ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 7 » Եվրատեսիլյան բացահայտումներ /Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի կողմից/
09:46
Եվրատեսիլյան բացահայտումներ /Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի կողմից/

«Եվրատեսիլ—2015»—ի հայաստանյան մասնակից «Genealogy» խմբի «DonÕt deny» երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12—ին Առաջին ալիքի երեկոյան եթերում։ Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանն այս տարի որոշել է մրցույթին ներկայանալ նոր ձեւավորվելիք «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915թ. աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին։ Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները։ Երգի վերնագիրն է՝ «DonÕt deny» («Մի՛ ժխտիր»)։
Եվրոպա աշխարհամասը ներկայացնելու է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան՝ Թամար Կապրելյանը, Աֆիկան՝ եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի—Ջին ՕÕԴոհերթի Վասմաթզյանը։ Իսկ թե ով կլինի հենց Հայաստանից ներկայացուցիչը, կբացահայտվի տեսահոլովակի պրեմիերայով։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա ֆանտաստիկ նշանաբանը մեզ ոգեշնչեց ստեղծել «Genealogy»—ն։ Մեր 6 մասնակիցներին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունը պարունակում է հայի գենը, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմությունը։ Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է։ Մենք «կամուրջ ենք կառուցել» անցյալի ու ներկայի միջեւ, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության միջեւ, Հայաստանի ու «Եվրատեսիլ»—ի միջեւ։ Սա պատմության ու երաժշտության ծագումնաբանությունն է՝ կենաց ծառը, որը ինչպես երեւում է տարբերանշանից, ունի ամուր արմատներ եւ դեպի վեր ձգվող ճյուղեր, որոնք նման են իրար միացող մոլեկուլների։ Տարբերանշանի հեղինակը Հանրային հեռուստաընկերության դիզայներ Լուիզա Պետրոսյանն է։
Մենք՝ հայերս, բազմաթիվ տաղանդավոր արտիստներ ունենք աշխարհով մեկ սփռված, եւ ցանկացած հայ գիտի «Հայաստան—սփյուռք—Արցախ» միասնության մասին։ Գաղափարն իրականացնելիս եւ մասնակիցներին ընտրելիս հիմնական դժվարությունը հստակ ուղղություն, հստակ աշխարհագրություն ընտրելու անհրաժեշտությունն էր։ Սկսեցինք փնտրել շնորհալի, երիտասարդ եւ բարետես արտիստների։ Սկզբնական ցուցակը բավական մեծ էր, այն ներառում էր շուրջ 30 հոգի, բայց քանի որ «Եվրատեսիլում» թույլատրելի են միայն 6—ը, Հանրային հեռուստաընկերությունը կատարեց խիստ ընտրություն՝ հաշվի առնելով կենդանի երգելու նրանց կարողությունները, ոճային եւ ձայնային տարբերություններն ու առանձնահատկությունները։
Եվրոպա աշխարհամասից ընտրեցինք Եսայի Ալթունյանին, քանի որ բացի գեղեցիկ ձայն ունենալուց, նա նաեւ որոշակի հայտնիություն ուներ Հայաստանում։ Մի քանի տարի առաջ նա մասնակցել էր Հանրայինի երաժշտական նախագծերից մեկին, նկարահանել Երեւանին նվիրված տեսահոլովակ։
Ասիա աշխարհամասում նույնպես շատ էին մասնակիցները, բայց Ստեֆանի Թոփալյանը մեզ համար բացահայտում էր՝ իմ բացահայտումը, քանզի ոչ ոք երբեւէ չէր լսել նրա մասին Հայաստանում։ Շատ դժվար էր նրան համացանցով գտնելը, բայց ճակատագիրը հրաշքներ է գործում։ Ճապոնահայի հետաքրքիր դիմագծերով եւ նուրբ ձայնով մեր հայրենակցուհին նույնպես միացավ նախագծին։
Ամերիկայի դեպքում ավելի հեշտ էր մեր ընտրությունը, քանի որ այնտեղի հայ համայնքը շատ մեծ է, եւ մենք որոշ չափով ճանաչում ենք բոլորին։ Բացահայտումներ եղան Հարավային Ամերիկայում, բայց, ի վերջո, կանգ առանք նրբագեղ Թամար Կապրելյան երգչուհու վրա, որը նույնպես ուներ որոշակի հայտնիություն հայ երկրպագուների շրջանակներում, որոնք նույնիսկ մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում էին նրա անունը «Եվրատեսիլի» շրջանակներում։
Աֆրիկայում ընտրությունն այդքան էլ մեծ չէր, մասնավորապես Եթովպիայում եւ Եգիպտոսում են հայերը հիմնված։ Վահե Թիլբյանին ընտրեցինք, որովհետեւ կենդանի երգելու փորձ ունի, հիմնականում նվագախմբով է հանդես գալիս, ինչպես նաեւ մեծ հայրենասեր է եւ էնտուզիաստ։
Ավստրալիայում մենք ունենք ավագ սերնդի հրաշալի երգչուհի, մասնագետ Արաքս Մանսուրյան, հենց նա էլ խորհուրդ տվեց լսել իր աշակերտներից մեկին՝ Մերի—Ջինին։ Այս ընտրությունը տեւեց ընդամենը 1 րոպե։ Առանց երկար մտածելու համաձայնեցինք, որովհետեւ օպերային երգչուհու այս հզոր ձայնը գերում է հենց առաջին րոպեից։
Խմբում չէր կարող չլինել Հայաստանի Հանրապետությունից որեւէ մեկը, քանզի կամուրջը ստեղծվում է հենց Հայաստանի եւ «Եվրատեսիլի» միջեւ։ Եվ ահա այն երգիչը, որը կբացահայտվի տեսահոլովակի պրեմիերայով, հենց կենտրոնն է, միացնող օղակը, մեր «ծագումնաբանության» գենետիկ կապը։ Նրա ձայնը հզոր է եւ բազմաոճ, նույնիսկ երգում նա կարծես կապող օղակն է 5 ձայների։
Երգը նույնպես անցել է ներքին ընտրության փուլ։ Մենք համագործակցել ենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների եւ խոսքերի հեղինակների հետ։ Ինձ հատկապես այս տարի ուրախացրեց այն հանգամանքը, որ նախորդ տարվա մեր եվրատեսիլյան հաջողությունից հետո ոգեւորություն կար եւ մեծ ցանկություն ստեղծելու հաղթական մի երգ։ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի եւ խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքի վրա։ Սա այն երգն էր, որն ամենից շատ էր համահունչ 6 երգիչների, «Եվրատեսիլի» ֆորմատի եւ ցանկալի տրամադրության համար։
Որոշվեց երգը եւ տեսահոլովակը միաժամանակ մատուցել հանդիսատեսին։ Կարծում ենք, որ այդպես երգն ավելի է տպավորվում, եւ ասելիքն ավելի ցայտուն է լինում։ Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ (ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում)։ Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»։
Մասնակիցները կարճ ժամանակով այցելեցին Հայաստան, ձայնագրեցին երգը, նկարահանվեցին տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը։ Ինչպես նաեւ լուսանկարվեցին մի քանի օրիգինալ ֆոտոշարքերում՝ աշխատելով ոճաբան Արմեն Գալյանի հետ։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12—ին Առաջին ալիքի երեկոյան եթերում, ժամը 21։30—ին»,— մանրամասներ է ներկայացրել «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 437 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024