ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 16 » Երկակիությունը Սիրիայի հարցում սանձարձակ է դարձնում Թուրքիային
10:02
Երկակիությունը Սիրիայի հարցում սանձարձակ է դարձնում Թուրքիային

ԱՄՆ-ի զորքերն էլ են հրետակոծության ենթարկվել թուրքական դիրքերից

Թուրք-սիրիական հակամարտությունը, ավելի ստույգ՝ արդեն զինված բախումները, կարող էր շատ արագ կարգավորվել, եթե համաշխարհային երկու բեւեռների երկու անկյուններում նստած Վաշինգտոնն ու Մոսկվան ի սկզբանե երկակի խաղերով չտարվեին։ Սակայն այդպես էլ պիտի լիներ, քանի որ Թուրքիան վաղուց ԱՄՆ-ի դաշնակիցն է, Սիրիան՝ ՌԴ—ի, Թուրքիան ԵՄ կառույցի հետ է կապել իր ապագան, Սիրիան՝ ԵԱՏՄ—ի, որին վաղուց է ցանկանում անդամակցել։
Երեւանի վերջին տարիների որդեգրած արտաքին փոխլրացնող քաղաքականությունը պիտի այլընտրանք չունենա։ Այս իրավիճակում երբեք չի կարող «կամ, կամ—ի» տարբերակը հայանպաստ դիտարկվել։ Գոնե ներկա ժամանակահատվածում։ Պետք է շարունակել «եւ, եւ—ի» քաղաքական գիծը, որովհետեւ այն այլեւս ընկալելի է համաշխարհային երկու բեւեռների համար, անգամ համաշխարհային երրորդ բեւեռին ձգտող Չինաստանն իր հարաբերություններում դեմ չի արտահայտվել նման քաղաքականությանը։ Եթե մեր երկիրը արդեն ընկալված այս քաղաքական ուղին չպահպանի, ապա վստահ չի կարելի ասել, որ հետագայում նորից Հայաստանին թույլ կտրվի փոխլրացնող քաղաքականություն վարել արտաքին ասպարեզում։ Առանց այն էլ աներեւույթ դժգոհություններ կան այս կամ այն համաշխարհային կենտրոնից, եւ պետք չէ առիթ տալ։
Արդեն գիտենք, թե օրերս ՄԱԿ—ի ԱԽ—ում ծավալված քննարկումներն ինչ ընթացք ստացան, երբ եվրոպական երկրների կողմից սեղանին դրվեց Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատելու եւ դադարեցնելու հարցը։ Վաշինգտոնն ու Մոսկվան «քննադատություն» բառը դարձրեցին տարաձայնության դրոշակ, եւ եվրոպական կողմը միայնակ մնաց Թուրքիայի նկատմամբ իր քննադատական հայտարարությունն անելիս։
Հիշեցնենք, որ ԱՄՆ—ն պարզապես մի անմեղ հայտարարությամբ հայտնել է, որ չի պաշտպանում Թուրքիայի քայլը։ Չնայած ԱՄՆ—ի բացը դաշնակցին աջակցելու հարցում ՆԱՏՕ—ն լրացրեց՝ նշելով, որ Թուրքիան ՆԱՏՕ—ի ուժեղ եւ հավատարիմ դաշնակիցն է, մեծ պետություն է եւ մեծ գործերի մեջ է հայտնվում... Եվ այդ «մեծ գործերի մեջ» ՆԱՏՕ—ն աջակցում է Սիրիայի տարածք մտած Թուրքիային, որն իր պատմության բոլոր հատվածներում միայն զավթարարությամբ է զբաղվել, ինչը փորձում է շարունակել նաեւ այսօր։
Հիշեցնենք նաեւ, որ ՌԴ—ն էլ բոլոր կողմերին զսպվածության կոչ էր արել, այդ բոլոր կողմերը Թուրքիան, Սիրիան եւ Սիրիայի քրդական համայնքն են։ Մեր նախորդ թողարկմանը այս տեսակետը համեմատել էինք ԵԱՀԿ ՄԽ միապաղաղ կոչերի հետ, որ լսել ենք տարիներ շարունակ. Հայաստան—Արցախի դեպքում՝ ադրբեջանական կողմն է մշտապես սադրանքների հեղինակ դառնում եւ խուսափում պատասխանատվությունից, Սիրիայի դեպքում՝ սադրիչն ու անպատիժը ցայսօր Ադրբեջանի մեծ եղբայր—երկիր Թուրքիան է։
Փաստորեն, շատ տեղին էր, որ հայկական երկու հանրապետություններում վերջին ամիսներին կայացած տարաբնույթ զանգվածային զորավարժություններ անցկացվեցին, նաեւ զինուժի պահեստազորի մասնակցությամբ, որի հետեւանքով պարզվեց, որ ճիշտ է մեր շարունակական վստահությունը հայկական ԶՈւ պատրաստականության եւ հաղթական ոգու նկատմամբ։ Սա մեր զինվորական եւ քաղաքական այրերի հնչեցրած գնահատականն է նաեւ։
Ամենակարեւոր արձանագրումը կարելի է համարել այն հանգամանքը, որ մեր հանրությունը շատ գիտակցված ու պատրաստակամ վերաբերմունք դրսեւորեց զորավարժությունների նկատմամբ։ Պետությունը հնարավորություն ունեցավ պաշտպանվածության եւ անվտանգային առումով զինուժի մարտունակությունն ի ցույց դնել՝ միաժամանակ համոզվելով, թե ինչպիսի վստահության մթնոլորտ կա երկրում։ Իսկ ժողովուրդ—բանակ կապը եւ փոխըմբռնումը մեզ համար անչափ կարեւոր են այս խրթին ժամանակներում, երբ միջազգային ասպարեզում հակամարտությունները այս կամ այն կերպ փոխկապակցված են։
Դառնալով սիրիական խնդրին՝ նշենք, որ կարեւոր հարցերից մեկը Սիրիայի կառավարության եւ Քրդական ինքնավարության ղեկավարության փոխըմբռնումն էր, ինչը հնարավորություն տվեց սիրիական բանակին Քրդական ինքնավարության տարածքում գործել առանց թիկունքից հարված ստանալու։ Նման իրավիճակ չկար «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ժամանակ, ինչը թուլացրել էր եւ Սիրիայի կառավարական ուժերի, եւ քրդերի պայքարը։
Իսկ այժմ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի երկրի հյուսիսային հատվածներ՝ օգնելով թուրքական ուժերի դեմ կանգնած քրդական զինված խմբավորումներին։ Այս օրերին Սիրիայի կառավարական ուժերը մուտք են գործել Թուրքիայի սահմանից 30 կմ դեպի հարավ ընկած Աին Իսա բնակավայրը։
Հետաքրքիր է, որ ներսիրիական գործարքը կնքվեց, երբ քրդերի գլխավոր դաշնակից ԱՄՆ—ն հայտարարեց Սիրիայի հյուսիսից իր մնացյալ 1000 թվակազմով ուժերին նույնպես հետ քաշելու մասին՝ թուրքական ուժերի դեմ քրդերին թողնելով անպաշտպան։ Հիմա էլ ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե իրենք հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ ավարտել են իրենց գործը, թե ով կօգնի Սիրիայի իշխանությանը եւ քրդերին, իրենց համար մեկ է, անգամ եթե Ռուսաստանը ստանձնի այդ դերը կամ Չինաստանը, թե Իրանը։
Տարօրինակ է, բայց նույն ժամանակ ԱՄՆ—ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ հայտարարում են, թե չեն թողնելու թուրքական առաջխաղացում լինի։ Ահա եւ մի նոր երկակի քաղաքականության դրսեւորում։
Չնայած այս անկանոն իրավիճակին, Սիրիայի պետական ԶԼՄ—ները հայտնել են, որ երկրի կառավարական ուժերը նոր հաջողության են հասել եւ ազատագրել են նաեւ Թուրքիայի սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Թալ Թամրը, ինչն արվել է թուրքական ագրեսիան կանգնեցնելու համար։ Եվ սիրիական զորքերն այստեղ արժանացել են քրդերի ջերմ ընդունելությանը։
Այս ընթացքում Ռուսաստանն էլ իր երկակի քաղաքականությունը շարունակելով՝ եռակողմ արտակարգ գործարք կնքեց Սիրիայի եւ քրդերի հետ։ Քրդերն իրենց խաբված են զգում այն բանից հետո, երբ ԱՄՆ—ն հրաժարվեց աջակցելուց, ինչը փորձում են փոխարինել ՌԴ—ի հետ գործակցելով։
Եվրոպական առաջատար երկու երկրները՝ Ֆրանսիան եւ Գերմանիան, ամեն ինչ անում են, որ ԱՄՆ—ն միանա թուրքական ներխուժումը կանգնեցնելու գործընթացին։ Համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել են, թե Թուրքիան այս պահին ստեղծում է «մարդասիրական անտանելի իրավիճակ»։ Նշվել է նաեւ, որ Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ոչ միայն «ողբերգական հումանիտար հետեւանքների», այլեւ ԻՊ ազդեցության վերականգնմանը եւ Սիրիայի հյուսիս—արեւելքում իրավիճակի ապակայունացմանը։ «Ֆրանսիան մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի կանգնեցնի Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիս—արեւելյան շրջաններում»,— ասել է այդ երկրի նախագահը՝ հավելելով, որ «Ֆրանսիան ԵՄ—ի, ՆԱՏՕ—ի եւ ՄԱԿ—ի ԱԽ շրջանակում կուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը՝ սերտ համագործակցելով «Իսլամական պետության» դեմ դաշինքի իր գործընկերների հետ, ապահովելով Թուրքիայի ներկայիս հարձակողական գործողությունների անհապաղ դադարեցումը»։
Այս իրավիճակում Սիրիայի կողմը բռնած Իրանը եւս զգուշանում է, եւ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին վերստին զգուշացրել է, որ ով պատերազմ կսկսի Իրանի դեմ, կզղջա դրա համար։ Նման մի իրավիճակ եղավ նաեւ սեպտեմբերի 14—ին, երբ Սաուդյան Արաբիայի մի քանի նավթային գործարան հարձակումների ենթարկվեցին։ ԱՄՆ—ն հայտարարել է, որ Եմենից հարձակման որեւէ ապացույց չկա, եւ հարձակման համար մեղադրել է Իրանին՝ ակամա սրելով Իրան—Սաուդյան Արաբիա առանց այն էլ անհարթ հարաբերությունները։
Փաստորեն Իրանի եւ Սաուդյան Արաբիայի բախումը, որը շատ ավելի մեծ զինված բախման կհանգեր, հնարավոր եղավ կանխել, համաշխարհային բեւեռները միակարծիք չէին... իսկ Թուրքիային տրվեց այդ հնարավորությունը՝ մտնել Սիրիայի տարածք։ Ինչպես նախկինում նշել ենք, կարծիք կա, որ ԱՄՆ—ն ու ՌԴ—ն տվել են իրենց լուռ համաձայնությունը Թուրքիային։
Հետաքրքիր է, որ Ռուսաստան—Սիրիա—Քրդական ինքնավարություն գործարքից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիմա էլ կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան միջամտությունից։ Իսկ ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Կոնգրեսի հետ համատեղ պատրաստվում է հզոր պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ՝ Սիրիայում ռազմական գործողության համապատկերին։
Պետք է նշել, որ մինչ այս, Սիրիայում ԱՄՆ զորքերը հրետակոծության են ենթարկվել թուրքական դիրքերից, հայտնել է Պենտագոնը՝ միաժամանակ պահանջելով, որ Թուրքիան «դադարեցնի բոլոր գործողությունները, որոնք կարող էին անհրաժեշտ դարձնել ԱՄՆ—ի կողմից անհապաղ պաշտպանական գործողությունները»։
Պայթյունը տեղի է ունեցել անվտանգության գոտու արտաքին սահմանից մի քանի 100 մետր հեռավորությամբ, ընդ որում՝ թուրք զինվորականները տեղյակ էին այդ շրջանում ամերիկյան զորքերի առկայության մասին։
Սա մեկ անգամ եւս վկայում է, որ թուրքական զորքերի սանձարձակությունը օրեցօր կավելանա, եթե գերտերությունները եւ տարածաշրջանի երկրները իրապես չընկալեն թուրքական էությունը եւ դրանից բխող վայրագությունները։
Հայտնել էինք, որ Արաբական պետությունների լիգան դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում, եւ շատ կարեւոր է, որ արաբական երկրները լինեն միասնակամ այս հարցում։ 22 երկրներից բաղկացած ԱՊԼ—ն տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող երկրների միություն է, ինչը կարող է իր ազդեցությունը թողնել միասնական պայքարի առումով, եթե ԱՄՆ—ն ու ՌԴ—ն շարունակեն երկակի քաղաքականություն վարել Թուրքիայի եւ Սիրիայի նկատմամբ, ինչը կարող է սրել նաեւ Իրան—Սաուդյան Արաբիա, եւ Իսրայել—ԱՊԼ—ի մի շարք երկրների հարաբերությունները։
Մեր պետությունը շարունակում է քայլեր ձեռնարկել Սիրիայի ռազմական բախումների գոտում հայտնված մեր ազգակիցների անվտանգությունն ապահովելու եւ ժամանակավորապես նրանց տարհանելու հարցերում։
Նշենք նաեւ, որ ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14—ին, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես՝ ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ սիրիացի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ 
Հայաստանը պետք է շարունակի աջակցել մեր բարեկամ Սիրիային՝ հաշվի առնելով ինչպես մարդասիրական նկատառումները, այնպես էլ մեր երկու երկրների փոխադարձ շահերը տարածաշրջանում եւ առհասարակ աշխարհում։

 


Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 328 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024