ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 21 » Երեւանում ստեղծվում է երկրում առաջին ազատ տնտեսական գոտին
18:23
Երեւանում ստեղծվում է երկրում առաջին ազատ տնտեսական գոտին
Ինչպես վարվել մրցակցային սահմանափակումների պարագայում
Կառավարությունում վերջերս ընդունված որոշումներից մեկով արձանագրվեց, որ ՀՀ-ում ստեղծվում է առաջին ազատ տնտեսական գոտին, եւ այն ստեղծվում է «ՌԱ˙ Մարս» ՓԲԸ եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ (նախկին Մերգելյան ինստիտուտ) տարածքներում: Մասնավոր նախաձեռնությունը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությանն է, որը եւ այդ գոտու կազմակերպիչն է: Այս թեմայի մասին խոսվեց նաեւ Հայաստան՝ Ռուսաստանի փոխվարչապետի այցի ժամանակ: Իսկ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ընդհանուր գծերով տեղեկացրեց, որ ազատ տնտեսական գոտին ստեղծվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով: Եվ որ ծրագրի իրականացումը, ինչպես ակնկալվում է, կօգնի պետությանը լուծելու հետեւյալ խնդիրները՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւն: Նախարարն այդ ժամանակ հավաստեց, որ «Սիտրոնիկս Արմենիա»-ն կառավարությանն է ներկայացրել մանրամասն գործարար ծրագիր: Մեր ընթերցողներին խոստացել էինք անդրադառնալ, թե ինչ է ենթադրում այդ ծրագիրը, ինչ ակնկալիքներ ու ռիսկեր ունի, ինչ խնդիրներ կան ու ինչ լուծումներ են առաջարկվում:

Ինչ ընկերությունների հիմքով է ԱՏԳ-ն ստեղծվելու

Դեռ 2011թ. հուլիսին Դոնի Ռոստովում ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին քննարկվեց «ՌԱ˙ Մարս»-ի եւ «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքում «Սիտրոնիկս Արմենիա»-ի կառավարմամբ ազատ տնտեսական գոտիների ստեղծման հարցը: Նախարարությունը տեղեկացնում է, որ ընկերությունը ստեղծվել է 2009թ.՝ ծրագրվող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) կառավարման համար: Իսկ «ՌԱ˙ Մարս»-ը եւ «ԵրՄՄԳՀԻ»-ն 2008թ-ից «Սիտրոնիկս» ԲԲԸ (ՓԲԸ-ն դուստր ձեռնարկությունն է) կառավարման ներքո են: Կազմակերպությունների սեփականատերը ՌԴ-ն է՝ ի դեմս պետական գույքի կառավարման դաշնային գործակալության: Ի դեպ, «Սիտրոնիկս» ԲԲԸ-ն «Սիստեմա»-ի կազմի մեջ է մտնում, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ռուսական շուկայում առաջատար է: Այս կոնցեռնը դարձել է ռուսական երեք կազմակերպություններից մեկը, որն ընդգրկվեց Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված «Monitoring Industrial research»-ի TOP-1000 R&D կազմակերպությունների ցուցակում, որը ներառում է հետազոտությունների եւ մշակումների ոլորտում համաշխարհային առաջատար կազմակերպություններին: ԲԲԸ-ն աշխարհի 30 երկրներում ներկայացուցչություններ եւ մասնաճյուղեր ունի, իրականացնում է արտահանում ավելի քան 60 երկիր: Կազմակերպության պաշտոնական գրասենյակը Մոսկվայում է: Աշխատակիցների ընդհանուր թիվը մոտ 8000 է, որոնցից ավելի քան 1000-ն աշխատում են հետազոտությունների եւ մշակումների ոլորտում: Ըստ գործարար ծրագրի, կազմակերպության հասույթը 2010թ. կազմել է 1, 167 միլիարդ ԱՄՆ դոլար:
«ՌԱ˙ Մարս»-ը հիմնադրվել 1988թ., որպես էլեկտրոնիկայի եւ ռոբոտատեխնիկայի գործարան, բարձր տեխնոլոգիական սարքավորումների, մասնավորապես՝ արտադրական արդյունաբերության տարբեր ոլորտներում օգտագործվող ղեկավարման սարքավորումների, համալիր արտադրության համար: Գործարանը ստեղծվել էր որպես պետական ձեռնարկություն եւ հիմնադրման ժամանակ, ի միջի այլոց, համալրված էր ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից եւ Շվեյցարիայից ներկրված՝ տվյալ ժամանակաշրջանի համար առաջատար տեխնոլոգիաներով: ԽՍՀՄ փլուզման հետեւանքով պլանավորված արտադրությունն այդպես էլ չթողարկվեց: Հաջորդող 20 տարիներին ձեռնարկությունը փաստացի չթողարկեց բարձր տեխնոլոգիական արտադրանք, եւ իր արտադրական տարածքները հիմնականում վարձակալությամբ էր տրամադրում: Հիշեցնենք, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի համաձայն, 2002թ. ընկերությունը փոխանցվեց Ռուսաստանի սեփականությանը:
«ԵրՄՄԳՀԻ»-ն (Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) հիմնադրվել է 1956թ.: Նրա գործունեության հիմնական ուղղություններ են եղել ժողովրդական տնտեսության մեջ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, ինչպես նաեւ ԽՍՀՄ ՊՆ պատվերով ընդհանուր եւ հատուկ նշանակության ավտոմատ կառավարմամբ համալիրների եւ համակարգերի մշակումն ու ներդրումը: «ԵրԱԿՀԳԻ»-ն՝ Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը, հիմնադրվել է 1992 թ. «ԵրՄՄԳՀԻ» մի շարք ստորաբաժանումների հիման վրա, որոնց հիմնական ուղղությունն էր բարձր հուսալիության հաշվողական համալիրների եւ գլոբալ (տարածաշրջանային) կառավարման համակարգերի մշակումը: «Նյութագիտություն գիտաարտադրական ձեռնարկությունը» ստեղծվել է 1970թ.՝ ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության շրջանակներում՝ նպատակ ունենալով մշակել հատուկ նշանակության ոչ ավանդական նյութերի բաղադրությունը, ստեղծման տեխնոլոգիան եւ արտադրության կազմակերպումը: 2010թ. ինստիտուտները կոնսոլիդացվել են՝ «ԵրՄՄԳՀԻ»-ին միանալու միջոցով: Ինստիտուտը շարունակում է իր պրոֆիլային գործունեությունը, ավելի ակտիվորեն զարգանում էր հատուկ նյութերի մշակման եւ արտադրության հետ կապված ուղղությունը: Իսկ ներկայումս «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքում վերակառուցվում է ժամանակակից էքսպո-կենտրոն՝ 4700 քմ տարածքով, խորհրդակցությունների եւ համաժողովների համար սարքավորումներով վերազինված սրահներով:

ԱՏԳ-ի հաջողված  2 օրինակ

Մինչեւ հասկանալը, թե «ՌԱ˙ Մարս»-ի եւ «ԵրՄՄԳՀի»-ի տարածքում ինչպես է ազատ տնտեսական գոտի ստեղծվելու եւ «Սիտրոնիկս Արմենիա»-ի կողմից կառավարվելու, արտերկրի ԱՏԳ ստեղծման հաջողված օրինակներ բերենք (սրանք ներառված են գործարար ծրագրում):
Բերենք Բանգլադեշի օրինակը: Այստեղ պատմականորեն արտադրվել են բարձրորակ կտորեղեն եւ ջութե ապրանքներ: Ջութը Բանգլադեշի գլխավոր արտահանվող ապրանքն է: Տասնամյակների ընթացքում (20-րդ դարի 50-60-ական թվականներին) ջութի համաշխարհային արտադրության գրեթե 80%-ը կենտրոնացված էր Բանգլադեշում: Սինթետիկ կտորների արտադրության զարգացման արդյունքում նախորդ դարի 70-ականներին ջութի արտադրությունն անկում ապրեց: Առեւտրային հավասարակշռության ճեղքը հնարավոր եղավ ծածկել թեթեւ արդյունաբերության զարգացման հաշվին, որը համաշխարհային շուկաներում շատ արագ գտավ իր սպառողին: 1980-ականներին արդեն կառավարությունը որոշեց զբաղվել արդյունաբերական-արտադրական տիպի ազատ տնտեսական գոտիների ստեղծման գաղափարի իրականացմամբ: Այդ պահի դրությամբ Բանգլադեշում կար ընդամենը 50 թեթեւարդյունաբերական գործարան: Արտերկրի ներդրողները (Կորեա, Հոնկոնգ, Չինաստան, Թայվան) օգտվեցին Բանգլադեշի մրցակցային առավելություններից՝ աշխատանքի ցածր վարձատրությունից: 2009թ. արդեն Բանգլադեշում շահագործվում էր տեքստիլ արտադրության եւ վերամշակման 4500 գործարան, դրանք բերում են 75% արտահանման հասույթ (Բանգլադեշի ազգային բանկի տվյալներ), դրանցում զբաղված են գրեթե 2 մլն աշխատողներ: ԱՏԳ-ն Բանգլադեշի դինամիկ զարգացող այդ ճյուղի կենտրոնն է: 2009թ. օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 1994թ.-ից սկսած կազմել է 1 500 մլն ԱՄՆ դոլար: Տվյալ արդյունքը վերջին տարիներին խթանել է տեղական գործարարների կողմից լրացուցիչ կապիտալի ներդրումների գործընթացը: Իսկ վերջին տարիներին, չնայած միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամին, Բանգլադեշի տեքստիլ ապրանքների արտահանման ծավալը, Համաշխարհային բանկի տվյալներով, աճել է: Համաշխարհային բանկի եւ Բանգլադեշում ԱՏԳ-ի հարցով պետական գործակալության տվյալներով, 2009թ. Բանգլադեշի ԱՏԳ-ում զբաղված է եղել 200 հազար մարդ:
Մալայզիայի օրինակն էլ մեջ բերենք: «Ուղիղ ներդրումները խթանելու մասին» օրենքի ընդունումից հետո՝ 1986թ., Մալայզիայում ստեղծվեց օտարերկրյա ներդրողներին ներգրավելու համալիր միջոցառումների ներդրման բազա: Տվյալ միջոցառումների շնորհիվ զարգացման ազդակ ստացած արդյունաբերության ճյուղերի ցանկը բավականին լայն է. գյուղատնտեսական մթերքների, քիմիայի, տեքստիլի, թղթի վերամշակում, էլեկտրոնիկայի արտադրություն: ˙րենքը «Պիոներ» կամ «Բարելավված պիոներ» (բարձր տեխնոլոգիական ճյուղերում աշխատող կազմակերպություններ) կարգավիճակ ստացած ֆիրմաների համար նախատեսում էր հարկային արտոնությունների աստիճանավորում: Մալայզիայի ենթակառուցվածքը ուղղված է բարձր տեղնոլոգիական ճյուղերի զարգացմանը. կառավարությունը խոշոր միջոցներ է ներդնում դրանց զարգացման համար: Երկիրը հայտնի է մեծածավալ գիտական ծրագրերով (այսպես կոչված՝ Կիբերքաղաքներով), խոսքն, ասենք, «Մուլտիմեդիական գերմիջանցքի» մասին է, որում հաղորդակցության կառուցվածքը կարող է մրցել լավագույն համաշխարհային համանման կենտրոնների հետ: Ծրագիրը նպատակ ունի վերածելու Մալայզիան տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում առանցքային խաղացողի մինչեւ 2020թ.:
Այդպիսի միջոցառումների արդյունքը դարձավ արդյունաբերության վեամշակող ճյուղերի արտահանման աճը եւ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման աճը (Համաշխարհային բանկի տվյալներն են սրանք): 2009թ. Մալայզիայի արտահանման ավելի քան քառորդ մասը կազմել է բարձր տեխնոլոգիական արտադրանքը:
Այս հաջողված օրինակների կողքին Հայաստանն ունի մի շարք էական մրցակցային սահմանափակումներ (մրցակցությանը խոչընդոտող), դրանք, ճիշտ է, օբյեկտիվ են, օրինակ՝ նավահանգիստների բացակայությունը, փակ սահմաները հարեւան երկրների հետ, բարձր տրանսպորտային ծախսերը, բայց միեւնույն է՝ փաստ են: Ուրեմն ինչպես անել, ինչպես իրագործել ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը: Իսկ գուցե հենց այդ սահմանափակումնե՞րն օգտագործենք սեփական մրցունակության բարձրացման համար: hhpress.am
Շարունակելի
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 640 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024