ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 13:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 8 » Ինտեգրման արդյունավետ բանաձեւեր /ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ ԵՄ խորհրդաժողովում/
11:52
Ինտեգրման արդյունավետ բանաձեւեր /ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ ԵՄ խորհրդաժողովում/

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուսում՝ Լիտվայի խորհրդարանի շենքում, մասնակցեց Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված էին նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով՝ «Միջխորհրդարանական համագործակցությունը Արեւելյան գործընկերության երկրների հետ» թեմայով։
Դիմելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Վերջին տասնամյակների ընթացքում էապես աճել է ազգային խորհրդարանների դերը ամբողջ աշխարհում՝ ներդաշնակորեն փոխլրացնելով ավանդական դիվանագիտությունը։ Մենք գնահատում ենք խորհրդարանական ձեւաչափով հանդիպումների յուրաքանչյուր հնարավորություն։ Ուրախ եմ, որ մեզ՝ որպես Արեւելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչների, հնարավորություն ընձեռվեց համատեղ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ մեր առջեւ ծագած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր։
Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկեր երկրների միջեւ ընդլայնվող կապերի շնորհիվ լայն հնարավորություններ են ստեղծվել նաեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացման եւ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար։ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը՝ Եվրանեսթը, մեծապես նպաստել է Եվրոպական խորհրդարանի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության խորացմանը։ Ձեզ հայտնի է, որ հայկական կողմն առաջիններից է ողջունել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը եւ ի սկզբանե այն դիտարկել որպես փոխվստահության մթնոլորտի ձեւավորման ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատման լավ հարթակ։
Հարգելի գործընկերներ,
Ինչպես դուք տեղյակ եք, Հայաստանը, առաջնորդվելով իր մի շարք կենսական նշանակություն ունեցող շահերով, հայտարարել է Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին։ Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում։ Մենք հանձնառու ենք շարունակել Հայաստան—ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային եւ լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։
Հայաստանի Հանրապետությունը անգնահատելի փորձ է ձեռք բերել Եվրոպական միության հետ բովանդակային քննարկումների ընթացքում, որը հիմք է հանդիսանում մեր հետագա համագործակցության համար։ Մենք ձգտելու ենք համատեղելի համագործակցության արդյունավետ բանաձեւեր գտնել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ։ Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը, հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում։
2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի ընթացքում ընդունված Հայաստան—ԵՄ համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում։ Ինչպես արձանագրված է համատեղ հայտարարությունում՝ կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության, ինչպես նաեւ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի նորացման շուրջ։ Առաջիկայում աշխատանքներ են նախատեսվում Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձեւավորման ուղղությամբ։ 
Հարգելի բարեկամներ,
Համոզված եմ, որ խորհրդարանական փոխգործակցությունն իր ուրույն դերն ունի նաեւ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, գործընկերների դիրքորոշումներն ու մոտեցումներն ավելի հստակ ընկալելի դարձնելու հարցում։ Դժբախտաբար, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են պատրաստակամ լիարժեք ներգրավվածություն ունենալ Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակներում։
Արեւելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային կարեւորություն ունի։ Միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները եւ պետք է խուսափել դրանց կարգավորման նպատակով մեկ ընդհանրական բանաձեւի կիրառումից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարություններում։
Հարգելի գործընկերներ,
Վերջին շրջանում ականատես ենք լինում Արեւելյան գործընկեր երկրներից մեկում՝ Հայաստանի բարեկամ Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին։ Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության եւ բազմադարյա բարեկամության ամուր կապերը։ Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները։
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին համոզմունքս հայտնել առ այն, որ մենք՝ խորհրդարանականներս, հատուկ պատասխանատվություն ենք կրում մեր ժողովուրդների միջեւ երկխոսության եւ բարեկամության ամրապնդման համար։ Մենք պետք է ձգտենք ավելի լավ հասկանալ յուրաքանչյուրիս շահերն ու մտահոգությունները, բաց եւ ազնիվ երկխոսության միջոցով զարգացնենք համագործակցությունը, որի հիմքում պետք է լինի արժեքների ընդհանրությունը եւ դրանց վրա հիմնված մեր ապագայի տեսլականը։ 
Միաժամանակ ողջունում եմ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի որոշումը՝ վեհաժողովի հերթական լիագումար նիստը Երեւանում անցկացնելու վերաբերյալ։ Վստահ եմ, որ երեւանյան հանդիպումը նոր կարեւոր հանգրվան կհանդիսանա Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական համագործակցությունը խթանելու համար»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 532 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024