Սա է քաղաքական պատասխանատվություն ստանձնելու գլխավոր պայմանը
Հայաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն լուծարվել, սակայն հանրային վստահությունը կորցնելու արդյունքում բավականին թուլացել են։ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը համարում է, որ այս պահին Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածն ընդհանրապես կազմալուծված է. «Ընդդիմադիր կուսակցություններ, անշուշտ, ունենք, սակայն հանրությունն այդ համակարգից սպասումների առումով հիասթափություն է ապրում, ուստի համակարգի նկատմամբ վստահության բացակայությունը վկայում է ընդդիմադիր դաշտի կազմալուծված լինելու մասին»։
Եռյակի ձեւավորումը հույս էր ներշնչում, որ ընդդիմությունը վերջապես կարող է կառուցողական դառնալ, սակայն, այժմ այն փլուզված է։ «Քառյակը, որն այնուհետեւ եռյակ դարձավ, հույս կար, որ կկարողանա կայանալ կազմակերպչական, իրավաքաղաքական առումով լուրջ բեւեռ եւ հակակշիռ դառնալ։ Հիմա եռյակն էլ չկա, եւ այս տեսանկյունից իրավիճակը կարելի է համարել նախկինից տարբերվող։ Սական կարծում եմ, որ սրանից պետք չէ ողբերգություն սարքել, այլ հարկավոր է ընդամենը դասեր քաղել այս ամենից՝ նույն սխալները չկրկնելու համար»,–ասել է պատգամավորը՝ կոչ անելով ստեղծված իրավիճակի համար մեղավորներ չփնտրել։
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նշել է, որ կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմադիր դաշտում միասնական հարթակ ձեւավորվի. «Նախորդ եռյակ ասվածում էլի «Ժառանգության» ջանքերով էր, որ կոնսոլիդացիան տեղի ունեցավ, դրա մասին տեւական ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ մենակ որեւէ քաղաքական ուժ չի կարող որեւէ բան անել... Հուսով ենք, նաեւ ակտիվ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի կարողանանք ամբիցիաները մի կողմ դնելով, ձեռք սեղմելով միասնական գործ անելը հաջողացնել։ Կստացվի, թե չի ստացվի, հստակ որեւիցե մեկը չի կարող ասել, ամեն դեպքում մենք հետ չենք քաշվում ու շարունակում ենք մեր գործը»։
«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի խոսքով, Ծառուկյանը չի հեռացել ճնշումների, պարտադրանքի ներքո։ Գ. Ծառուկյանը չէր ցանկանում, որ երկրում արյունահեղություն լիներ, եւ հենց դրանով է պայմանավորված քաղաքականությունից հեռանալը. միեւնույն ժամանակ փետրվարի 12—ից հետո Ծառուկյանը մնացել էր միայնակ։ Այդ օրերին Իսագուլյանն օրական երկու անգամ զրուցել է Ծառուկյանի հետ, մասնակցել խորհրդաժողովներին, եւ այն ինչ տեսել է, իրեն խիստ մտահոգել ու հիասթափեցրել է. «Փետրվարի 14—15—ը կայացած խորհրդաժողովների ժամանակ եռյակի գործընկերները Ծառուկյանին միայնակ թողեցին...»։
Վերլուծելով նորանկախ Հայաստանի պատմության ընթացքը՝ Խոսրով Հարությունյանը նկատել է, որ բոլոր ժամանակների ընդդիմադիրներին մեկ բան է միավորել՝ իշխանափոխությունը։ Սա քաղաքական թեզ է։ Ցանկացած քաղաքական ուժ իր առջեւ դնում է մեկ նպատակ՝ իշխանություն, սակայն իշխանությունը չպետք է լինի նպատակ, այլ պետք է լինի միջոց հանրային կյանքը բարելավելու, առկա խնդիրներին լուծում տալու համար. «Նպատակը պետք է լինի հանրությունը, սակայն շատ հաճախ հանրությունն օգտագործվում է այս կամ այն քաղաքական նպատակներով»։
Հայաստանին անհրաժեշտ է ձեւավորել այդ կերպ մտածող ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջադրած ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ գաղափարի հետ Խոսրով Հարությունյանը լիովին համաձայն է։
Ընդդիմությունը նույնպես պատասխանատու է հասարակության բնականոն կենսագործունեությունն ապահովելու հարցում. «Եվ այդ առումով ընդդիմությանը հարկավոր է տալ պատասխանատու դերակատարում։ Մասնավորապես, նրան վերապահել որոշակի վերահսկողական ֆունկցիաներ։ Ես խորապես համոզված եմ, որ սա լավ ճանապարհ է»։
Իսկ ինստիտուցիոնալ ընդդիմություն ասելով, ինքը հասկանում է ընդդիմություն, որն ունակ է ստանձնելու որոշակի քաղաքական պատասխանատվություն, քաղաքական պատասխանատու դերակատարում՝ հավելելով, որ իրականում քննադատելն էլ է պատասխանատվություն. «Ես դրա կողմնակիցն եմ, եւ եթե Նիկոլ Փաշինյանն էլ դա նկատի ունի, ապա ես դրա կողմնակիցն եմ՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված»։
Ընդդիմության արձագանքը սահմանադրական փոփոխություններին եւս հիասթափեցնող է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե ընդդիմությունն էր հանդես գալիս մասնավորապես խորհրդարանական մոդելին անցնելու օգտին։ «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասին առաջինը բարձրաձայնել են ընդդիմադիր ուժերը՝ սկսած 2012 թվականից, սակայն երբ երկրի նախագահը, քաղաքական մեծամասնությունն առաջ քաշեցին այդ թեզը, սկսեցին քննադատել։ 2012—ին, 2013—ին սահմանադրական բարեփոխումներ ասելով նկատի ունեին այն, որ պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որը կարողանա մեզանում չեզոքացնել քաղաքական մոնոպոլիան։ Նրանք մեկ ճանապարհ էին տեսնում՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգի։ Սակայն հետո նույն ուժերը սկսեցին ասել, թե սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա»,–հավելել է Խ. Հարությունյանը։
Նախագահը նման առաջարկությամբ հանդես եկավ՝ համոզված լինելով, որ այդպես համագործակցության հնարավորություն է տալիս ընդդիմադիրներին, սակայն արձագանքները հիասթափություն առաջացրին. «Միայն Դաշնակցությունն էր, որ այն ժամանակ էլ էր բարեփոխումների անհրաժեշտություն տեսնում, հիմա էլ»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|