Երեւանում շարունակվում է տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը
Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Բացումը տեղի է ունեցել նախօրեին՝ Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական աննախադեպ համերգով, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ։
Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի եւ 30 հայ երաժիշտներից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով։
Պաշտոնական բացումից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։
Վարչապետը հանդիպումներ է ունեցել նաեւ WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին եւ ծառայություններին։
World Congress on Information Technology (WCIT) 2019—ի աշխատանքները կամփոփվեն վաղը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո։ Համաժողովի կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից, անցկացվում է երկու տարին մեկ անգամ։
|