Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԿԲ—ում 2018 թ. տարեմուտի ընդունելությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ եւ ամենայն բարիք։
Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ,
Կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ,
Բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,
Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար։ Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերեւս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում։ Ինչպես դեռեւս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ եւ ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաեւ շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, եւ դա իսկապես շատ կարեւոր ցուցանիշ է։ Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաեւ դա այստեղ ներկա մարդկանց հետեւողական, քրտնաջան եւ նվիրված աշխատանքի արդյունք է, եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար։
Այս ընթացքում ՀՀ կառավարության եւ կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, եւ մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ ե՛ւ ռազմավարական, ե՛ւ մարտավարական բնույթի։ Մեր համագործակցության ամենակարեւոր եւ հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ, ում կյանքը բարելավելը եւ ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության եւ կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է։ Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում։ Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման, իրագործման փուլում են, եւ, իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են։ Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ։
Ըստ էության, կառավարության եւ կենտրոնական բանկի համագործակցության իմաստն իսկապես շատ հստակ արձանագրված է՝ քաղաքական այն իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ամենակարեւոր նշանակությամբ, նոր հնարավորությունների ստեղծումն է մարդկանց, տնտեսավարողների, բիզնես գործունեության համար։ Կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի գործունեության եւ կառավարության հետ համագործակցության հիմնական իմաստը պետք է լինի, որ այդ քաղաքական հնարավորությունները՝ դե յուրե հռչակված եւ քաղաքական առումով իսկապես գոյություն ունեցող հնարավորությունները՝ դե ֆակտո հասանելի լինեն մարդկանց։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կենսունակ գաղափարներն իսկապես պատշաճ, տրամաբանական ֆինանսավորում ունենալու հնարավորություն ստանան։ Այս գործում իսկապես դժվար է գերագնահատել կառավարության, կենտրոնական բանկի եւ ընդհանրապես բանկային համակարգի համագործակցությունը։
Մենք այս ընթացքում մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, ըստ էության, ձեւավորել ենք օրակարգ, կոնկրետ հարցեր, որոնց լուծումները պետք է բերեն մեր հռչակած նպատակների իրագործմանը։ Համոզված եմ, որ 2019 թվականին այս տրամաբանությունը նոր թափ եւ ուժ է ստանալու։ Բոլոր առումներով 2018 թվականի համար նախատեսված գործերն արված են, եւ, հետեւաբար, 2019 թվականը հենց առաջին աշխատանքային օրից կարող ենք սկսել նոր թափով, նոր էներգիայով, նոր օրակարգով եւ, իհարկե, համապետական եւ ժողովրդական նոր ամբիցիաներով։ Հույս ունեմ, որ Հայաստանի բանկային համակարգը կկարողանա աջակից եւ նեցուկ լինել պետական եւ ժողովրդական այդ հավակնությունների, նպատակների, իղձերի իրականացմանը։
Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կառուցողական եւ արդյունավետ համագործակցության համար։ Համոզված եմ, որ 2019 թվականին այդ եռանդը, համագործակցությունը եւ, իհարկե, արդյունքները կկրկնապատկվեն եւ կեռապատկվեն։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։
|