Հարաբերությունների կարգավորման առումով ակնկալիքների բեռը Թուրքիայի ուսերին է
Քաղաքական վերլուծաբան, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը Հայաստան—Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլ է ակնկալում 2015 թվականի ապրիլի 25—ից։ Այս մասին նա հայտնեց երեկ կայացած քննարկման ժամանակ, որի նպատակը Թուրքիայի նոր կառավարության քաղաքականության վերլուծության ներկայացումն էր Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շեշտադրմամբ։
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մի քանի մոտիվացիա ունի, որոնցից կարեւորը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի թուլացումն է։
«Ակնհայտ է, որ հայ—թուրքական հարաբերությունների պաշտոնական դիվանագիտական կարգավորումը դեռեւս շատ հեռու է։ Թուրքիան նոր օրացույց ունի, որը կսկսվի 2015 թվականի ապրիլի 25—ից՝ սահմանափակելով Ադրբեջանի ներգրավվածությունը։ Հարաբերությունների կարգավորման Թուրքիայի մոտիվացիան Եղեռնի ճանաչման թուլացումն է, եւ, որ ամենակարեւորն է՝ սահմանափակել Ադրբեջանի՝ Թուրքիայի վրա ավելի ու ավելի աճող ազդեցությունը։
Թուրքիան դեռեւս բավականին բարկացած է, որ իր քաղաքականության հնարավորությունները տարածաշրջանում ենթակա են Ադրբեջանի ներգրավվածությանն ու ազդեցությանը»,–հայտնեց Ռիչարդ Գիրագոսյանը։
Նա, միեւնույն ժամանակ, նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ հատկապես Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո, ավելի հզոր է դարձել, քան Թուրքիայինը։ «Կարգավորման առումով ակնկալիքների բեռը դեռեւս Թուրքիայի ուսերին է։ Միջազգային համայնքում Հայաստանն ու Հայաստանի կառավարությունն ընկալվում են այնպես, որ ամեն ինչ արել են հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար, բայց Թուրքիան է, որ խանգարում է ու ձգձգում կարգավորման գործընացը»,–շեշտեց փորձագետը։
Գիրագոսյանի կարծիքով՝ հայերի հետ հարաբերությունների կարգավորման եւս մեկ մոտիվացիա ունի Թուրքիան. քրդական նախաձեռնության հզորացումը։ «Հայաստանի հետ սահմանի բացումը թույլ կտա Թուրքիային կայունացնել Արեւելքը, որից Թուրքիայի կառավարությունը կունենա ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական օգուտներ»,–նշեց նա։
Խոսելով այս տարվա ապրիլի 23—ին Էրդողանի՝ դեռեւս վարչապետի ուղերձի մասին՝ Ռիչարդ Գիրագոսյանը ընդգծեց, որ այն կարող է նախադեպ հանդիսանալ այլ վարչապետերի համար, որպեսզի նրանք խոսեն այդ թեմայով ու հղել նման ուղերձներ։ «Հայտարարությունը կարեւոր էր նրանով, որ թույլ տվեց Էրդողանին ավելի մեղմ քաղաքական գործչի իմիջ ձեռք բերել՝ ավելի նման Գյուլին։ Դրա նպատակն էր նաեւ ավելի դրական վերաբերմունքի արժանանալ Արեւմուտքի եւ ամերիկացիների կողմից։ Բացի այդ, Էրդողանի հայտարարությունը Հայոց հարցն ավելի ապահով դարձրեց թուրք հասարակության համար, որպեսզի դրա շուրջ կարողանան խոսել։ Եթե Թուրքիայի հասարակության 25 տոկոսն է պատարստ բարձրացնել Հայոց հարցը, ապա այս հայտարարությունը թույլ տվեց մյուս 25 տոկոսին եւս այն համարել ապահով թեմա՝ խոսելու համար, քանի որ այդ մասին խոսել է նույնիսկ իրենց ղեկավարը»,– ընգծեց քաղաքական վերլուծաբանը։
Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան—Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության օժանդակությամբ։
«ԱՄՆ—ը եւ իր դաշնակիցները ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ—ի գագաթնաժողովին մասնակցելու հանգամանքը։ Հանդիպումների ընթացքում նախագահն ազդեցիկ եւ արդյունավետ կերպով կարողացավ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը»,–Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալի «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջով» գրքի լույսընծայման 10—ամյակի կապակցությամբ լրացված ու խմբագրված հոբելյանական հրատարակության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։
|