Եվրամիությունը երեկ հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Եվրոպական հարեւանության քաղաքականության 2014թ. առաջընթացի զեկույցը»։
Հայաստանի վերաբերյալ զեկույցն ընդգծում է 2014թ. հիմնական առանցքային զարգացումներն ու բարեփոխումների ջանքերը, ինչպես նաեւ ներկայացնում է առաջարկներ՝ գալիք տարվա համար։
Ինչպես նշվում է զեկույցում, Եվրամիությունն ու Հայաստանը վերահաստատել են հանձնառությունը՝ զարգացնել եւ ամրապնդել իրենց համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում։ ԵՄ—ն եւ Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են ապագա իրավաբանական համաձայնագրի ուրվագծման աշխատանքները, որը համատեղելի է Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ։ Սա երկու կողմերին հնարավորություն կտա սկսել բանակցությունները Եվրամիություն—Հայաստան նոր լայնածավալ համաձայնագրի շուրջ, երբ համապատասխան մանդատը հաստատվի։
Զեկույցում նշվում է, որ 2014թ. Հայաստանը առաջընթաց է գրանցել մի քանի երկկողմ պայմանագրերում. Եվրամիություն—Հայաստան վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը ուժի մեջ մտան 2014թ. հունվարի 2—ից եւ 2014թ. մարտից Հայաստանը կարող էր մասնակցել ԵՄ—ի ծրագրերին եւ գործակալություններին։
Զեկույցում ասվում է, որ Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման գործընթացը, մասնավորեցնելով սահմանադրական բարեփոխումները։
Մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ իրավունքի գերակայության որոշակի հարցեր դեռեւս մնում են։ Հայաստանը մի շարք ոլորտներում մշակել է օրենսդրություն, որը համահունչ է ԵՄ կանոններին եւ չափանիշներին կամ միջազգային պահանջներին։ Այս օրենսդրությունը դեռեւս պետք է ընդունվի եւ իրականացվի։ Բարեփոխումներ մշակվել են, սակայն գործնականում չեն կիրառվել։ Դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայությունը շարունակվում է պահպանվել։ Կոռուպցիայի դեմ պայքարը մնում է առանցքային հարց։ Առաջընթաց է գրանցվել անվճար իրավաբանական օգնության իրավունքի հետ կապված։
Հայաստանը շարունակում է իրականացնել առողջ մակրոտնտեսական քաղաքականություն, ինչպիսին են աղքատության կրճատման եւ սոցիալական համերաշխության հետ կապված։ Տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել 2014թ.։ Հարկային վարչարարության բարեփոխումները շարունակվել են։ Ցանկալի է առավել մեծ ջանքեր՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը։
Եվրոպական հանձնաժողովը ստացել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանի սթրես—թեստը։ Թեստը կվերանայվի 2015թ.։ Այս ընթացակարգը համահունչ է ԵՄ միջուկային անվտանգության պահանջներին։
2014թ. լրացավ 1994թ. հրադադարի համաձայնագրի 20—ամյակը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շարունակվող փակուղային ֆոնի վրա։ Անվտանգության իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգության առարկա լինել՝ 1994 թվականից ի վեր աննախադեպ միջադեպերի եւ զոհերի, ինչպես նաեւ առճակատման հռետորաբանության ու շարունակվող սպառազինությունների մրցավազքի պայմաններում։
Եվրամիությունը, հիմք ընդունելով առաջընթացի զեկույցը, Հայաստանին առաջարկում է մի շարք քայլեր գալիք տարվա համար։
|