Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի նախագիծը ներկայացնելուց հետո հանդիպեցին լրագրողների հետ։
Սահմանադարական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովն ունեցել է 18 նիստ, քննարկումներ է կազմակերպել Վենետիկի հանձնաժողովի կողմից կազմված փորձագիտական խմբի հետ։ Փաստաթուղթը մշակելիս հանձնաժողովը որդեգրել է հետեւյալ կարգը՝ նախ փորձել համակողմանի գնահատել սահմանադրական զարգացումների ընթացքը մեր երկրում եւ վեր հանել հիմնախնդիրները։ Հանձնաժողովը նաեւ իր առջեւ խնդիր է դրել հստակեցնելու բարեփոխումների հիմքում ընկած սկզբունքները, թե ինչի հիման վրա պետք է բարեփոխումներն իրականացվեն։
«Հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարեւոր է կարողանալ իրատեսական գնահատականներ տալ, թե սահմանադրաիրավական ինչ իրավիճակ է ստեղծվել մեզանում, եւ նաեւ միջազգային զարգացումներն ինչ են թելադրում»,–ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր շատ հիմնախնդիրներ պայմանավորված են սահմանադրական ոչ լիարժեք լուծումներով։ Հանձնաժողովը այս հարցը բացարձակապես անկաշկանդ ձեւով փորձել է քննարկել՝ վեր հանելով խնդիրները։ Փորձ է արվել ներկայացնել ամենաառանցքային խնդիրները։ Այդ խնդիրները բաժանվել են մի քանի խմբերի. «Սկզբում մամուլին ներկայացվեց 14 խնդիր, այնուհետեւ քննարկման ժամանակ կարողացանք համակարգել, զտել, որոշակիացնել. եւ այժմ առաջադրված են հետեւյալ գլխավոր խնդիրները»։
Առաջինն իրավունքի գերակայության սկզբունքի ապահովումն է սահմանադրական լուծումներում. «Ինձ համար սա ամենաառանցքային խնդիրներից մեկն է, որովհետեւ համոզված եմ՝ մեր իրականության մեջ շատ խնդիրներ թաքնված են այս խնդրի լուծման մեջ»։ Մարդու եւ քաղաքացու իրավունքների գործողության ապահովումը հաջորդ խնդիրն է։ Առանցքային խնդիր է նաեւ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման խնդիրը. «Այս հարցը շատ են տալիս, թե որքանով է խնդիրը լուծվում՝ կապված կառավարման ձեւի հետ։ Բնականաբար երկրի կառավարման ձեւը հանձնաժողովի նիստերի ընթացքում նույնպես եղել է քննարկման առարկա»։
Գ. Հարությունյանն ընդգծեց, որ նախագծով չի նախատեսվում անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, առաջին հերթին նախատեսվում է գործող համակարգի բարեփոխում. «Քննարկման ժամանակ սահմանադրական հանձնաժողովը հարցերը դասակարգել է ըստ խմբերի՝ հարցեր, որոնք զուտ սահմանադրաիրավական լուծում են պահանջում, հարցեր, որոնք քաղաքական կամ իրավաքաղաքական մոտեցում են պահանջում։ Սակայն այս հարցերի վերաբերյալ հանձնաժողովում վերջնական, միասնական մոտեցում չդրսեւորվեց, եւ հանձնաժողովը փորձեց մոտեցումը հետեւյալ կերպ առաջադրել. կա կառավարման գործող համակարգ, այս համակարգը պետք է բարեփոխվի»։
«Անցումը ներկայացված է որպես այլընտրանք, եւ հանձնաժողովը իր դիրքորոշումները կհստակեցնի միայն հանրային քննարկումներն ավարտելուց հետո»,–ասաց նա՝ մանրամասնելով խորհրդարանական համակարգին անցնելու աննպատակահարմարությունը։
«Մենք առաջարկում ենք, թե ինչպես կարելի է առկա համակարգը բարեփոխել եւ լուծել առկա խնդիրները, միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ կան խնդիրներ, որոնք արդյունավետ կարելի է լուծել կառավարման այլ համակարգերի պայմաններում։ Պարզից էլ պարզ է, որ կան նախագահական երկրներ, որոնք չափազանց արդյունավետ կարողանում են լուծումներ գտնել, եւ հակառակը՝ առաջանում են լուրջ խնդիրներ, նույնը վերաբերում է խորհրդարանական համակարգին եւ այլն։ Կարեւորը համակարգի ամբողջականության եւ արդյունավետ գործունեության երաշխավորումն է»,–ասաց Գ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ իրենք առաջարկել են քննարկել խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունը։
Որոշվել է հանրությանը ներկայացնել խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակ՝ խորհրդարանական համակարգի պայմաններում եւ գնահատել արձագանքը։
«Հանձնաժողովի համար նույնպես անսպասելի էր հանրապետության նախագահի հայտարարությունը, որ եթե նախապատվություն տրվի, ասենք, այլընտրանքային տարբերակին, ապա նախագահը որեւէ ակնկալիք չունի՝ ստանձնելու վարչապետի, նախագահի եւ այլ բարձր պաշտոններ։ Ինչը նշանակում է, որ նախագահը չի ցանկանում որեւէ կերպ կաշկանդել հանձնաժողովի աշխատանքները եւ ազդել վերջնական որոշում կայացնելու վրա»,–ասաց Գ. Հարությունյանը։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ քննարկումների առարկա են եղել նաեւ ընտրական իրավունքն ու ընտրական համակարգը. «Այս հարցի վերաբերյալ բուռն քննարկումներ եղան։ Բայց հանձնաժողովի համոզմունքը միասնական է այն հարցում, որ գործող ընտրական համակարգում սահմանադրաիրավական լուծումները թերի են»։
Հրայր Թովմասյանն ասաց, որ քննարկումների արդյունքում որոշել են պահպանել հանրապետության նախագահի եւ ԱԺ պատգամավորների՝ Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիության ցենզը, այն է՝ նախագահի եւ պատգամավորների թեկնածուները պետք է լինեն ՀՀ քաղաքացի եւ լինեն ՀՀ—ի մշտական բնակիչ առնվազն վերջին 10 տարում՝ նախագահի դեպքում եւ 5 տարում՝ պատգամավորի դեպքում. «Հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում չենք ընդունել այդ փոփոխությունների առաջարկությունը. ելնելով թե՛ քաղաքական, թե՛ Հայաստանի կենսական շահերից՝ այս հանգամանքը կարեւոր է նման պաշտոններ զբաղեցնելու համար»։
Հրայր Թովմասյանը նաեւ նշեց, որ ակտիվ ընտրական իրավունքում առաջարկվում է որոշակի փոփոխություններ իրականացնել. «Մասնավորապես խոսքը վերաբերում է ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիների նկատմամբ սահմանափակումը հանելուն կամ տարբերակված մոտեցում ցուցաբերելուն»։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է խորհրդարանական ընտրություններն անցկացվեն միայն համամասնական ընտրակարգով, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Հանձնաժողովը շատ լուրջ անդրադարձել է հարցին՝ որքանով հիմնավոր եւ անհրաժեշտ կլինի անցում կատարելու համամասնական համակարգին, բայց վերջնական որոշում չկա, առաջիկայում կազմակերպվելիք քննարկումների ընթացքում պարզ կլինի։ Բայց որքան էլ մենք մասնագիտական քննարկումներ կազմակերպենք, պետք է քաղաքական մոտեցումները հաշվի առնենք»։
Ինչ վերաբերում է փոփոխությունների իրականացման կոնկրետ ժամկետներին, ապա ամբողջական հայեցակարգը, Գ. Հարությունյանի խոսքով, պետք է ամբողջովին հանձնվեր ապրիլի 20—ին, սակայն տեղի ունեցած քննարկումից հետո հանրապետության նախագահին առաջարկվել է հանձնել այն հուլիսի 1—ին. «Մենք աշխատանքները բաժանել ենք հետեւյալ փուլերի՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակում եւ նախագահի կողմից այդ հայեցակարգի ընդունման պարագայում փոփոխությունների փաթեթի մշակում, որի համար նախատեսվում է 10 ամիս։ Մի շարք հարցերի շուրջ հիմնական դիրքորոշումների հստակեցման համար կարեւոր են հասարակության արձագանքները»։ Մինչ այդ կկազմակերպվեն հանրային քննարկումներ, մասնագիտական լսարաններում հարցը կքննարկվի։ Քննարկումները նախատեսվում է սկսել որոշակի ժամկետից հետո՝ սպասելով նախագծի արձագանքներին. «Եկող ուրբաթ հանձնաժողովը նիստ կգումարի՝ որոշելով, թե ինչպես են կազմակերպվելու քննարկումները»։ Հանձնաժողովը քննարկումներ կանցկացնի նաեւ տարբեր քաղաքական կուսակցությունների հետ, եթե նրանք նման ցանկություն ունենան։ «Մինչ հուլիսի 1—ը կկազմակերպենք այս փուլի երրորդ՝ վերջնական քննարկումը Վենետիկի հանձնաժողովի հետ։ Հունիսի վերջին տասնօրյակում հանձնաժողովը քվեարկությամբ կվավերացնի հայեցակարգի նախագիծը, որից հետո այն կներկայացնենք ՀՀ նախագահին։ Եթե նախագահը հաստատի նախագիծը, այն կդառնա բարեփոխումների հայեցակարգ, որից հետո էլ բուն փոփոխությունների փաթեթը կմշակվի»,–ասաց ՍԴ նախագահը՝ նշելով, որ սահմանադրական յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ պետք է ներկայացվի մանրամասն հիմնավորում, որպեսզի ոչ միայն մասնագետները, այլեւ շարքային քաղաքացիները հասկանան, թե փոփոխությունները որքանով են հիմնավորված, որքանով է խնդիրը հասունացած, որքանով է հաշվի առնված միջազգային փորձը, եւ ինչ կարելի է ակնկալել փոփոխություններից։
Գ. Հարությունյանը նշեց, որ հայեցակարգը կիրականացվի 2015—ի վերջին–2016—ի սկզբին, քանի որ 2017—ին սպասվում են խորհրդարանական, իսկ 2018—ին՝ նախագահական ընտրություններ։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|