ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 20:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 9 » ԵԽ ԽՎ—ն դատապարտող հռչակագիր է ընդունել /Քեսաբում կատարվածը Թուրքիայի անպատժելիության հետեւանքն է/
16:21
ԵԽ ԽՎ—ն դատապարտող հռչակագիր է ընդունել /Քեսաբում կատարվածը Թուրքիայի անպատժելիության հետեւանքն է/

Միջազգային հարթակում շարունակում են տեղ գտնել անդրադարձներ, հրապարակումներ, հայտարարություններ հայաբնակ Քեսաբի դեպքերի վերաբերյալ։
ԵԽ ԽՎ—ն երեկ գրավոր հռչակագիր է ընդունել, որով դատապարտվում են Սիրիայի Քեսաբ քաղաքում խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված ահաբեկչական գործողությունները, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Փաստաթղթի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Փաստաթուղթը ստորագրել է վեհաժողովի 22 պատգամավոր, այն բաց է ստորագրելու համար։ Հռչակագրում նշված է, որ վեհաժողովի՝ փաստաթուղթը ստորագրած անդամները խոր մտահոգություն են հայտնում Սիրիայի հյուսիս—արեւմուտքում գտնվող հինավուրց եւ գլխավորապես հայաբնակ Քեսաբ քաղաքում ծավալված իրադարձությունների կապակցությամբ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ հարձակումներն իրագործվել են «Ալ—Կաիդային» կից գործող ահաբեկչական խմբավորումներց կողմից, որոնք Սիրիայի տարածք են ներխուժել թուրքական սահմանից։ Նաեւ նշվում է, որ գլխավորապես բնակավայրի խաղաղ բնակչության հանդեպ կիրառված վայրենությունները ստիպել են տեղացիներին լքել իրենց տները։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիներն ու նշանակալի վնաս պատճառել բնակիչների ունեցվածքին։ «Սա շարունակական հումանիտար ճգնաժամ է։ Հաշվի առնելով Սիրիայում առկա զինված հակամարտության պայմաններում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում նաեւ՝ հայերի պաշտպանությունն ապահովելու խիստ անհրաժեշտությունը, մենք խստորեն դատապարտում ենք եւ անընդունելի համարում ուժի նմանատիպ կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։
Մենք հորդորում ենք Թուրքիայի իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել բացառելու ծայրահեղական խմբավորումների՝ այդ երկրի տարածքը որեւէ կերպ օգտագործելու հետագա հնարավորությունները եւ հետաքննել այդ խմբավորումներին թուրքական աջակցության տրամադրման մասին բոլոր տեղեկությունները։
Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի փախստականների, այդ թվում՝ հայերի անվտանգությունը, եւ ապա՝ իրենց բնակության վայր արժանապատիվ վերադարձն ապահովելու համար, ինչպես նաեւ նրանց սուր կարիքները հոգալու համար անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրի»,–նշված է փաստաթղթում։
Միջազգային կառույցները լայնորեն քննադատում են հարձակումները հայկական բնակավայրի վրա, սակայն դիվանագիտական մոտեցում ցուցաբերելով չեն նշում Թուրքիայի անունը։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է, որ Սիրիայում շարունակվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ինչի արդյունքում բազմաթիվ գյուղերի ու քաղաքների, ինչպես օրինակ՝ Քեսաբն է, բնակիչներ ստիպված են լքել իրենց տները։ Գլխավոր քարտուղարը նաեւ չափազանց մտահոգ է այն փաստով, որ ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառված տարբեր խմբավորումներ շարունակում են դաժան վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիական բնակչության նկատմամբ։ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ հակամարտության կողմերն ու նրանց կողմնակիցները երաշխավորեն խաղաղ բնակիչների պաշտպանությունը՝ անկախ նրանց կրոնական, համայնքային եւ էթնիկ պատկանելությունից։ Այս մասին նշվում է Բան Կի Մունի՝ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը եւս անդրադարձել է Քեսաբի վրա կատարված հարձակմանը։ Լեյն ասել է, որ չինական կողմը վճռականորեն դատապարտում է անմեղ մարդկանց ցանկացած սպանություն. «Չինական կողմը հերթական անգամ Սիրիայի համապատասխան կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունները, ջանքեր ներդնել խաղաղ բնակիչներին, այդ թվում եւ ազգային փոքրամասնություններին պաշտպանելու համար, կարճ ժամկետներում վերսկսել Ժնեւի բանակցությունների երրորդ փուլը եւ համագործակցել սիրիական հարցի քաղաքական լուծման շուրջ այնպես, որ Սիրիայում շուտափույթ վերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը»։
«Hurriyet Daily News» պարբերականի հոդվածներից մեկում անդրադարձ է կատարվում այս իրադարձությունների համապատկերում Թուրքիայի դերին՝ նշելով, որ այդ երկիրը շահագրգիռ կողմ էր բնակավայրը հայաթափելու հարցում։
«Գրեթե 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն այսօր այդ իրադարձությունները կրկնվում են կամ կարող են կրկնվել ավելի մեծ մասշտաբով»,–Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Երեւան—Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Մի՞թե այսօր նորից կարելի է վերապրել այն, ինչ տեսել է հայ ժողովուրդը 100 տարի առաջ։ Ցավոք, Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդամներ իրենց նպատակներն են հետապնդում։ Ես կարծում եմ, որ հանուն իրենց նպատակների փակում են աչքերը այն ամենի վրա, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ Քեսաբում։ Այդ ողբերգությունը, որ եղավ, չպետք է կրկնվի։ Դա միայն հայ ժողովրդի հարցը չէ, եթե տեղի ունենա, կբախվեն մուսուլմաններն ու քրիստոնյաները, երրորդ համաշխարհային պատերազմը կլինի իրականություն»,– ասաց նա։
«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, Բաշկիրիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Ռաֆայել Զինուրովին երկու փաստ է անհանգստացնում։
«Սա անցնում է Արեւմուտքի կողքով։ Քսաներորդ դարում, երբ եղավ ցեղասպանությունը, այն ժամանակ Արեւմուտքի երկրները հետեւում էին, նրանց լուռ համաձայնության հետեւանքով այդ ամենը տեղի ունեցավ։ Արեւմուտքն այսօր ավելի շատ անհանգստացած է Ուկրաինայի իրադարձություններով, իսկ միջազգային կառույցներն իմիտացիա են անում, թե Քեսաբի իրադարձությունները լոկալ բնույթ են կրում»,–ընդգծեց Ռաֆայել Զինուրովը։
Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Քեսաբի բախտն ուղղակի չբերեց՝ հայտնվելով ահաբեկիչների հերթական հարձակման ճանապարհին, որոնք կոնկրետ նպատակով ուղղորդված էին։
«Հայոց ցեղասպանությունը Եվրոպայում քչերին էր հետաքրքրում, այնպես որ, անիմաստ է հիմա դիմել Արեւմուտքի մեր գործընկերներին։ Ցեղասպանությունն անցյալում չէ, այդ ամենը կրկնվում է։ Ինչո՞ւ պիտի մարդիկ խիստ ուշադրություն դարձնեն այն իրադարձությունների վրա, որոնք իրականացնում են իրենց համագործակիցները»,–ասաց նա։
Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւը հավելեց, որ այս իրավիճակը երեկ չի սկսվել, այդպիսի ծրագրեր Թուրքիան ուներ, եւ դրանք միայն Թուրքիայում չեն կազմվում. «Շատ կարեւոր է հայկական սփյուռքի կոնսոլիդացիան։ Ռուսաստանը կարող է մի քիչ վերանայել ռուսական հումանիտար օգնությունը, որը գնում է այլ միջազգային կազմակերպությունների միջոցով»։
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ցավով նկատեց, որ դարձյալ գործ ունենք Արեւմուտքի երկակի ստանդարտների հետ։ Նա նշեց, որ Թուրքիան ՆԱՏՕ—ի անդամ է, ԵՄ ասոցացված անդամ է, պետություն է, որը ԵՄ եւ ԱՄՆ գործընկերն է։
Պատգամավորը նշեց, որ սա տեռորիստական գործողություն է, իր տարածքից, իր զինված ուժերի օգնությամբ ահաբեկիչներ է ուղարկում հարեւան պետության տարածք։ Հայկ Բաբուխանյանն ընդգծեց, որ ագրեսիան, տեռորիզմը, ազգային փոքրամասնության դեմ ոտնձգությունները հանցագործություններ են, որոնք դատապարտվում են բոլոր միջազգային կառույցների փաստաթղթերում։ Սակայն Քեսաբի դեպքում դա չի նկատվում. «Ինչ վերաբերում է Թուրքիային, մեզ համար ոչ մի նոր բան չկա։ Դա պետություն է, որը ցեղասպանություն է արել, այս ամենը կարող է նոր ցեղասպանության բերել։ Հայաստանի շրջափակումը 22 տարի է արդեն, որը ագրեսիայի օրինակ է։ Իսկ Սիրիան օրինակ էր հիանալի հարաբերությունների՝ քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ»։
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի բնութագրմամբ այօրվա Թուրքիան իրավահաջորդն է Օսմանյան կայսրության, որը ոչ միայն օգտագործում է ցեղասպանության պտուղները, այլեւ շարունակում է քաղաքականությունը։
«Քեսաբը Կիլիկյան Հայաստանի բեկոր է։ Իսկ Սիրիայի հայկական սփյուռքը մայր օջախ է համարվում։ Պատահական չէ, որ Թուրքիան որոշեց խփել դրա վրա Հայոց ցեղասպանության 100—ամյակի շեմին»,–ասաց նա։
ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ շեշտեց, որ այն, ինչ կատարվում է Քեսաբում, ցեղասպանության եւ էթնիկական զտումների քաղաքականությունն է, որ իրականացրել է Թուրքիան ոչ միայն Քեսաբում, այլեւ այն տարածքներում, որոնք Թուրքիայի հսկողության տակ են։ Սա հերթական փուլն է. «Մենք այս պահին ականատես ենք Մերձավոր Արեւելքը հայաթափելու քաղաքականությանը, որն իրականացվում է Թուրքիայի կողմից»։ Նա նշեց, որ էթնիկական զտումները, որ իրականցվել են Քեսաբում, Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ, նաեւ տարածքային ագրեսիա են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսի նկատմամբ։
Քեսաբում կատարվածը Թուրքիայի անպատժելիության հետեւանք է, ինչպես նաեւ Արեւմուտքի երկակի, եռակի ստանդարտների։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 486 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024