ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 21 » Երկրապահը սահմանապահ չէ, երկրապահը հենց հայրենիքի սահմանն է
18:21
Երկրապահը սահմանապահ չէ, երկրապահը հենց հայրենիքի սահմանն է

Կայացավ Հայրենիքի սիրուց ծնված կառույցի՝ ԵԿՄ_ի 9-րդ համագումարը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիում փետրվարի 18-ին կայացավ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը, որին ներկա էր եւ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Համագումարը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ինչից հետո հնչեց Երկրապահի հիմնը:
Համագումարի ընթացքում տեղի ունեցան նաեւ ԵԿՄ վարչության ընտրություններ: Համագումարի պատվիրակները եւ վարչության անդամները միաձայն քվեարկեցին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի օգտին, ով կրկին վերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ:
Համագումարն ընտրեց վարչության 77 անդամների:

ԵԿՄ_ն սատարում է գերագույն գլխավոր հրամանատարին

Համագումարն ընդունեց նաեւ եզրափակիչ հայտարարություն, որում մասնավորապես նշվում է. «Երկրապահը՝ որպես ազատագրական շարժման ծնունդ եւ արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող օղակ, պարտադրված պատերազմում պաշտպանել է Արցախի ժողովրդին եւ մնում է Արցախի պետականության պաշտպանը: Երկրապահները ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում պաշտպանում են ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները»:
Համագումարի հայտարարության վերջին կետը հաստատում է, որ երկրապահը եղել եւ մնում է հայ ժողովրդի հանդուրժողականության, համերաշխության, միասնության մթնոլորտի ստեղծման ջատագովը:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ վստահ է՝ այսօր հայ ժողովուրդը գնահատում է երկրապահի ներդրումը մեր հայրենիքի անկախության ձեռքբերման, բանակի ստեղծման եւ հզորացման, մեր ժողովրդին պարտադրված արցախյան պատերազմի դժվարին ճանապարհին:
«Պատերազմի տարիներից սկսած մենք ուշադիր ենք եղել, այսօր պարտավոր ենք առավել ուշադիր լինել զոհված, անհետ կորած, հաշմանդամ, ինչպես նաեւ երկրապահ ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ: Մենք գլուխ ենք խոնարհում մեր մայրերի առաջ, բոլոր այն մայրերի, ովքեր հերոսներ են ծնել, ովքեր հող եւ հայրենիք պաշտպանող զավակներ են դաստիարակել: Վստահ եմ՝ ամեն հայ հոգու խորքում իրեն երկրապահ է զգում եւ մտածում, թե ինչպես ինքը կարող է երկրին պիտանի լինել»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Երկրապահը կանգնած է եղել ազգային բանակի կայացման ակունքներում եւ այսօր էլ մնում է բանակին պատրաստի գիտելիքներով զինված քաջերի հիմնական մատակարարը: Մ. Գրիգորյանը հիշեցրեց, որ եթե երկրապահական ջոկատները չպահեին ռազմաճակատի առաջին գիծը, ինրենց վրա չվերցնեին պատերազմի ողջ ծանրությունը, հնարավոր չէր լինի թիկունքում զբաղվել կանոնավոր բանակի ստեղծմամբ. «Լինելով հայոց բանակի հիմնադիր՝ մենք պարտավոր ենք միշտ մնալ բանակի շարքերում, բանակի կողքին, զորավիգ լինել սահմանին ապրող հողի մշակին, մտավորականին, սահմանապահ հայ ժողովրդին: Կարեւորը ոչ միայն ազատագրելն է, այլ ազատագրածը պահպանելն ու նոր սերնդին հանձնելը»:
Նոր սերնդի ճիշտ դաստիարակությունը երկրապահի կարեւորագույն խնդիրներից է: Պատանի եւ երիտասարդ երկրապահին այնպես պետք է դաստիարակել, որ նա միշտ պատրաստ լինի պաշտպանելու իր սրբությունները՝ մորը, ընտանիքը, հայրենիքը:
«Գարնանն անցկացվելու են համապետական ընտրություններ: Մենք պետք է մեր ակտիվ մասնակցությունն ունենանք առաջիկայում կայանալիք բոլոր ընտրություններին: Հարգելի Սերժ Սարգսյան: Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք արցախյան ազատագրական պատերազմի բովով եւ այսօր ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն եք: Մենք հավատում եւ վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում ձեր նախաձեռնություններին, որոնք ուղղված են դիմակայելու արտաքին մարտահրավերներին: Մենք համոզված ենք, որ որպես հանրապետության նախագահ, ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, եւ որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրեն մեր ընտանիքները: Դա է եղել մեր եւ մեր մարտական ընկերների երազանքը»:

Պատերազմն ավարտվում է, երբ սերունդները յուրացնում են դրա դասերը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ˙հանյանը հիշեցրեց, որ պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, խաղաղության հաստատման համաձայնագրերի ստորագրմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը, երբ պետական կառույցների ու հասարակության ամենատարբեր շերտերի ջանքերը միավորվում են խաղաղությունն ամրապնդելու համար, եւ այդպիսով բացառվում է դրա վերսկսվելու հավանականությունը:
«Երբ արցախյան համազգային պայքարի բովում ինքնաբուխ, սակայն գիտակցված անհրաժեշտության մղումով ստեղծվեցին առաջին ինքնապաշտպանական ջոկատները, որոնց ուսերին ծանրացավ երկրի վտանգված սահմանների պաշտպանության պատասխանատվությունը, այդ ժամանակ վերստին հառնեց հայ քաջարի ֆիդայու՝ երկրապահ կամավորականի՝ ազատարարի ու պաշտպանի փառահեղ կերպարը: Այդ նա էր՝ երկրապահ-կամավորականը, որ կանոնավոր բանակի բացակայության պայմաններում կանգնեց հայրենի հողի պաշտպանության դիրքերում եւ պատվով կատարեց իր առաքելությունը: Այն հերոսական օրերին, ըստ էության, երկրապահ էին բոլորը՝ կադրային զինվորականն ու հասարակ շինականը, բանվորն ու մտավորականը, աշակերտն ու ուսանողը: Հայրենիքը վտանգի մեջ էր, եւ յուրաքանչյուրը երկրի պաշտպանությունը համարեց իր սուրբ պարտականությունը: Այլ հայրենյաց պաշտպան կազմակերպությունների, ազատամարտիկների թվում երկրապահ կամավորականներն այն որոշիչ ուժն էին, որոնց շնորհիվ արցախյան ազատամարտը վերաճեց հայրենական պատերազմի»,- ասաց Ս. ˙հանյանը:
Մարտական գործողությունները դադարեցվում են ռազմական, քաղաքական ու դիվանագիտական միջոցներով, բայց հաղթական խաղաղությունը վերջին հաշվով բերում են այն մարդիկ, ովքեր անհրաժեշտ պահին անվարան գնացին պատերազմ ու առաջին հերթին գաղափարի կռիվ մղեցին: Գաղափարի այդ զինվորներից էին երկրապահները՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ում կամքի եւ մեծ ջանքերի շնորհիվ էր, որ երկրապահ-կամավորականների ջոկատները միավորվեցին մեկ միության մեջ, որի հիմքի վրա հետագայում ձեւավորվեցին կանոնավոր բանակի առաջին ստորաբաժանումները: Երեկվա երկրապահը դարձավ հայոց բանակի փորձառու սպա, հրամանատար՝ իր հետ բերելով նվիրյալ ազատամարտիկի ոգեղեն զորությունը: Այդ հաղթական ոգին էր, որ միավորեց հայոց նորաստեղծ բանակի անձնակազմը՝ դառնալով մեր վերջնական հաղթանակի գրավականը. «1994 թ. մայիսին դադարած, բայց չավարտված պատերազմն արդեն քանի տարի մեզ պարտադրում է ապրել «զինադադարի ռեժիմ» կոչվող պայմաններում: Բոլոր զինադադարներն էլ պարբերաբար խախտվում են, հակառակորդը միշտ էլ փորձում է շոշափել դիրքապահ ստորաբաժանումների զգոնությունն ու թույլ կետեր գտնել մեր պաշտպանությունում, սակայն ստանալով վճռական հակահարված, առժամանակ սսկվում է: Պատերազմի հաղթական ավարտից հետո Երկրապահ կամավորականների միության դերը բնավ չնվազեց. այն ոչ միայն մեծապես նպաստում էր բանակաշինության ծանր, բայց անչափ կարեւոր գործին, այլեւ ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին: Երկրապահների ներուժն ամբողջությամբ ի սպաս էր դրված պետականության ստեղծման ու կայացման տեւական, դժվարին խնդրին»:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ այսօր երկրապահները՝ լինեն դեռ պատանի, թե՝ արդեն ալեհեր, պաշտպանության նախարարության ու զորամասերի կազմակերպած բոլոր միջոցառումների ոչ թե սպասված հյուրն են, այլ պարտադիր ու պատվավոր մասնակիցները, եւ իրենց ներկայությամբ, գործնական գիտելիքներով, ուսանելի հիշողություններով մեծապես օգնում են անձնակազմի շրջանում ճշմարիտ արժեքների, հայրենասեր ոգու ձեւավորմանը: Հայրենիքը միշտ հիշում է իր զավակներին, արժանին մատուցում նրանց նվիրումին ու գործած սխրանքներին: Դրա վկայությունը մարտական այն բազմաթիվ պարգեւներն են, որոնք ամեն տարի գտնում են իրենց պարտքը լռելյայն կատարած երկրապահ-կամավորականներին: Միայն ընթացիկ տարում ՀՀ նախագահի հրամանագրերով նրանցից քսանն արժանացել են ՀՀ պետական պարգեւների, իսկ շուրջ 600-ը Ս. ˙հանյանի հրամանով պարգեւատրվել են պաշտպանության նախարարության պատվոգրերով ու գերատեսչական մեդալներով:
«Այդ գնահատանքը ոչ այնքան ձեզ, որքան այսօրվա ու վաղվա սերունդներին է պետք՝ տեսնելու եւ հասկանալու համար, որ ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել: Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք զեկուցել, որ պաշտպանության նախարարությունը, լավ գիտակցելով, որ այսօր էլ վիթխարի է երկրապահների, եւ ընդհանուր առմամբ՝ բոլոր ազատամարտիկների ակտիվ գործունեության դերը պետության պաշտպանունակության ամրապնդման գործում, երկրի հասարակական կյանքում, ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ օժանդակելու երկրապահ կամավորականների բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: Այսօր ընդգրկուն ծրագրեր են իրականացնում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, հասարակության բոլոր շերտերի հետ միասին բանակը հզորացնելու եւ հայրենիքի սահմանների պաշտպանվածությունն ամրապնդելու ուղղությամբ: Հատկապես մեծ ծավալի աշխատանք է իրականացվում դպրոցներում, ուր մեր օժանդակությամբ կահավորվում են «Ռազմագիտություն» առարկայի դասարաններ, նորոգվում մարզադահլիճներ, դպրոցներին հատկացվում է մարզական գույք, պաշտպանության նախարարության հրատարակած ռազմահայրենասիրական բովանդակության գրականություն եւ նկարահանած տեսաֆիլմեր, որոնք ներկայացնում են արցախյան ազատամարտի տարբեր դրվագներն ու հայրենիքի նվիրյալների անցած մարտական ուղին»,_ասաց նա:
Միասին լծված այս բոլոր աշխատանքներին եւ մշտական գաղափարակցությամբ՝ սերտ համագործակցության արդյունքում, ըստ նախարարի, կարելի է փաստել, որ բանակը եւ երկրապահն այսօր մի բռունցք են՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում միասին պայքարելու հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ. «Չմոռանանք, որ երկրապահ-ազատամարտիկները մեր ամենակարեւոր եւ հուսալի զորահավաքային ռեսուրսն են եւ կազմում են պրոֆեսիոնալ բանակը համալրողների ամենաորակյալ մասը: Հունվարի 28-ին բոլորս միասին նշեցինք մեր համաժողովրդական երկունքի ծնունդը՝ բոլորիս հպարտության առարկա ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այդ տոնական օրերին իշխող ոգեւորությունը, սեփական բանակի հանդեպ հպարտությունը եւ միասնականությունը պարզապես անփոխարինելի էին, եւ զինված ուժերի պատմության 3-րդ տասնամյակում դրանք հնարավոր չէ պահպանել առանց հայրենիքի սիրուց ծնված այնպիսի կառույցի, ինչպիսին Երկրապահ կամավորականների միությունն է: Վստահ եմ, որ այս համագումարը նույնպես անցնելու է նույն գաղափարների ներքո, որովհետեւ Երկրապահն է, որ ժողովրդական իր հավաքական իմաստությամբ այդ պատգամն է բերում բոլորիս, ու բանակն է, որ խռովահույզ այս ժամանակներում առաջինը պիտի կանգնի երկրապահի կողքին եւ օգնի կյանքի կոչելու միասնականության ու հայրենապաշտության գաղափարը: Միայն այսպիսի միասնական աշխատանքով կարող ենք հասնել շոշափելի հաջողությունների եւ մեր համազգային նվիրական երազանքների իրականացմանը»:
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 659 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024