ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 03:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 31 » Հայկական գործոնը տարածաշրջանում կարող է դեր ստանձնել
12:32
Հայկական գործոնը տարածաշրջանում կարող է դեր ստանձնել

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը «առ ոչի՞նչ» է Անկարայի համար

Ներկայումս թուրք-սիրիական սահմանին անդորր է, բացառությամբ երբեմն հնչող կրակահերթերի, որ լսվում են երկու կողմից էլ, բայց ծավալման ոչ մի գործողություն չի կատարվում։ Սա այսօր նմանվում է հայ—ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, երբ ադրբեջանական սադրանքներին հայկական կողմը պատասխան հարված է հասցնում։ Նմանապես սիրիական կողմն է պատասխան կրակ բացում, երբ թուրքերը փորձում են ամենօրյա լարումը պահպանել։ Եվ ինչպես Բաքուն է իր սադրանքներից հետո մեղադրում հայկական կողմին, այդպես էլ Անկարան է մերթ ընդ մերթ հայտարարում, թե խնդիրը դեռ լուծված չէ, ուստի չի բացառվում նոր ներխուժումը։ Գաղտնիք չէ, որ թյուրքական կեղծարարությունն ամեն տեղ նույնն է։
Ինչեւէ, նոր ներխուժման սպառնալիքը հին ոճով են դեռ հիմնավորում, իբր դա հերթական պայքարն է լինելու ահաբեկիչների դեմ՝ քրդական զինյալներին ահաբեկիչ որակելով։ Թուրքիայում գործող քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցությունը Անկարան որակում է ահաբեկչական (քրդերն այն համարում են ազատագրական)։
«ՀՀ»—ն թուրք—ադրբեջանական «կարճ» հիշողության մասին գրել է՝ ոնց են «մոռացել», թե թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներն ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բանակի շարքերում կռվել Սիրիայի ու Իրաքի ժողովրդի դեմ։ Ինչպես են ծայրահեղականների հետ մասնակցել արաբների, քրդերի, եզդիների, հայերի, ալեւիների եւ այլ ազգերի կոտորածներին ու տեղահանումներին՝ իրաքյան եւ սիրիական քրդական ինքնավարություններում, չխնայելով ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մահմեդականներին ու արեւապաշտ եզդիներին։ Այդ իրավիճակում հայտնված ազգությունները դա համեմատեցին Հայոց ցեղասպանության հետ՝ հայտարարելով, որ եթե չկանխվի իսլամական ծայրահեղականների զանգվածային ահաբեկչությունը, տեղի բոլոր ազգերը կցեղասպանվեն։ Վերջին թուրք—սիրիական հակամարտությունում եւս քրդերը հիշեցին 1915—1923թթ. հայերի ցեղասպանությունը եւ ափսոսանք հայտնեցին, որ իրենց նախնիները չեն աջակցել հայերին…
Այս իրավիճակում եւ համեմատականների համապատկերում տեղին էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ճնշող մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ ձայնով ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձեւը։ Բանաձեւը ճանաչման հետ մեկտեղ կոչ է անում միջոցներ ձեռնարկել ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը։
Երկար տարիներ Կոնգրեսում սառեցված էին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումները, ինչը բխում էր այն մտավախությունից, որ դա կարող է բարդացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, չնայած սա նաեւ թուրքական կառավարության լոբբինգի հետեւանք էր։
Այստեղ կրկին պիտի անդրադառնանք այն փաստին, որ ԱՄՆ—ն Սիրիայից իր զորքերը հանելով՝ նպատակ ունի տեղակայել Վրաստանում, հայաբնակ Ջավախքում, նախկին ռուսական ռազմաբազայի տարածքում։ Եթե Վաշինգտոնը շարունակի իր հայանպաստ քաղաքականությունը, ապա հստակ է, որ դա կտարածվի տարածաշրջանում, ինչը կնշանակի, որ Թուրքիայի մասնատման հարցը կդրվի միջազգային օրակարգում։ Այն օրակարգում, որի ժամանակ որոշվում է աշխարհի վերաձեւման հերթական քաղաքական ծրագիրը։
Անկարայում հասկանում են, որ համաշխարհային քաղաքականության փոխված քամիները կարող են մեծ աղետի հանգեցնել, ուստի վերստին կսկսեն հակաամերիկյան որոշակի հայտարարություններ անել, ռուսաստանամետ քայլերի գնալ, որպեսզի կանխեն հայանպաստ միջազգային օրակարգի հնարավորությունը։ Իհարկե, սա նաեւ Ադրբեջանին է վերաբերում, եւ Բաքվում հասկանում են, որ Թուրքիայի անկմանը հաջորդելու է Ադրբեջանինը։
Եվ այդ վախն իզուր չէ. խոսում են նաեւ Ադրբեջանի մասնատման մասին, հայկական տարածքներից զատ Բաքուն կարող է կորցնել նաեւ այլ տարածքներ, որտեղ, ըստ որոշ ծրագրերի, անկախ Լեզգիստան ու անկախ Թալիշստան պետք է ստեղծվի։ Հիշեցնենք, որ ժամանակին Թալիշ—Մուղանյան հանրապետություն ստեղծվեց, որը, սակայն, ինչ—ինչ քաղաքական խաղերի պատճառով եւ ադրբեջանական զինուժի միջամտությամբ լուծարվեց։ Բայց նոր ծավալումներն ինչպես ասում են, սարերի հետեւում չեն։
Համաշխարհային քաղաքականության կտրուկ շրջադարձներ չեն լինում միակողմանի որոշմամբ, ինչը նշանակում է ռուս—ամերիկյան համատեղ տրամադրությունները Սիրիայից կարող են Կովկաս տեղափոխվել եւ… ինչպես առիթով նշել է ՌԴ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին, «Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից եւ այլեւս երբեք նրա կազմում չի լինի»։ Իմիջիայլոց, այս մասին նա ասել էր ադրբեջանական «Haqqin.az» կայքին տված հարցազրույցում։ Նշել է, որ այցելելով ԼՂՀ՝ հասկացել է, թե ինչ է կատարվում նախկին ԽՍՀՄ այդ տարածաշրջանում եւ շատ անցանկալի մի եզրակացություն է ներկայացրել ադրբեջանական կայքին. «Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահը շարունակել պատերազմը, ինչպես ապրիլին։ Կարող է։ Կարո՞ղ է հաղթել պատերազմում։ Իմ անձնական կարծիքով՝ ոչ»։ Ապա հավելել է, թե որքան հասկանում է, այն հարցը, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, այլեւս փակված է՝ թե՛ ռազմական տրամաբանության, թե՛ իրական քաղաքականության տեսակետից։
«Ադրբեջանը կարող է որքան ասես մարդ զոհել, որքան ասես ժամանակ ու փող ծախսել, բայց դա անիմաստ է։ Եթե, իհարկե, չի ցանկանում, որ պատերազմը տեղափոխվի Ադրբեջանի տարածք»,–ասել է ռուս քաղաքագետը։
Եվ այստեղ է, որ առաջ է գալու Ադրբեջանի մասնատման հարցը։ Պարզ է, որ հայկական տարածքները պետք է հայապատկան լինեն վերստին, եւ հետաքրքիր է, որ Լեզգիստանի հարցում շահագրգիռ է Մոսկվան։ Իսկ Թալիշստանի հարցում՝ Թեհրանը։
Իսկ որո՞նք են Վաշինգտոնի ու Բրյուսելի շահերը։ Այստեղ է, որ մեր պետությունը պիտի կարողանա համոզիչ լինել, որ միավորված Հայաստանը վերստին կարող է ստանձնել Եվրոպա—Ասիա բոլոր կապուղիների անխափան գործունեությունը։ Ոչ մի քաղաքական ու տնտեսական խաթարում չեն զգա Արեւմուտքում եւ այլ ուղղություններով։ Վստահաբար Չինաստանն ավելի եռանդուն կներդրվի «Մետաքսի ճանապարհի» վերագործարկմանը, ինչը դարեր շարունակ անցել է Հայաստանով եւ երբեք չի փակվել որեւէ կողմի համար։ Այս ճանապարհի նոր ծրագրում Հայաստանի Հանրապետությունը եւս ընդգրկված է, այնպես որ նոր խնդիր չի առաջանա։ Եվ, ի վերջո, զուգահեռ կգործի Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակը, որը կապուղի կդառնա ինչպես դեպի Եվրոպա, այնպես էլ դեպի Ռուսաստան ուղղությունների համար (այս ամենը, որ նշեցինք, պարզապես առանց գործնական հիմքի տեսություն չէ, սա լուրջ աշխատանք է, որ միջազգային մակարդակներում տարվելու դեպքում կհաջողի)։
Դե հասկանալի է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը պետք է քննադատեր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձեւի ընդունումը։ Հասկանալի է նաեւ, թե ինչու է նա «առ ոչինչ» հայտարարել բանաձեւը, բայց միաժամանակ դրա ընդունումը կապել է նաեւ Սիրիայում թուրքական ռազմական գործողության հետ։ Իբր, Անկարան խափանել է «մեծ խաղ», եւ ոմանք, որ նախագծեր են ստեղծել, հուսախաբ են եղել…
Շատ ցանկալի կլիներ, որ հայկական գործոնը վերաարժեւորվեր միջազգային ասպարեզում եւ կայուն դեր ստանձներ տարածաշրջանում։ Բայց դրա համար մեր փոխլրացնող արտաքին քաղաքականությունը պիտի նաեւ նախաձեռնություններով հանդես գա եւ կարողանա մշտապես ներկայանալ որպես վստահելի գործընկեր։ Այլապես ստիպված ենք լինելու նորից ու պարբերաբար հույսներս դնել միջազգային բարենպաստ այս կամ այն իրավիճակի վրա, որի պատմական դասերից լիուլի ունենք…

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 291 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024