Կառավարությունը երեկվա նիստում համաձայնություն տվեց Հայաստանի եւ Իսրայելի կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկին։
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը համոզված է, որ համաձայնագիրն արդիական իրավական հիմք կդառնա միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտում վերջին 10 տարիների ընթացքում զարգացումների եւ գործելակերպերի կիրառման համար՝ երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների պատշաճ կարգավորման գործընթացում։ «Օդային հաղորդակցությունների հետագա զարգացումը կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական ու մշակութային կապերի լրացուցիչ խթանմանը»,—ասաց նա։
Համաձայնագրով կարգավորվում են այդ փոխադրումների համար ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները, սակագների ձեւավորման եւ մաքսատուրքերի վերաբերյալ դրույթները, կիրառվող օրենքները, կոդերի համատեղ օգտագործման իրավասությունները, չվացուցակների հաստատման ընթացակարգը, տարաձայնությունների լուծման եւ ուժի մեջ մտնելու կարգը։
Փաստաթղթի համաձայն, կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին), միջազգային օդային հաղորդակցությունները շահագործելիս, պետք է տրամադրվեն հետեւյալ իրավունքները՝ ա) մյուս կողմի պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչքի իրավունք, բ) ոչ առեւտրային նպատակներով մյուս կողմի պետության տարածքում վայրէջքներ կատարելու իրավունք։ Ըստ Ա. Մովսեսյանի՝ յուրաքանչյուր կողմ իրավունք ունի մյուս կողմին, դիվանագիտական ուղիներով գրավոր ներկայացմամբ, կատարել մեկ կամ մի քանի ավիաընկերությունների նշանակում՝ համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով։ Իրավունք ունեն նաեւ չեղյալ համարել կամ փոխել նման նշանակումը։ Կողմերը միմյանց անհապաղ պետք է շնորհեն շահագործման լիազորությունը, պայմանով, որ սեփականության հիմնական իրավունքը եւ փաստացի հսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած կողմին, նրա պետության քաղաքացիներին կամ երկուսին միաժամանակ։
Կողմերը կարող են կասեցնել շահագործման լիազորությունը կամ այն չեղյալ համարել, եթե բավարար ապացույցներ չունեն, որ սեփականության հիմնական իրավունքը եւ փաստացի հսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած կողմին, դրա պետության քաղաքացիներին կամ երկուսին միաժամանակ, կամ՝ եթե ավիաընկերությունը չի պահպանում թռիչքային եւ անվտանգության նորմերը։ Այս կասեցումները կողմերը պետք է խորհրդակցություններից հետո անեն, եթե, իհարկե, այդ կասեցման անհրաժեշտությունն անհապաղ չէ։ Հայկական եւ իսրայելական կողմերը սահմանում են, որ ուղիղ տարանցիկ թռիչքներով փոխադրվող ուղեւորները, ուղեբեռը, բեռները եւ փոստը ենթակա են միայն պարզեցված ընթացակարգերով հսկողության։ Ուղիղ տարանցիկ թռիչքով փոխադրվող ուղեբեռն ու բեռն ազատվում են մաքսատուրքերից եւ համանման այլ հարկերից։
Թռիչքային եւ ավիացիոն անվտանգությանը հատուկ ուշադրություն կդարձվի։ Յուրաքանչյուր կողմ յուրաքանչյուր պահի կարող է պահանջել մյուս կողմից ավիացիոն շահագործման միջոցների, թռիչքային անձնակազմերի, օդանավերի կամ դրանց շահագործմանը առնչվող ոլորտներում թռիչքային անվտանգության չափանիշների ապահովման վերաբերյալ խորհրդակցությունների անցկացում։ Եվ խորհրդակցությունները պետք է տեղի ունենան տվյալ հայտի օրվանից 30 օրվա ընթացքում։ Եթե խորհրդակցելուց հետո մի կողմը համարում է, որ մյուսը պատշաճորեն չի պահպանում թռիչքային անվտանգության չափանիշները, ապա պետք է տեղեկացնի այդ մասի, որպեսզի վերջինս ուղղիչ քայլեր ձեռնարկի։ Մի պետության տարածքում գտնվելիս օդանավաը կարող է քննության առարկա դառնալ, բայց պայմանով, որ ադ քննությունը չի հանգեցնի չվերթի անհարկի հետաձգման։
Ինչ վերաբերում է ավիացիոն անվտանգությանը, ապա համաձայնագրում հստակեցված է, որ կողմերը՝ խնդրանքի դեպքում, պետք է միմյանց տրամադրեն անհրաժեշտ ամբողջ օժանդակությունը՝ կանխելու քաղաքացիական օդանավերի անօրինական գրավման գործողությունները եւ նման օդանավերի, դրանց ուղեւորների ու անձնակազմերի, օդանավակայանների եւ աերոնավիգացիոն միջոցների, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ամեն մի սպառնալիք։ Յուրաքանչյուր կողմ պետք է ապահովի, որ իր պետության տարածքում արդյունավետորեն կիրառվեն օդանավերը պաշտպանելուն ուղղված համապատասխան միջոցառումները։ Կողմերը նաեւ պետք է երաշխավորեն ուղեւորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, անձնակազմերի, բեռների եւ օդանավի պաշարների համապատասխան ստուգումը, մինչ նրանց օդանավ նստելը կամ բեռնելը կամ այդ ընթացքում։
Հարկեր, սակագներ
Հստակեցում կա նաեւ վճարների եւ մաքսատուրքերի մասով։ Կողմերից որեւէ մեկը չպետք է սահմանի կամ թույլատրի, որպեսզի մյուսի ավիաընկերության նկատմամբ սահմանվեն ավելի բարձր վճարներ, քան կարող են սահմանվել համանման միջազգային հաղորդակցություններ իրականացնող իր սեփական ավիաընկերությունների նկատմամբ։ Կողմերն ամեն ինչ պիտի անեն, որպեսզի օդանավերը, վառելիքը, քսայուղերը, սպառման համար նախատեսված տեխնիկական պաշարները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, հաշվեցուցակային սարքավորումները, օդանավի պաշարները եւ այլ պարագաները, ինչպիսիք են տոմսերը, բեռնագրերը, ընկերության տարբերանշանը կրող տպագիր նյութերը, եւ սովորաբար այդ ավիաընկերության կողմից անվճար բաժանվող գովազդային նյութերը հնարավորինս առավելագույն չափով ազատեն ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, ակցիզային հարկերից, տեսչական մուծումներից եւ այլ գանձումներից ու հարկերից (անկախ ժամանման ընթացքում մատուցվող ծառայությունների արժեքից)։
Ի դեպ, կողմերից մեկի ավիաընկերության կապիտալը եւ ակտիվները, որոնք առնչվում են միջազգային փոխադրումներում օդանավի շահագործմանը, կազատվեն մյուս կողմի կառավարության կողմից կապիտալի եւ ակտիվների նկատմամբ սահմանված բոլոր հարկերից։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|