ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 05:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 1 » Իրանի սպասելիքները ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից /Փորձագիտական շրջանակների գնահատականները դրական են/
09:54
Իրանի սպասելիքները ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից /Փորձագիտական շրջանակների գնահատականները դրական են/

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հրավերով այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան բազմանդամ պատվիրակության ուղեկցությամբ։
Ինչպես նշել են իրանական ԶԼՄ—ները՝ նա ելույթ է ունենալու՝ ներկայացնելով Իրանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները ԵԱՏՄ—ի հետ համագործակցելու առումով։ Ռոհանին այցի ընթացքում հանդիպելու է ՀՀ վարչապետի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյանների հետ։ Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ համատեղ նախագծերի ու համաձայնությունների իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր։ Ըստ IRNA գործակալության՝ Իրանի նախագահը հանդիպումներ է ունենալու նաեւ ԵԱՏՄ անդամ որոշ երկրների նախագահների հետ։ Նշենք, որ Իրան—ԵԱՏՄ տնտեսական ազատ գոտիներ ստեղծելու եւ ազատ առեւտրի եռամյա համաձայնություն է կնքվել, որը հաստատվել է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի խորհրդարաններում։ Ռոհանին դեռեւս հուլիսի 10—ին ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հույս էր հայտնել, որ նշյալ համաձայնագիրը կնպաստի Իրանի եւ ԵԱՏՄ—ի առեւտրատնտեսական փոխհարաբերությունների ակտիվացմանն ու ծաղկմանը։ Հատկանշական է, որ այդ փոխհարաբերությունների ծավալը Իրանի արտաքին առեւտրատնտեսական փոխհարաբերություններում զգալի չէ, իրանական աղբյուրների տվյալներով 2018թ. սկզբին, ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի միջեւ այն կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար, ընդ որում՝ Իրանի արտահանությունը 670 միլիոն դոլար է։
Հաշվի առնելով այս թեմայով իրանական ԶԼՄ—ների հրապարակումների առավելապես դրական վերաբերունքը, կարելի է ասել, որ իրանցիները հույսով են, որ հիշյալ համաձայնությունը իրանական ապրանքների արտահանման եւ միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն կստեղծի, ինչը խիստ անհրաժեշտ է այդ երկրին։ Ակներեւ է, որ ներկա դրությամբ ԱՄՆ—ի կիրառած եւ օր օրի խստացող սահմանափակումների հետեւանքով Իրանի տնտեսությունը հայտնվել է գերծանր իրավիճակում, եթե չասենք կաթվածահար է դարձել։ Ահա թե ինչու է Իրանը խիստ կարեւորում Իրան—ԵԱՏՄ փոխհարաբերությունների ընդլայնումը։ Իրանի առեւտրի պալատի տնօրեն Ղոլամռեզա Շաաֆին, ԵԱՏՄ—ի հետ այդ երկրի փոխհարաբերությունների ընդլայնումը կարեւորելով, այն գնահատել է որպես ռազմավարական այլընտրանքային տարբերակ, միաժամանակ հավելել, որ դրանում առավելապես շահագրգիռ է Իրանի մասնավոր հատվածը։ Նա նշել է նաեւ, որ Իրան—5+1—ի համաձայնությունից ԱՄՆ—ի հեռանալուց հետո Իրանը վերջինիս կողմից ենթարկվել է տնտեսական ամենախիստ ու ամենադաժան ճնշումների, ուստի ձգտում է ձեւավորվող աշխարհակարգում տնտեսական փոխհարաբերություններ հաստատել Արեւմուտքի ազդեցությունից դուրս գտնվող կառույցների ու երկրների հետ՝ շեշտելով, որ այս համատեքստում կարեւոր դեր կարող է ունենալ ԵԱՏՄ—ն՝ առեւտրատնտեսական փոխհարաբերություններում արտոնյալ մաքսատուրքերի պայմաններում։ Շաաֆին հայտնել է, որ Իրանի արտաքին առեւտրի հարցում տարածաշրջանի երկրների հետ փոխառնչություններում վարած քաղաքականությունն անարդյունավետ չի եղել, ուստի, դասեր քաղելով իր իսկ փորձից, հաշվի առնելով նաեւ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ստեղծված պայմանները, լուրջ ջանքեր է գործադրելու ԵԱՏՄ—ի հետ կապերը սերտացնելու ուղղությամբ։
Թերեւս հենց այս համատեքստում պետք է մեկնաբանել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվացման հարցում իրանական կողմի շահագրգռությունը, ինչը նախկինում նկատելի չէր։ Ըստ երեւույթին, հենց այս հանգամանքով է պայմանավորված նաեւ իրանական ԶԼՄ—ների ցուցաբերած հետաքրքրությունը ԵԱՏՄ—ի երեւանյան գագաթնաժողովի եւ Ռոհանիի հայաստանյան այցի նկատմամբ։ Բայց եւ այնպես հարկ է նշել, որ ԵԱՏՄ—ի հետ փոխհարաբերությունների ընդլայնման հարցում տեսակետները տարբեր են՝ ողջունելի, զգուշավոր, նաեւ հոռետեսական, մինչդեռ պաշտոնականը հիմնականում դրական է։ Այս առնչությամբ հատկանշական են Վալի Քուզեքյար Քոլեջիի տեսակետները, որոնք տեղ են գտել IRNA պաշտոնական գործակալությանը տված հարցազրույցում՝ նախագահ Ռոհանիի հայաստանյան այցի առիթով։ Այլ կերպ ասած՝ նրա տեսակետները, եթե ոչ ամբողջությամբ, ապա գլխավորապես համընկնում են պաշտոնական տեսակետներին։ Քոլեջին Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի հարցերով Իրանի թերեւս առավել հայտնի փորձագետներից է, նաեւ Իրան—Եվրասիա հետազոտական կենտրոնի գիտխորհրդի անդամ։ Նա շեշտել է, որ ԵԱՏՄ—ի հետ ազատ առեւտրի համաձայնության հաջող իրականացումը խիստ կարեւոր է, սակայն պետք է իրականացվի ազգային լայնածավալ համաձայնեցվածության պայմաններում՝ սկսած Կենտրոնական բանկից մինչեւ հարկային ու մաքսային կառույցներ, ազատ տնտեսական գոտիներ, տրանսպորտի նախարարություն եւ այլ կառույցներ։ Հարցազրույցում ԵԱՏՄ—ի հետ համագործակցությունը կարեւորվել է նաեւ որպես Իրանի առաջին փորձը տարածաշրջանային տնտեսական կազմակերպության հետ համագործակցելու առումով, քանի որ եթե հաջողությամբ կյանքի կոչվի, ապա կարելի է նման համաձայնություն ստորագրել նաեւ այլ կազմակերպությունների ու երկրների հետ։ Քոլեջին հավելել է, որ ԵԱՏՄ—Իրան ազատ առեւտրի եռամյա համաձայնությունը կյանքի է կոչվելու ընթացիկ տարվա հոկտեմբերի 27—ից, որի շրջանակներում կազմակերպության 500, իսկ իրանական 350 անուն ապրանք շրջանառվելու է մաքսատուրքի արտոնյալ սակագներով։ Նա կարեւորել է ԵԱՏՄ—ի հետ Իրանի ազատ առեւտրի համաձայնությունը, միաժամանակ նախազգուշացրել, որ չպետք է դրա նշանակության հարցում չափազացությունների գիրկն ընկնել, քանի որ տնտեսական խիստ սահմանափակումների մեջ հայտնված երկրի համար այն կարող է շնչելու ուղի հարթել, բայց ի զորու չէ խնդիրները լուծել։ Ըստ պայմանավորվածության՝ եթե համաձայնությունն իրականացվի հաջողությամբ ու լուրջ ձեռքբերումներ արձանագրի, ապա այն կդառնա մշտական, ինչը, Քոլեջիի կարծիքով, կնպաստի նաեւ Իրանի անդամակցությանը Շանհայի համաձայնագրի մշտական անդամ դառնալուն, ինչին Իրանը ավելի շատ է հակված։

 

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 270 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024