Երեկ Աժ—ում ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամները։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հրայր Թովմասյանը նշեց, որ խորհուրդն էականորեն բարձրացնում է դատավորների ներքին անկախությունը թե՛ դատարանների նախագահներից, թե՛ ավելի բարձր ատյաններից։ «Ես համաձայն չեմ, որ մեր արդարադատության մակարդակը շատ վատն է, եւ հավատացած եմ, որ շատ կարճ ժամանակահատված հետո դրա նկատմամբ եղած վերաբերմունքն էականորեն փոխելու ենք։ Վստահ եմ, որ դատավորների ընտրության համակարգի փոփոխությունները իրենց արդյունքը կտան»,–ասաց նա՝ նշելով, որ ունենք միջազգային մակարդակի փայլուն դատավորներ, որոնք ե՛ւ լեզուներ գիտեն, ե՛ւ տիրապետում են միջազգային իրավունքին։
Նաեւ ասաց, որ արդարադատության ակադեմիայի ստեղծմամբ կարգավորվեցին մի քանի խնդիրներ՝ կապված ինչպես դատավորների վերապատրաստման, այնպես էլ նրանց ընտրության ողջ ընթացակարգի հետ։ Թովմասյանը կարեւորեց իրավաբանական կրթության ոլորտի բարեփոխումը, որովհետեւ, նրա համոզմամբ, մտածող իրավաբաններ ունենալու ժամանակն է։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է նաեւ իրավաբանի կարգավիճակի վերաբերյալ պատկերացումների փոփոխություն։ «Պատկերացում կա, որ լավ իրավաբանը շատ օրենքներ եւ դրանց բովանդակությունն իմացող իրավաբանն է, սակայն իրականում կարեւորն իրավունքի ընկալումն է»,– ասաց նա՝ նշելով, որ դա մի խնդիր է, որը վերաբերում է իրավաբանական կրթություն պահանջող բոլոր մասնագիտություններին։ Թովմասյանը նշեց, որ 2019–ից ուժի մեջ կմտնի դատական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի դատավորի հավակնորդը պետք է տիրապետի երկու օտար լեզվի, ինչը հնարավորություն կտա քաջատեղյակ լինելու միջազգային իրավունքին։ Հրայր Թովմասյանն ասաց, որ այդ ամենն էականորեն պետք է բարձրացնեն արդարադատության համակարգի որակը. «Մենք այլ ճանապարհ չունենք»։
|