ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 8 » Երկրի անվտանգությունն ամենակարեւորն է /Սեյրան Օհանյանը պաշտպանական համակարգում անելիքներ ունի/
11:54
Երկրի անվտանգությունն ամենակարեւորն է /Սեյրան Օհանյանը պաշտպանական համակարգում անելիքներ ունի/

Կարեւորելով երիտասարդության դերն այսօրվա իրականության մեջ՝ «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ասաց, որ երիտասարդության մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մասին. «Յուրաքանչյուր երկիր իր անվտանգության ապահովման գործում ձեւավորում է համապատասխան ներուժ, եւ այդ ներուժի շնորհիվ է իրականացվում երկրի պաշտպանությունը։ Այդ ներուժի բաղադրիչներն են երկրի տնտեսությունը, բանակը՝ իր զորահավաքային ռեսուրսներով, երրորդ բաղկացուցիչն էլ ռազմահայրենասիրական դաստիարակությունն է»։ 
Կարեւորելով երիտասարդության դերն այսօրվա իրականության մեջ՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ երիտասարդության մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մասին. «Յուրաքանչյուր երկիր իր անվտանգության ապահովման գործում ձեւավորում է համապատասխան ներուժ, եւ այդ ներուժի շնորհիվ է իրականացվում երկրի պաշտպանությունը։ Այդ ներուժի բաղադրիչներն են երկրի տնտեսությունը, բանակը՝ իր զորահավաքային ռեսուրսներով, երրորդ բաղկացուցիչն էլ ռազմահայրենասիրական դաստիարակությունն է»։ 
Ս. Օհանյանը կարծում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է կարեւորվի ամենից շատ. «Մարդիկ կան, որ կարծում են, թե երիտասարդները դպրոցում, բուհերում, բանակում դաստիարակվում են, եւ դրանից հետո այդ դաստիարակչական աշխատանքները պետք է ընդհատվեն, այնինչ ցանկացած ագրեսիայի պատասխանելու համար կարեւոր բաղկացուցիչներից մեկը բնակչության գաղափարական դաստիարակությունն է։ Մենք կարող ենք հաղթանակներ ունենալ ավելի շատ գաղափարական պատրաստության շնորհիվ, քան նյութական եւ ֆինանսական ներուժի առկայությամբ, իսկ գաղափարական հենքի բացակայությունը կարող է պարտության հանգեցնել»։ Նախարարի պաշտոնակատարը, հետադարձ հայացք նետելով արցախյան գոյապայքարին, որը վերածվեց ազգային—ազատագրական շարժման հանուն մեր անկախության եւ ազատության, հիշեցրեց, որ մենք չունեինք քանակական առավելություն թշնամու նկատմամբ, սակայն դա դեր չխաղաց. «Դերակատարում ունեցան համախմբումը, միասնությունը, գաղափարական դաստիարակությունը։ Հաղթանակների հիմքում մարտական ոգին էր, իսկ մարտական ոգին առանց միասնության եւ միջանձնային լավ հարաբերությունների չի կարող լինել»։ 
Նախարարի պաշտոնակատարի խոսքով, հայ ժողովրդի փորձը ցույց է տվել, որ երբ դժվար իրավիճակում մենք միասնական ենք, կարողանում ենք պայքարել մեր ինքնությունը պաշտպանելու համար. «Իսկ որտեղ կա միասնականություն, այնտեղ չկան ո՛չ իշխողներ, ո՛չ ընդդիմություն։ Մենք դեռեւս հազարամյակներ ապրելու ենք երկրի վրա, ուստի մեր իրականության մեջ բանակը պետք է։ Չպետք է հակառակորդի ջրաղացին ջուր լցնենք, որովհետեւ նրանք ցանկացած առիթից օգտվում են»։
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ բանակում միջանձնային հարաբերությունները պետք է բարձր մակարդակի վրա լինեն, եւ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ այդ հարաբերությունների համար խոչընդոտներ չլինեն, ինչպիսիք են փողոցային արատավոր բարքերը, որոնք էլ հետագայում ձեւավորում են անհանդուրժողականության մթնոլորտ։


Բանակն ավելի թափանցիկ է դարձել
 

Բանակի վերաբերյալ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ բավականին լուրջ աշխատանք է կատարվել հասարակության համար բանակն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ «Այն երկրում, որտեղ կա ժամկետային ծառայություն, մտավախություններ կան ծնողների, հարազատների մոտ եւ այն պատճառով, որ մտավախությունը հասցնենք նվազագույնի, պարտավոր ենք բանակը բացել հասարակության առջեւ»,—ասաց Օհանյանն ու նշեց, որ այն ամենը, ինչ գաղտնիք չի պարունակում, ներկայացվում է հասարակությանը։
Նրան բանակի թափանցիկության խնդիրը մտահոգում է դեռեւս ԼՂՀ—ում պաշտպանության նախարար եղած տարիներին. «Ես հրամայել էի քանդել զորամասերի բարձր պարիսպները, որպեսզի մարդիկ թեկուզ իրենց պատուհաններից հնարավորություն ունենային հետեւելու բանակի առօրյային, տեսնեին, թե քանի անգամ են զինվորները շարվում, քանի անգամ են դասընթացների մասնակցում եւ պարապմունքներ անում»։
Ցավոք, ոչ մի բանակ չի գտել այն բանաձեւը, որով կարելի է զերծ մնալ անվտանգության կանոնների խախտումներից։ Սակայն պետք է արձանագրել, որ կորուստների թիվը 2013—ին նվազել է 32 տոկոսով, անվտանգության կանոնների խախտման պատճառով պատահարները հասել են նվազագույնի։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշեց, որ 22 տարվա ընթացքում պատրաստության առումով հասել ենք այն բանին, որ բարձր մակարդակի միջոցառումներով չենք զիջում խոշոր պետություններին. «Մեր զինծառայողների բարոյահոգեբանական մակարդակը չափազանց բարձր է։ Մեր զինվորներն օրինակելի են»։
Ս. Օհանյանը բանակում մի շարք դրական փոփոխություններ էլ նշեց։ Դրանցից մեկը կադրային քաղաքականությունն է, որտեղ բացառված է կաշառքը, կատարվում է բնակարանների հատկացում զինծառայողներին։ Բանակը գնումների գործընթացում օրինակելի կառույց է. «Զորակոչի իրականացման մեջ կատարված փոփոխություններն իմ եւ իմ կոլեկտիվի հպարտության առարկան են»։
2013 թվականի աշնանային զորակոչին ավելի շատ մարդ է զորակոչվել, քան 2011 թվականի աշնանը՝ արդարացի մոտեցումների, կոռուպցիայի դեմ պայքարի հաշվին։
Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ նախկինում համոզված էին, որ գումարով կարող են երեխային ազատել բանակից կամ լավ տեղ գցել։ Նա տեղեկացրեց, որ զինկոմներում գործող հանրապետական բժշկական անձնակազմում բոլորը փոխվել են։ Իսկ ներառված մասնագետները միանգամից հասկանում են՝ ո՛վ է խուսափում ծառայությունից, որ փաստաթղթերն են կեղծ։ Նախարարը կարծում է, որ գաղափարական առումով էլ աշխատանքներ պետք է կատարվեն։ Նա կողմնակից է, որ պետական կառավարման համակարգում չծառայածները չընդգրկվեն, պետական պաշտոնի չլինեն։ «Կամ բանակ չգնացածներին լավ աղջիկ չտան»,–կեսկատակ—կեսլուրջ ավելացրեց Ս. Օհանյանը։ 


Բանակը ապաքաղաքականացված է
 

Բանակը քաղաքական գործընթացների մեջ չի ներառվում։ Կառավարության հրաժարականը ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա բանակի վրա։ Պատերազմի հավանականությունը քիչ է։ Իսկ ՄՄ—ին միանալու վերաբերյալ Սեյրան Օհանյանը նշեց, որ թեպետ որոշումը պայմանավորված է նաեւ մեր անվտանգության խնդրով, սակայն ՀՀ զինված ուժերը կարողանում են զսպել Ադրբեջանին եւ շարունակելու են զսպել։ Սակայն կա մեկ այլ տարածաշրջանային գլոբալ անվտանգության հարց՝ Թուրքիայից եկող սպառնալիքները, եւ այս դեպքում արդեն ռուսական ռազմաբազայի առկայությունը կարեւոր է։ 
Իսկ ինչ վերաբերում է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ՆԱՏՕ—ի հարաբերությունների սրման հետեւանքներին, ապա, Սեյրան Օհանյանի պնդմամբ, դրանք բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունների վրա, քանի որ Հայաստանը ՆԱՏՕ—ի անդամ դառնալու մտադրություն չունի. «Մեզ համար կարեւոր է կառույցի հետ համագործակցությունը»։


Զինվորի առողջությունը կարեւորվում է
 

Սեյրան Օհանյանն ասաց, որ նախազորակոչային տարիքի զինակոչիկների առողջական հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են։ «Առողջապահության նախարարության հետ մենք լայն համագործակցություն ենք իրականացնում. ստեղծված է միասնական աշխատանքային խումբ, որը վերահսկում է կցագրման ժամանակահատվածում առողջապահական խնդիրները»։ Այսուհետ պատվաստումները կատարվելու են ոչ թե հավաքակայանում, այլ՝ զորակոչից ամիսներ առաջ, որպեսզի հետպատվաստումային շրջանը զինակոչիկը տանն անցնի։ Թեպետ եթե համապատասխան պայմաններ չապահովվեն, բարդություններ տանն էլ կլինեն։ Իսկ ինչ վերաբերում է որոշ զորամասերում դեղերի հետ կապված խնդիրներին, Սեյրան Օհանյանը նկատեց, եթե զորամասում դեղի պակաս կա կամ էլ դեղ ընդհանրապես չկա, ապա դրա պատասխանատուն զորամասի ղեկավարությունն է։


Աղջիկների ծառայությունը կամավոր է
 

Անդրադառնալով աղջիկների համար պարտադիր զինվորական ծառայություն ներդնելու հարցին, ասաց, որ այդպիսի առաջարկ շատերն են անում։ Սակայն, Օհանյանի խոսքով, աղջիկներն ավելի լավ է տանը մնան, երեխաներ պահեն, ազգը շատացնեն, թեպետ նրանց ներկայությունը բանակում այսօր էլ առկա է։ Կան մարտական ստորաբաժանումներում ծառայող կանայք. «Մեզ մոտ կամավորական հենքի վրա է»։


Ադրբեջանը միջազգային նորմերին դեմ է գործում
 

Անդրադառնալով Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջուղուլյանի ճակատագրի մասին «ՀՀ»—ի հարցին՝ Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ մյուս գերու՝ Արսեն Խոջոյանի հետ կապված գործընթացին։
«Մենք բավականին լուրջ աշխատանքներ ենք տարել նրանց վերադարձնելու համար. այդ աշխատանքներն ընթացքի մեջ են»,— ասաց նա։
Հակոբ Ինջիղուլյանի դեպքում հակառակորդի կողմից շեշտը դրվում է նրան երրորդ երկիր ուղարկելու վրա. «Հակառակորդի մոտ մի այսպիսի սկզբունք կա, որ բոլոր գերի ընկածները, ովքեր զինծառայողներ են, պարտադրված երրորդ երկիր են ուղարկվում, ինչը միջազգային բոլոր նորմերի խախտում է, ինչի մասին մենք խոսել ենք եւ չենք դադարի խոսել»։
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հարեւան երկրի հետ պետական կապի բացակայությունը թույլ չի տալիս գերիներին հետ վերադարձնելու համար արդյունավետ աշխատանքներ իրականացնել։


Տեղեկատվական պայքարում դեռ անելիք կա
 

Օհանյանը խոսեց նաեւ տեղեկատվական պատերազմից. «Տեղեկատվական պայքարը մեր իրականության մեջ անընդհատ շարունակվում է եւ լարման միտում ունի։ Լարման միտում ունի այն առումով, որ տեղեկատվական պատերազմի այս իրավիճակում գործ ունենք հարեւանների հետ, որոնք փորձում են հակահայկական քարոզչություն իրականացնել՝ ազդելով ՀՀ—ի եւ ԼՂՀ—ի իմիջի վրա։ Փորձում են ազդել նաեւ հայ հասարակության վրա»։
Մանրամասնելով ասաց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ապատեղեկատվությունը միջազգային ասպարեզում մեր իմիջի վրա ազդում է նավթադոլարների շնորհիվ։ «Ադրբեջանցիները փորձում են տարբեր պետությունների հետ համագործակցել, որպեսզի հակամարտության գործընթացում ունենան հաջողություններ, անկասկած նրանց որոշ բաներ հաջողվում է, քանի որ մեծ գումարներ են օգտագործում։ Մենք պետք է որոշակի զսպման, կանխարգելման մեխանիզմներ կիրառենք տեղեկատվական պայքարում»,—եզրափակեց Սեյրան Օհանյանը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Ծաղկաձոր—Երեւան
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 453 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024