Երեւանում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Գեորգի Գախարիայի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը։
«Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ Երեւանում՝ որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ։ Ուրախ եմ, որ մինչ մեր հանդիպումը՝ արդեն իսկ կարողացել ենք ջերմ եւ աշխատանքային հարաբերություններ հաստատել։ Կարեւոր է արձանագրել՝ երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու։ Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձեւավորումը։ Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա։ Բարով եք եկել պարոն վարչապետ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը։ Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաեւ մեր քաղաքացիների վրա։ Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի եւ մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,–իր հերթին ասել է Գեորգի Գախարիան։
Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ—վրացական հարաբերությունների օրակարագային մի շարք հարցերի, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության զարգացմանը վերաբերող թեմաների։
Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ։ «Դրա ամենակարեւոր արդյունքը հետեւյալն է. մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում եւ կառուցելու ռազմավարական զարգացման տեսլական»,–նշել է ՀՀ վարչապետը։
Գեորգի Գախարիան եւս արդյունավետ է գնահատել Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում ունեցած քննարկումները եւ նշել. «Դրանք վերաբերում են մեր երկու երկրների պատմական արժեքներին եւ մարդկանց, որոնք ապրում են մեր երկրներում»,–ասել է Վրաստանի վարչապետը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համարժեք արձագանքել իրավիճակին տարածաշրջանում, որի կայունությունը միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցության արդյունավետությանը։
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են առեւտրատնտեսական, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում հայ—վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները կարեւորել են տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները։ Նիկոլ Փաշինյանը եւ Գեորգի Գախարիան համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առեւտրաշրջանառության աճը։ Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ—վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը եւ գոհունակություն հայտնել վերջերս տեղի ունեցած նիստի արդյունքներից։
Կողմերը առանձնակի շեշտել են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարեւորությունը, մասնավորապես, Գոգավան—Գուգութի եւ Բավրա—Նինոծմինդա ավտոճանապարհների վերակառուցման ուղղությամբ։
Երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք։
|