Տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող եւ ներկուսակցական հարցեր։ Ըստ այդմ, որոշվել է, որ սեպտեմբերի 6—ին տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը։
ՀՀԿ խորհրդի նիստում, ըստ նրա, կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ քաղաքական սեզոնի աշխատանքը։ «Լրիվ բնական է քաղաքական աշնանից առաջ հանդիպում կազմակերպել, որտեղ մտադիր ենք մատնանշել առաջիկա աշխատանքները եւ ամփոփել կատարվածի արդյունքները»,–նշել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
ԱԺ փոխնախագահը համաձայն է փորձագետների տեսակետի հետ, որ ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիայի նորընտիր նախագահին Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի օրը Հայաստան հրավիրելու քայլն արդարացված է։ «Այս քայլով Հայաստանը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակիցն է եւ ակնկալում է Թուրքիայի առերեսումը պատմության հետ։ Եթե նման բան լինի, եւ Թուրքիայի նախագահը գա Հայաստան, ապա սա կխոսի այն մասին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը ընդունում է եղեռնագործությունը, որը տեղի է ունեցել նախորդ դարասկզբին, եւ հրաժարվում է ժխտողական քաղաքականությունից։ Եթե Թուրքիայի նախագահը մերժի հրավերը եւ չգա, ապա դա կխոսի այն մասին, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ժխտողական քաղաքականությունից եւ շարունակում է առաջ տանել ժխտողականությունը»,–ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ Հայաստանը հայտնվում է շահեկան դիրքում։
ՀՀԿ խոսնակը անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումներին։ «Հայաստանում լուրջ եւ համակարգային բարեփոխումների կարելի է հասնել միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով։ Ես չեմ հասկանում այն քաղաքական ուժերին, ովքեր դեմ են արտահայտվում այդ բարեփոխումներին»,–շեշտեց նա։
ԱԺ փոխնախագահը հռետորական հարցով պատասխանեց սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքական ուժերին. «Ինչի՞ն են նրանք դեմ, եթե փաստաթուղթը դեռ չկա։ Նրանք այդպիսով իրենց քաղաքական փակուղու մեջ են դնում։ Հիմա դեմ արտահայտվող քաղաքական ուժերից մի քանիսը նախագահական ընտրություններից առաջ խոսում էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, իսկ հիմա իրենց կարծիքը փոխել են»։
|