արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ—ի եւ Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ շնորհակալություն հայտնելով նրանց եւ բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը։
«Ես ուզում եմ մեր հանրության եւ ձեր ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա։ Հանգամանք առաջին՝ իմ խորին համոզմամբ, մեր անցած ճանապարհը շատ օգտակար էր։ Երբ մենք սկսում էինք բանակցային գործընթացը, բնական է, որ կանխատեսում էինք երկու ելք՝ դրական կամ բացասական։ Եվ եկանք այն եզրակացության, որ երկու պարագայում էլ մենք շահող ենք. կստացվի հարաբերություններ հաստատել՝ դա կբխի երկու ժողովուրդների շահերից, չի ստացվի, ապա միջազգային հանրությունը մինչեւ վերջ կհամոզվի, որ հարաբերությունների բացակայությունը պետք է փնտրել այլ տեղ, համենայնդեպս ոչ Հայաստանի գործելաոճում։ Եվ կարծում եմ՝ մենք դրան ամբողջովին հասել ենք։ Չկա մի միջազգային կառույց, չկա շատ թե քիչ միջազգային գործընթացներին մասնակցող որեւէ պետություն, որն ունենա այլ կարծիք։ Եվ այդ կարծիքը բազմաթիվ անգամ մենք լսել ենք հրապարակավ՝ թե գնդակը ում դաշտում է, թե ում պատճառով չեն վավերացվում այս արձանագրությունները։ Հանգամանք երկրորդ՝ ինչպես ասացի, մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելը, այնուհետեւ այդ հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկու ժողովուրդների շահերից։ Գիտեք, իհարկե, շահը ակնհայտ է, բայց միշտ վազել այդ շահի հետեւից՝ հույս չունենալով, որ որեւէ պարագայում կարող ես հասնել, այդ ընթացքում կարող ես շատ բան կորցնել։ Ուստի, մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ։ Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչեւ հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»,–ընդգծել է հանրապետության նախագահը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 451 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024