Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը գտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցությունները ցեղասպանության ենթարկվածների թռներին համարժեք չեն ոչ ճանաչմանը եւ ոչ էլ ներողություն խնդրելուն։
«Ֆրանս պրես» գործակալությամբ հրապարակած բաց նամակում Ազնավուրը ենթադրում է, որ Էրդողանի այդ հայտարարությունն առաջին քայլն է երկխոսությանն ընդառաջ, որը հայ ժողովրդին մերժում էին 100 տարի շարունակ։ «Մարդկանց միջեւ հարաբերությունները պետք է կառավարի մարդասիրությունը։ Բանականությունը հուշում է, որ ցավակցության այդ արտահայտությունն ունի այլ շարժառիթ՝ բացի երկխոսությունից, որն այնքան կարեւոր է պատմական ճշմարտությունը վերականգնելու առումով»,–ասված է նամակում։
Միաժամանակ, աշխարհահռչակ շանսոնյեն նշել է, որ Էրդողանը շարունակում է հրաժարվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից, իսկ նրա օգտագործած «ցավակցություն» բառը պետք է դիտել որպես քաղաքական գործչի անձնական ցանկություն՝ ներկայացնել ցուցադրական բաց դիրքորոշում։
|